«ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿ»-Ն ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՈՐԵՎԷ ՊԼԱՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրաշալի քառյակ»-ի հետագա ճակատագիրը հետզհետե ավելի անորոշ է դառնում: Ի սկզբանե ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու նպատակով միավորված ԱԺ ոչ իշխանական չորս ուժերին կարճ ժամանակահատվածում մեկը մյուսի հետեւից իշխանության կողմից մատուցվեցին այնպիսի անակնկալներ, որոնց քաղաքական հետեւանքները Քառյակը կարծես թե դեռ չի կարողանում ճշգրիտ ընկալել եւ վերակազմակերպել իր անելիքները: Խոսքը ՍԴ որոշման, եւ հատկապես` Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին է: Մի քանի օրվա տարբերությամբ իրավիճակի կտրուկ փոփոխությանը հանգեցրած այս քայլերով Սերժ Սարգսյանն, ըստ էության, կաթվածահար արեց «հրաշալի քառյակ»-ի տակտիկական ողջ զինանոցը: Եվ այսօր անհասկանալի է, թե ինչ միասնական նպատակի համար են պայքարում Աժ չորս ուժերը, եւ կամ` արդյոք դեռեւս կա միասնական նպատակ:

Նախ՝ վերհիշենք, թե ինչպես էին ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը տեւական ժամանակ տարբեր ձեւաչափերով քննարկում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Մի քանի ամիս շարունակ Քառյակը չէր կարողանում կողմնորոշվել` արդյո՞ք ճիշտ է պահանջել ՀՀ կառավարության հրաժարականը, թե՞ հնարավոր է` չկարողանան համապատասխան փաստեր ներկայացնել ու իրենց պահանջն ի վերջո ինքնանպատակ լինի:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը մինչեւ վերջին վայրկյանը ձգձգելուց եւ հասկանալուց հետո, որ հետ կանգնելու դեպքում կարող են լրջորեն վտանգել իրենց քաղաքական վարկանիշը, Քառյակը, ի վերջո, համարձակություն դրսեւորեց եւ հայտարարեց, որ իրենք 4 ուժերով քննարկել են ու որոշել պահանջել կառավարության հրաժարականը: Քառյակը հայտարարեց, որ սկսելու են ԱԺ-ում ստորագրություններ հավաքել, որպեսզի ապրիլի 28-ին կայանալիք ԱԺ նիստի ժամանակ անվստահություն հայտնեն հայրենի կառավարությանը:
Իսկ արդեն մարտի 18-ին ԱԺ ՀԱԿ խմբակցությունում Քառյակի անցկացրած հանդիպումից հետո հայտարարվեց, որ 4 ուժերը ոչ միայն համաձայնության են եկել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի ժամկետի հարցում, այլեւ որոշել են համատեղ շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել: Այդպիսով` Քառյակը փորձելու էր ճնշում բանեցնել ինչպես ԱԺ ամբիոնից, այնպես էլ Ազատության հրապարակից, որտեղ ապրիլի 28-30-ն ընկած ժամանակահատվածում, լինելու էին շուրջօրյա հանրահավաքները: Իսկ դրան զուգահեռ ընթանալու էր ԱԺ քառօրյա նիստը, որի ժամանակ 4 ուժերը պահանջելու էին կառավարությանն անվստահություն հայտնել:
Այս ընթացքում հանրապետականներն ամեն կերպ փորձում էին ցույց տալ, որ Քառյակի աննախադեպ կոնսոլիդացիան իրենց որեւէ կերպ չի մտահոգում, այն դեպքում, երբ իրականում բավականին անհանգստացած էին: Աժ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն անգամ կառավարության հրաժարականի մասին խոսողներին խորհուրդ էր տալիս մեկ բաժակ սառը ջուր խմել եւ հանգստանալ. «Մենք դրական ենք վերաբերվում կոնսոլիդացիային, համախմբմանը, մենք ողջունում ենք, ինչո՞ւ պետք է խանգարենք: ՀՀԿ-ն երբեք չի գնում իր քաղաքական ընդդիմախոսներին խանգարելու ճանապարհով, մենք ուրախ կլինենք, որ մեր երկրում ձեւավորվի առողջ, գաղափարական կառուցողական ընդդիմություն»,- համոզում էր Շարմազանովը: Սակայն ՀՀԿ-ն չկատարեց իր խոստումը ու «խանգարեց» Աժ 4 ոչ իշխանական ուժերին:
Ավելի ճիշտ՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը որոշեց ԱԺ 4 ոչ իշխանական ուժերից «առաջ ընկնել» ու պաշտոնանկ անել վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նրա գլխավորած կառավարությանը՝ այդպիսով Քառյակին դնելով անհարմար դրության մեջ: Ստացվեց, որ այն, ինչի համար իրենք ցանկանում էին պայքարել, իրագործեց Սերժ Սարգսյանը` այդպիսով, ըստ էության, Քառյակին զրկելով իրենց պայքարի բուն առարկայից եւ պայքարելու հնարավորությունից:
Արդյունքում՝ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերին այլ բան չմնաց, քան հայտարարել, որ հենց իրենց պայքարի շնորհիվ է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տվեց, ինչից հետո իրենք պետք է փուլային տարբերակով հասնեն նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Բայց արի ու տես, որ Քառյակի ոչ բոլոր ուժերը նման պահանջ ունեն: ԱԺ ԲՀԿ խմբակցությունը մինչ օրս չի հայտարարել, որ իրենք այսուհետ պահանջելու են Ս. Սարգսյանի հարաժարականը, ավելին` ԲՀԿ գործարար մասն ամեն անգամ հայտարարում է, որ իրենք նման պահանջ չունեն:
Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին ոչինչ չի ասում նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:
Միայն Հայ Ազգային Կոնգրեսը Քառյակի հետագա գործունեության հետ կապված նախօրեին հայտարարություն տարածեց, որտեղ նշված էր. «Հայ Ազգային Կոնգրեսը վերահաստատում է իր պատրաստակամությունն ու վճռականությունը՝ շարունակելու այդ ձեւաչափով իշխանափոխությանն ուղղված միասնական ջանքերը եւ արդյունավետ համագործակցությունը»։
Այսպիսով` առաջիկայում ի՞նչ է անելու Քառյակը, որն է լինելու ԱԺ 4 ոչ իշխանական ուժերի միասնական պահանջը, եւ արդյոք ապրիլի 28-ին խոստացված հանրահավաքները կանցկացվե՞ն. այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Քառյակի անդամներից: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ Քառյակն այսօր նիստ է անելու ու հստակեցնելու է իր անելիքները: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը եւս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ «այժմ որեւէ բան չեն կարող ասել, մինչեւ նիստում անելիքները չքննարկեն»: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այդ կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ին ասաց. «Ընդհանուր առմամբ այսպես ասեմ. եթե հարցը հնչում է համագործակցության առումով, չեմ կարծում՝ վարանելու որեւէ խնդիր կա այդտեղ»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԲԱՇԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՅՈԼԱ ԵՆ ԳՆՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Բաշգյուղ համայնքում արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցը չի գործում: Պատճառը՝ աշակերտների թվի նվազելն է: Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Բաշգյուղի համայնքապետ Վոլոդյա Մովսիսյանի հետ:

-Ինչո՞վ են զբաղվում բնակիչները: Եկամտի ի՞նչ աղբյուր ունեն:
-Դե, սովորական իրենց տնային գործերով: Հիմնականում անասնապահությամբ են զբաղվում: Ինչ եկամուտի մասին է խոսքը, էնքան որ իրենց գոյությունը պահպանում են: Յոլա են գնում:
-Քանի՞ բնակիչ է ապրում Բաշգյուղում:
-12 ընտանիք է ապրում, 62 մարդ:
-Ձեր գյուղում ի՞նչ խնդիրներ կան:
-Խմելու ջուրը սակավ է: Աշխատատեղ չկա, մարդիկ հազիվ կարողանում են գոյություն պահպանել:
-Ցանքսով չե՞ն զբաղվում:
-Չէ, էս տասը տարի է, ինչ ցորեն, գարի չեն ցանում մարդիկ: Համապատասխան տեխնիկա չունենք: Բացի այդ, անջրդի են հողերը: Կարճ ասած՝ ոչ թե ապրում են մարդիկ, այլ յոլա են գնում:
-Պարոն Մովսիսյան, ի՞նչն է պատճառը, որ բնակչության թիվը նվազել է:
-Գնացել են, տեղափոխվել են: Գյուղատնտեսությամբ չեն կարողանում զբաղվել, այն եկամտաբեր չէ: Բայց միակ պատճառը աշխատատեղ չլինելն է: Իսկ գյուղապետի եկամուտներն էլ շատ քիչ են: Մեր համայնքապետարանի բյուջեն կազմում է 700 հազար դրամ: Եթե պետության տված դոտացիան չլինի, էս գյուղապետարանն ընդհանրապես չի կարող գործել:
-Գյուղում երիտասարդ ընտանիքներ ապրո՞ւմ են:
-Միայն ծերացող ընտանիքներ են: Տասը երիտասարդ տղա ունենք, որ հիմա Ռուսաստանի Դաշնությունում են: Չունենք երիտասարդ:
-Իսկ գյուղում դպրոց կա՞:
-Նախկինում տարրական դպրոց ունեինք, բայց այն փակվեց, քանի որ աշակերտների թիվը կտրուկ նվազեց:
-Հիմա աշակերտ ունե՞ք:
-Երեք աշակերտ ունենք, ովքեր հաճախում են հարեւան՝ Փոքր Սարիարի դպրոց: Առաջին դասարանի մի աշակերտ էլ ունենք, ով այս տարի է գնալու դպրոց:
-Պարոն Մովսիսյան, Բաշգյուղում վերջին անգամ երեխա ե՞րբ է ծնվել:
-Երկու տարի առաջ:
-Երիտասարդները չե՞ն ամուսնանում:
-Չէ, ներկայումս տասը երիտասարդ տղա ունենք, որոնք ՌԴ-ում են: Չեն ամուսնանում: Ասում են՝ աշխատանք չկա, որ մեր գլուխը պահենք, բա հարսներինը ոնց պահենք (ծիծաղում է-Ս.Հ.):
-Դուք չե՞ք մտածում հրաժարական տալու մասին:
-Եթե հրաժարվեմ, ինչ պետք է անեմ, կամ մյուսը եկավ՝ ի՞նչ պետք է անի որ: Խոսակցություններ կան այն մասին, որ գյուղերը պետք է խոշորացվեն, միանան իրար: Սպասում ենք: Տեսնենք, թե ինչ կստացվի:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՄԱՐԶԵՐ

ՔԱՆԻ ՀՈԳԻ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ
Օրերս Իջեւանի ավագ դպրոցում նշել են 12-րդ դասարանի երկու պատանիների՝ Ռուսաստանի բուհեր ընդունվելը: Տղաներից մեկն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարան, մյուսը՝ Ռուսաստանի այլ քաղաքներից մեկի բուհ: Իջեւանի ավագ դպրոցի տնօրեն Արմեն Խոջայանին հարցրինք, թե ուսումնական տարին չի ավարտվել, այդ տղաները դեռ միջնակարգ կրթություն չեն ստացել, ինչպե՞ս են ընդունվել բուհ: Նա ասաց, որ տղաները Երեւանում հարցազրույց են անցել եւ քննություններ հանձնել. նրանք սեպտեմբերից են Ռուսաստանում ուսանելու: Ա.Խոջայանի տեղեկություններով՝ Հայաստանից շուրջ 200 շրջանավարտ հայ-ռուսական միջպետական պայմանագրով սովորելու է Ռուսաստանի բուհերում, երիտասարդներին այդ ընթացքում տրվելու է ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում, ուսումնառության ավարտից հետո նրանք վերադառնալու են Հայաստան՝ բանակում ծառայելու: Հարց է ծագում՝ 5 տարվա ընթացքում նրանցից քանի՞սն է ընդունելու Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն եւ հետո քանիսն է վերադառնալու Հայաստան:

 

«ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ» 7 ԱՄԻՍ ԱՆՑ
Դիլիջան քաղաքի բնակչուհի, 1996թ. ծնված աղջիկը մեղադրվում է այն բանում,որ նա 2013թ. նոյեմբերի 15-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում կատարել է սուտ մատնություն. գիտակցաբար տրամադրել է կեղծ տեղեկատվություն, որ իր ծանոթ, համաքաղաքացի Գ. Ս.-ն 2013թ. ապրիլի 28-ին Երեւան քաղաքի Դավիթաշեն թաղամասի «ԷՍ ՎԵ» հյուրանոցային համալիրում բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Անչափահաս աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Սուտ մատնությունը,որ զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 5 տարի ազատազրկում: Աղջկա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը: Այս գործով դատավարության երկրորդ նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կկայանա ապրիլի 18-ին: Աղջիկը ընդունել է իր մեղքը եւ դատարանին միջնորդել, որ անցկացվի արագացված դատաքննություն: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանն այդ միջնորդությունը բավարարել է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս