ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵԼՈՒ «ԳՈՐԾ Է ԿՊԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի համար երկիմաստ նշանակություն ունի` վատ եւ ուրախալի: Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ դեռեւս չորս օր առաջ` նոյեմբերի 26-ին, Բոլիվիայի Սենատը եւ Պատգամավորների պալատը Օսմանյան կայսրության կողմից իրականացված 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ են ընդունել:

Սովորաբար, երբ որեւէ երկիր Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ է ընդունում, կամ այլ կերպ ասած՝ ճանաչում է ցեղասպանության տեղի ունեցած լինելու փաստը, պաշտոնական լրահոսը մի քանի օր շարունակ այդ լուրը բոլոր հնարավոր ձեւերով մատուցում է որպես արտաքին քաղաքականության նվաճում: Սակայն այս մի դեպքում պաշտոնական լրահոսը վերին աստիճանի «զսպվածություն» դրսեւորեց եւ բավարարվեց փաստի արձանագրմամբ: Բանն այն է, որ եթե ՀՀ ԱԳՆ-ն փորձեր Բոլիվիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելու փաստը որպես դիվանագիտական նվաճում ներկայացնել, ապա չէր կարողանա պարզաբանել, թե ինչու են այդ մասին իմացել փաստաթղթի ընդունումից չորս օր հետո միայն: Այլ կերպ ասած՝ այս փաստն արդեն իսկ մատնում է, որ ԱԳՆ-ն դրա հետ կապ չունի: Ավելին՝ եթե անգամ ԱԳՆ-ն ժամանակին իմանար այդ փաստի մասին, միեւնույն է՝ հարց էր ծագելու՝ իսկ ի՞նչ է արել արտաքին քաղաքականությամբ զբաղվող այս գերատեսչությունը, որպեսզի Բոլիվիայի խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Պատասխանը շատ պարզ է` ոչինչ: Բանն այն է, որ Հայաստանի եւ Բոլիվիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հուլիսի 27-ից: Սակայն այդ երկրում Հայաստանը դեսպան չունի, նույնիսկ համատեղության կարգով:
Բոլիվիան Հարավային Ամերիկայի կենտրոնում գտնվող երկիր է, որը սահմանակից է Արգենտինայի, Բրազիլիայի, Չիլիի, Պերուի եւ Պարագվայի հետ: Բոլիվիայի մեկ միլիոն 98 հազար 581 քառակուսի կիլոմետր տարածության վրա ապրում է 10,5 միլիոն բնակչություն: Բոլիվիայի սահմանակից երկրներից Հայաստանը դեսպան ունի Արգենտինայում, Պարագվայում, Չիլիում եւ Բրազիլիայում, որոնցից առաջին երեքում ՀՀ դեսպանը Վահագն Մելիքյանն է (նստավայրը՝ Բուենոս Այրես, Արգենտինա), իսկ Բրազիլիայում` Աշոտ Գալոյանը:
Հայոց ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության օրակարգային խնդիր դարձնելուց հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ մի հաջողություն չի արձանագրել, քանի որ յուրաքանչյուր երկիր իր քաղաքական շահերով պայմանավորված է որոշում ճանաչել, թե ոչ Հայոց ցեղասպանությունը, եւ այս դեպքում ԱԳՆ-ն անելիք չունի: Ավելին՝ ԱԳՆ-ն ինչ-որ առումով նաեւ վնասում է: Բոլիվիայի օրինակը ցույց է տալիս, որ առանց Հայաստանի ԱԳՆ-ի էլ երկիրը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նույնիսկ այնպիսի երկիրը, որտեղ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն չունի: Ի դեպ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բոլիվիայի խորհրդարանի փաստաթղթերը պաշտոնապես Հայաստանին են փոխանցվել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանի միջոցով` նոյեմբերի 30-ին Բուենոս Այրեսի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում տեղի ունեցած կիրակնօրյա պատարագից հետո:
Այս պատմության մեջ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի համար ուրախալին այն փաստն է, որ եւս մի էկզոտիկ երկիր գնալու առիթ է «կպել»: Հաշվի առնելով Նալբանդյանի սերը էկզոտիկ երկրների նկատմամբ՝ կասկած չկա, որ առաջիկայում ՀՀ ԱԳՆ-ն կկազմակերպի նրա այցը Բոլիվիա, եւ որ ամենկարեւորն է՝ նա կճանապարհորդի բիզնես կարգով: Այսինքն՝ նա կրկին առատաձեռն կծախսի պետական բյուջեի միջոցները` չնայած նրա գործունեությունից Հայաստանը մեկ դրամի օգուտ անգամ չի ստանում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն իսկական խառնաշփոթ է ստեղծել խորհրդարանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում նրա աշխատանքի հետ կապված դժգոհություններն օր օրի ավելանում են: Քառօրյաների ժամանակ ԱԺ պատգամավորների օգնականներն անցաթղթերը ներկայացնում են Է. Մինասյանին, որպեսզի նա ստորագրի, եւ քաղաքացիները կարողանան ԱԺ տարածք մտնել, սակայն Է. Մինասյանի մոտ ընդունելության արժանանալն այդքան հեշտ գործ չէ, եւ նա մի ստորագրության համար ժամերով օգնականներին սպասեցնում է: Օգնականները մի քանի անգամ պետք է գնան-գան, մինչեւ Մինասյանը բարեհաճի անցաթղթի վրա իր ստորագրությունը դնել: Ի դեպ, Է. Մինասյանն այդ պաշտոնում հայտնվել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհիվ: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Է. Մինասյանից պարզել իր պահվածքի պատճառները, սակայն նա երկար ժամանակ ընդհանրապես խորհրդարանում չէր, եւ մենք այդպես էլ չկարողացանք գտնել նրան:

 

ՄԵՆԱԿ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ
Երեկ խորհրդարանն ընդունեց ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ՝ կողմ 68, դեմ՝ 1, ձեռնպահ չկար: Մինչեւ քվեարկությունը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ասաց, որ նախագիծը ռիսկեր է պարունակում եւ լուրջ քննարկումների կարիք ունի: «ԲՀԿ-ն չի մասնակցի, մինչեւ որ հնարավոր բոլոր ռիսկերը չզրոյացվեն»,- ասաց Զոհրաբյանը: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ քվեարկությունից առաջ հայտարարեց, թե այս օրինագծով ստեղծվել է անհավասար դաշտ հղիների նկատմամբ, ու քանի որ իրենց առաջարկությունն էլ չի ընդունվել, իրենք եւս չեն մասնակցի քվեարկությանը: Այս ամենից հետո ձայն խնդրեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու սկսեց «բարեխոսել», որպեսզի պատգամավորները կողմ քվեարկեն, սակայն ապարդյուն:

 

ՔՆՆԱՐԿԵԼՈՒ Է
Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննարկելու է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի դիմումն ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի: Հանձնաժողովը փակ նիստի ժամանակ պետք է որոշի՝ արդյոք վարույթ ընդունի դիմումը, թե ոչ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, երբ ԼՂՀ-ում գումարվել էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտագնա նիստը, ըստ Զարուհի Փոստանջյանի՝ հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խախտել էր «ԱԺ կանոնակարգ» օրենքը եւ նիստի օրակարգն առանց հաստատելու միանգամից անցել էր հարցի քննարկմանը: Այդ օրը նիստում քննարկվել էր Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին» օրինագիծը:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ
Սերժ Սարգսյանը եւ Ռիտա Սարգսյանը երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

 

ԿԹՌՆԻ ԲՐՅՈՒՍԵԼ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այնտեղ նա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:

 

ԱԱԾ-ՆԳՆ
Դեկտեմբերի 1-ից 2-ը պաշտոնական այցով Երեւանում է գտնվում Վրաստանի ՆԳ նախարար Ա. Չիկաիձեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաեւ Վրաստանի անվտանգության ծառայության բարձրաստիճան ղեկավարները: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Չիկաիձեի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցության առաջնային հարցեր, մասնավորապես Վրաստանի սահմանային ոստիկանության եւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի գործընկերության շրջանակների ընդլայնման, մաքսանենգության դեմ պայքարի, ինչպես նաեւ անօրինական միգրացիային առնչվող եւ այլ խնդիրներ:

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ
Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են «Գազպրոմի» կողմից «Երկնագույն հոսք» գազատարի հզորության ընդլայնման մասին: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին դեկտեմբերի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Թուրքական տնտեսության կողմից էներգառեսուրսների աճող պահանջարկը բավարարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գազպրոմի» կողմից «Երկնագույն հոսք» գազատարի հզորության ընդլայնման մասին»,- նշել է Ռուսաստանի նախագահը:

 

ՍՈՒՊԵՐՆԱԽԱՐԱՐ
Երեկ Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար: Իսկ ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջիկայում տարանջատվելու է տարածքային կառավարման համակարգից: Ու քանի որ նրա լիազորությունների մեծ մասն առնչվում է գյուղատնտեսության ոլորտին, ապա այն կներառվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում:

 

ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ
«Ժառանգության» առաջնորդի` միասնական օրակարգ ձեւավորելու հորդորին եռյակի գործընկերները չեն արձագանքել: Սակայն Ր. Հովհաննիսյանը դեռ չի շտապում կանխատեսել, թե եռյակի ճակատագիրը վտանգված է: «Առաջ շարժվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանական համագործակցության այդ ուժերը (առաջ չորսն էին, հիմա երեքն են, կարող է վաղն այդ քանակը փոխվի) պետք է ժողովրդի առջեւ հուշագիր ստորագրի` ասելու համար, թե որն է շարժման անունը, ինչ է դրա նպատակը, որոնք են այդ նպատակը իրացնելու միջոցները եւ նաեւ որոշումները կայացնելու մեխանիզմը»,- հայտարարել է Ր. Հովհաննիսյանը
«Ժառանգության» առաջնորդի խոսքով. «Չի կարելի ժողովրդին բերել, հետո հերթական անգամ արձակուրդի ուղարկել: Մեր ժողովուրդը պետք է իմանա, թե ուր է գնում այս ամեն ինչը: Կարծում եմ, որ ժողովուրդը, քաղաքացիությունը պահանջում է փոփոխություն եւ պատրաստ է նաեւ դիմակայության` դեմ դիմաց չընտրված իշխանություններին: Եվ այդ «դեմ դիմաց»-ը պետք է կայանա»:




Լրահոս