«Դուստր Մելանյա» ընկերությունը, որը զբաղվում է պանիրների արտադրությամբ, այս օրերին ռուբլու արժեզրկման պատճառով մեծ վնասներ է կրում: Այս ընկերությունն իր արտադրանքը Ռուսաստանի Դաշնությունում դեռ չի թանկացրել, բայց այդ հեռանկարն անխուսափելի է:
Այս եւ մյուս տեղական արտադրողներին ռուսական շուկան փաստի առաջ է կանգնեցրել: Եթե մինչեւ հիմա ապրանքներն անկանոն խմբաքանակով էին արտահանվում դեպի ՌԴ, ապա հիմա ռուսական շուկան կոնկրետ խնդիր է դրել նրանց առաջ: Հիմա առաջ է եկել ապրանքային տեսքով հայկական արտադրանքը ռուսական շուկա հանելու խնդիրը: Իհարկե, ԵՏՄ շրջանակներում գործընկերության ընդլայնումը միմիայն գովելի է, քանի որ ավելի կխստանա ոչ միայն արտադրանքի որակի, այլեւ տեսքն ապահովելու հարցը: Այլ բան է, թե դա որքանով կբարձրացնի ապրանքի ինքնարժեքը: Չէ որ որակյալ ապրանքն ավելի բարձր ինքնարժեք է ունենում:
Բացի այդ՝ հայ արտադրողի համար հավելյալ ծախսեր կարժենա նաեւ ապրանքային տեսք կոչվածը: Չէ որ գեղեցիկ, ամուր, գրավիչ փաթեթավորումը փող արժի: Սակայն հակառակ լավատեսությանը՝ օդից կախված է մնում հարցերի հարցը՝ ի՞նչ ընդունելություն կգտնի հայկական արտադրանքի «լայնամաստշաբ գրոհը» ռուսական շուկայում:
Բայց որքան էլ լավատես լինենք, այնուամենայնիվ, եկեք ընդունենք, որ ռուսաստանցի սպառողին անծանոթ է հայկական արտադրանքի տեսականին: Հայկական կողմի մրցունակ արտադրանք ունենալու մասին հավաստիացումները դեռ պետք է ռուս սպառողի համարժեք գնահատականին արժանանան: Խնդիր, որի լուծումը լուրջ ջանքեր է պահանջում:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց պանրի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մելանյա» ընկերության պետ Ասատուր Հարությունյանի հետ:
-Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Ձեր ընկերությունն ի՞նչ խնդիրներ կունենա:
-Մենք շուրջ 15 տարի է, ինչ մեր արտադրանքն արտահանում ենք Ռուսաստանի Դաշնություն: Նշեմ, որ Հայաստանում առանձնապես մեծ մրցակցություն չկա պանիրների արտահանման բնագավառում: Բացի այս՝ պանրի արտահանումով Հայաստանում զբաղվում են ոչ մեծ քանակությամբ ընկերություններ: Հիմնական խնդիրն այն է, որ նույնատիպ ապրանք արտահանողները ռուսական շուկայում մրցակցության առումով բարեխիղճ աշխատեն:
-Արտահանման ընթացքում ռուբլու արժեզրկումն ի՞նչ ազդեցություն է ունենում ընկերության գործունեության վրա:
-Վերջին ամիսների տվյալներով, իհարկե, դա խնդիրներ է առաջացրել, ինչի արդյունքում մեր ձեռնարկությունն արտահանման առումով որոշակի վնասներ է կրում: Հուսով ենք, որ առաջիկայում նույն ԵՏՄ-ի շրջանակներում այս խնդիրը եւս կկարգավորվի:
-Ձեր արտադրանքը միայն ՌԴ է՞ արտահանվում:
-Այո՛, միայն ՌԴ:
-Վերջին օրերին կաթնամթերքի շուկայում թանկացումներ են արձանագրվել: Ներքին շուկայում կթանկանա՞ Ձեր արտադրանքը:
-Վստահեցնում եմ, որ պանրի շուկայում գնային փոփոխություններ այս պահի դրությամբ տեղի չեն ունենում: Քանի որ Հայաստանում արտադրված պանրի քանակությունը բավարարում է ներքին շուկայի պահանջարկը:
-Իսկ ռուսական շուկայում չե՞ք փորձում թանկացնել:
-ՌԴ-ի դեմ գործող սանկցիաների կիրառման պատճառով ռուսական շուկայում պանրի նկատմամբ պահանջարկը բարձրացել է: Հիմա ռուսական շուկայում պանրի առումով որոշակի բաց կա: Բայց մյուս կողմից Հայաստանի արտադրությունն իր ծավալներով բավականին փոքր է, եւ մեզ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի ռուսական շուկայում կարողանանք հաստատվել: Այս ընթացքում մենք հանդիպումներ ենք ունեցել ռուսաստանցի գործարարների հետ, ովքեր մեզ առաջարկում են մեր արտադրանքը համապատասխանեցնել ավելի շատ եվրոպական արտադրության պանիրների հետ՝ քիչ աղի պարունակությամբ եւ սննդի անվտանգության բարձր չափանիշներով:
-Եւ դրանք ապահովելու համար Ձեր ձեռնարկությունն անհրաժեշտ սարքավորումներով ապահովվա՞ծ է:
-Ո՛չ: Մեր ձեռնարկությունը կոնկրետ համապատասխանում է սննդի անվտանգության չափանիշներին, սերտիֆիկացված ձեռնարկություն է: Բայց անհրաժեշտ տեխնոլոգիա այս պահին չունենք: Պատրաստ չենք:
զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ