ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Արամի փողոցում

Նորանշանակ վարչապետի մասին մարդիկ արդեն վերաբերմունք են արտահայտում նաեւ պատերին նկարելով: Երեկ մայրաքաղաքի փողոցներից մեկում արված գծանկարը թերեւս ամեն ինչ ասում է: Դրա հեղինակը ոչինչ չի ավելացրել՝ վստահ լինելով, որ իր աշխատանքը մեկնաբանությունների կարիք չունի:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգի ներդրմամբ հին անձնագրերն արդյոք մնո՞ւմ են գործողության մեջ: Եվ խնդրում եմ ասեք՝ նույնականացման քարտ եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալը պարտադիր բնո՞ւյթ է կրում:

Վիկտորյա Ստեփանյան (29 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգի ներդրմամբ հին անձնագրերը շարունակում են մնալ գործողության մեջ: Ինչ վերաբերում է պարտադիր բնույթ կրելուն, ապա հայտնում ենք, որ նույնականացման քարտ եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալը քաղաքացու իրավունքն է, այլ ոչ՝ պարտականությունը: Նույնականացման քարտը տրամադրվում է 16 տարին լրանալուց հետո, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը՝ անկախ տարիքից:

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե լավ է, որ ո՛չ նույնականացման քարտը, եւ ո՛չ էլ կենսափաչափական տվյալներ պարունակող անձնագիրը պարտադիր չէ: Հուսանք, որ հետագայում օրենքը փոփոխությունների չի ենթարկվի եւ դժգոհությունների տեղիք չի տա:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ տարեկան ի՞նչ դրույքաչափերով է հաշվարկվում գույքահարկը շենքերի, շինությունների համար:

Ավետիս Ռուբինյան (53 տարեկան, ինժեներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ շինությունների համար գույքահարկը հաշվարկվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով՝
1) հասարակական եւ արտադրական նշանակության շինությունների համար՝ հարկման բազայի 0.3 տոկոսը.
2) բնակելի տների, այգետնակների, բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ եւ այլն) համար՝
Մինչեւ 3 մլն դրամը ներառյալ` հարկման բազայի 0 տոկոսը,
3 մլն դրամից մինչեւ 10 մլն դրամը ներառյալ` 100 դրամ՝ գումարած հարկման բազայի 3 մլն դրամը գերազանցող մասի 0.1 տոկոսը,
10 մլն դրամից մինչեւ 20 մլն դրամը ներառյալ` 7100 դրամ՝ գումարած հարկման բազայի 10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը,
20 մլն դրամից մինչեւ 30 մլն դրամը ներառյալ` 27100 դրամ՝ գումարած հարկման բազայի 20 մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը,
30 մլն դրամից մինչեւ 40 մլն դրամը ներառյալ` 67100 դրամ՝ գումարած հարկման բազայի 30 մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը,
40 մլն դրամից ավելի` 127100 դրամ՝ գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը,
3) ավտոտնակների համար՝ հարկման բազայի 0,2 տոկոսը:

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2002 թվականին, որի համաձայն՝ շենքերի, շինությունների կադաստրային գնահատությունն իրականացվում է երեք տարին մեկ անգամ՝ հաջորդ երեք տարիների գույքահարկի հաշվարկման համար:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ԱՁ գրանցվելու համար կոնկրետ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Եվ խնդրում եմ ասեք՝ կազմակերպությունները պետական գրանցում ստանալուց հետո պե՞տք է դիմեն հարկային մարմին հաշվառման համար, թե՞ դրա անհրաժեշտությունը չկա:

Հասմիկ Մուրադյան (39 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Մուրադյանի հարցին ի պատասխան հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց պետական գրանցումը (հաշվառումը) իրականացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» եւ «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթների համաձայն: Իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարը գրանցվող իրավաբանական անձին շնորհում է պետական գրանցման համարը եւ միաժամանակ գրանցման վայրի հարկային մարմնի կողմից տրամադրած հարկային հաշվառման համարը (ՀՎՀՀ):
Տրամադրվեց տեղեկատվություն՝ ԱՁ գրանցվելու համար անհրաժեշտ է՝ հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրման համար դիմում, անձնագրի եւ սոցիալական քարտի պատճեները, գունավոր լուսանկար 3×4 չափի, պետական տուրքի անդորրագիր:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված են ԱՁ գրանցելու կետերը: Միայն ավելացնենք, որ անհատ ձեռնարկատերն օրենքով սահմանված կարգով վճարում է համապատասխան հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարներ:




Լրահոս