ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունը համոզված է, որ հարկավոր է արթնացնել ժողովրդի արիական ոգին, որ նա իրեն հպարտ զգա հայ լինելու համար, մինչդեռ դարեր շարունակ (ու նաեւ այսօր) կոտրում են այդ ոգին։
-Օրինակ՝ մեր եկեղեցին դարեր շարունակ իրենից հեռացրել է մեր ժողովրդին՝ համարելով, որ ով կնքված չէ, ուրեմն հայ չէ։ Բայց դա ի՞նչ կապ ունի։ Ես կարող է մուսուլման լինեմ, բայց շատ լավ հայ։ Ինձ համար կրոնը նշանակություն չունի, կարեւորն այն է, որ մարդն իրեն հայ զգա իր ապրելակերպով, ապրի հայավարի։ Իհարկե, շատ ցանկալի է, որ անպայման մայրենի լեզուն իմանա, բայց կարող է նաեւ այնպես լինել, որ լեզուն չիմանա, բայց էլի շատ լավ, ոգով հայ լինի։
-Ըստ Ձեզ՝ հենց այդ նույն օտարված, իրենց ակունքները մոռացած հայերի ոգին արթնացնելու համար ինչպե՞ս պետք է նշվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցը։
-Ես համարում եմ, որ մենք եկող տարի ոչ թե Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պետք է նշենք, այլ պիտի նշենք, տոնենք մեր միացյալ հայրենիքի ծնունդը։ Ասենք, բարձրաձայնենք, որ նպատակային գնում ենք այդ տոնին։ Օրինակ՝ մի քանի ամիս առաջ ո՞վ կարող էր նույնիսկ ենթադրել, որ հզոր Ուկրաինան այս օրն է ընկնելու, բզկտվելու է։ Եվ նույնկերպ ոչ ոք չի կարող ասել, թե երեք ամիս հետո Թուրքիան 100 մասի չի՞ բաժանվելու։ Չգիտեմ՝ երե՞ք, հի՞նգ, թե՞ տասն ամսից է բաժանվելու, բայց հաստատ համոզված եմ, որ շատ մոտ ժամանակներս բաժանվելու է։ Եվ մեր ժողովուրդը, մեր սերունդը, մեր պետությունը պիտի պատրաստ լինեն մեր հողերին տեր կանգնելուն։ Ոչ թե նվաճելուն, այլ պարզապես տեր կանգնելուն, որովհետեւ, եթե Թուրքիան մաս-մաս եղավ, այդ մասերին տեր կանգնելու տերեր են պետք։ Քրդերն իրենց մասը կվերցնեն, մենք՝ մեր, մյուսներն՝ իրենց։ Պետք է կարողանանք ու պատրաստ լինենք ասելու՝ այ, այսքանը մերն է։
-Իսկ երաժշտության, երգարվեստի բնագավառում մեզ մոտ հայկական ոգին արթնացնո՞ւմ, թե՞ հակառակն ենք անում։
-Իհարկե, կան նաեւ ոգին բարձրացնողներ, սակայն դրանք անհատներ են, իսկ հիմնականում հակառակն է արվում։ Մենք շատ հարուստ երգ-երաժշտություն ունենք, որը պահպանել է պետք։ Այս 20-25 տարվա մեջ շատ բան փչացավ, օրինակ՝ մեր խնջույքներն առանց Սայաթ-Նովայի, առանց գուսանների երգերի չէին լինում, իսկ հիմա…
-Բայց ոմանք ասում են, որ նախկինում՝ ԽՍՀՄ-ի օրոք էր ազգայինը ճնշվում։
-Բոլորովին էլ այդպես չէր։ Խորհրդային կարգերի ժամանակ, ինչքան էլ զուլում կար նաեւ, բայց ամեն դեպքում ազգայինն աճեց, պահպանվեց։ Իսկ հիմա ինչպիսի՞, այսպես կոչված, երաժշտության, երգերի տակ ենք ուրախանում, քեֆ-ուրախություն անում։ Կամ մեր հեռուստաընկերություններն ինչե՞ր են ցույց տալիս։ Փառք Վահագնին, որ վերջին ժամանակներս որոշակի փոփոխություն կա։ Իսկ երգ-երաժշտությունը փոխում է մարդուն, ոգի է տալիս, լավ երգը ժողովրդին տանում է իր հետեւից, եւ պատահական չէ, որ թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին, թե՛ ռազմի դաշտում մեզ միշտ երգն է ուղեկցել։
-Ո՞վ պետք է զբաղվի դրանով, շտկի դրությունը։
-Ասեմ՝ Մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի, դուք ինձ կասեք՝ ո՞ւր է, մենք Մշակույթի նախարարություն չունենք։ Ես էլ եմ գտնում, որ չունենք։ Պետականորեն պիտի աջակցեն, ինչը չի արվում։ Մենք համերգներ ենք կազմակերպում, բայց ոչ մեկը մեզ չի օգնում։ Մինչդեռ ամեն ամիս «բարձր հովանու ներքո» դրսից մի քանի խմբեր, երգիչներ են բերում, միլիոններ են ծախսում։ Բայց այդ ամենն ի՞նչ է տալիս մեր ժողովրդին, մեր պետությանը։ Դուք մեզ՝ ազգայինը ներկայացնողներիս, տեր կանգնեք, մենք ենք ազգի ոգին բարձրացնողը, մենք ենք հայ ազգին պետք։ Իսկ այսօր շատ ծանր վիճակում ենք. համերգներ, միջոցառումներ դժվարությամբ ենք կազմակերպում, որովհետեւ չկան հովանավորներ, փող տվող, օգնող չկա, պետականորեն ոչ մի աջակցություն չկա։ Ի դեպ, ապրիլի 22-ին՝ Եղեռնից 2 օր առաջ, «Արամ Խաչատրյան» դահլիճում մեծ համերգ է լինելու իմ խմբի եւ տարբեր կատարողների մասնակցությամբ, բայց այն կապ չունի ցեղասպանության հետ։ Հնչելու են միայն իմ երգերը։ Այն կրելու է «Մենք բոլորս պահանջատեր ենք» խորագիրը։
«ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ»-Ը ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ
Բոլորովին վերջերս՝ մարտի 19-22-ը, Երեւանում անցկացվեց Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը, որը նվիրված էր անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնին մասնակցեցին նաեւ Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները` տասը երկրներից։
Փառատոնի օրերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեցին «Ջոն արքա», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում՝ «Լիր արքա», Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ «Հուլիոս Կեսար» բեմադրությունները: Օրերս տեղեկացանք, որ փառատոների տնօրենների այցը հայաստանյան կողմի համար արդյունավետ է եղել, եւ ապրիլի 23-ից մայիսի 4-ը ռումինական Կրայովայում կայանալիք Շեքսպիրյան միջազգային 9-րդ փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ «Հուլիոս Կեսար»-ը։
Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց Երեւանի պետական դրամատիկական թատրոնի դերասան, թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքյոզյանին։ «Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հրավիրվել է մասնակցելու այդ փառատոնին, որը, չնայած 9-րդն է, սակայն փառատոնն ընդհանրապես քսան տարվա պատմություն ունի. անցկացվում է երկու տարին մեկ։ Այն ամենահեղինակավոր Շեքսպիրյան փառատոներից մեկն է աշխարհում, եւ այս տարի նույնպես, ինչպես միշտ, ծրագրում ընդգրկված են աշխարհի տարբեր երկրների թատրոնների հրաշալի ներկայացումներ։ Դրամատիկական թատրոնը հանդես է գալու «Հուլիոս Կեսար» ներկայացմամբ, որն առաջին ներկայացումն էր հետանկախ շրջանում: Այն ստացել է նաեւ պետական մրցանակ։ Իսկ փառատոնին մասնակցելու հարցում կապող օղակը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն է։ Երբ Կրայովայի փառատոնի տնօրենը հրավիրված էր մեզ մոտ անցկացվող Շեքսպիրյան փառատոնին, ծանոթացավ մեզ հետ, դիտեց մեր ներկայացումը»,- պատմեց մեր զրուցակիցը` նշելով, որ «Հուլիոս Կեսար»-ը խաղալու են երկու քաղաքում, այդ թվում՝ Կրայովայի ազգային թատրոնում։
Քանի որ ներկայացումը բազմամարդ է, դրանում թատրոնի տարբեր սերնդի քսանութ դերասան է ընդգրկված: Մեր հարցին, թե ով է հոգալու ճանապարհածախսը, Հ. Թեքգյոզյանը պատասխանեց. «Փառատոնին մասնակցությանն օժանդակել է ե՛ւ ՀՀ մշակույթի նախարարությունը, ե՛ւ Երեւանի քաղաքապետարանը, ե՛ւ, իհարկե, փառատոնը, որը կեցության եւ այլ ծախսեր է հոգալու»:
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
«ԱՐՏ-ՖԵՍՏ»-Ը ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
Մայիս ամսին մեկնարկում է «ԱՐՏ-ՖԵՍՏ» երկրորդ երիտասարդական հանրապետական բաց փառատոնը՝ «Մեկ տանիքի ներքո» խորագրով, որն ընդգրկում է արվեստի մի քանի տեսակ՝ թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնը կազմակերպում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:
ՊՈՒՏԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՊՈՒԳԱՉՈՎԱՅԻՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ շնորհավորել է երգչուհի Ալլա Պուգաչովային՝ ծննդյան կապակցությամբ: Ռուսական էստրադայի լեգենդը ծնվել է 1949թ., նրա կարիերան սկսել է 1970-ին: 1976-ից Պուգաչովան աշխատել է Կոնստանտին Օրբելյանի մոտ: Երգչուհուն իսկական ճանաչում է բերել նրա հաղթանակը «Զոլոտոյ Օրֆեյ» մրցույթում: Պուգաչովան իր կարիերայի սկիզբ է համարում «Առլեկինո» երգը: Ռուսական երգարվեստի պրիմադոննան ավելի քան 100 ալբոմ է թողարկել, կատարել է 500 երգ: Պուգաչովան զբաղվել է նաեւ քաղաքականությամբ՝ մասնավորապես սոցիալական զարգացման խնդիրներով:
ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՄՈՒՇՆԵՐ
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մաունթ Մարթա քաղաքի թանգարանից անհայտ անձինք գողացել են թանկարժեք նմուշներ, որոնք պատկանել են կայսր Նապոլեոն 1-ին: Հանցագործները ներխուժել են Բրիարս պատմության թանգարան, որի անվտանգության ազդանշանը միացել է, սակայն գողերը հասցրել են տանել 10 թանկարժեք իր` թանգարանի հավաքածուից: Նմուշները նախկինում փոխանցվել էին թանգարանին Ալեքսանդր Բալկոմբեի ժառանգների կողմից, ում հայրը եղել է վաճառական Սուրբ Հեղինե կղզում: