ՀՀԿ-Ն «ԿՈՒՅՐԱՂԻՔԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ» ԵՆԹԱՐԿՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-ը երեկ լքեց իշխող կոալիցիան, իսկ այդ կուսակցության քվոտայով նշանակված նախարարները՝ «Oրինաց երկիր»-ը:

Կոալիցիայից դուրս գալու մասին ՕԵԿ քաղխորհրդի որոշումը, մեղմ ասած, զավեշտալի է: 6 տարի շարունակ կոալիցիայի մեջ լինելուց հետո ՕԵԿ-ը հանկարծ հասկացավ, որ ինքն ընդամենը կցորդ է: «ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձեւաչափն իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ: …Կոալիցիոն գործընկերության ժամանակահատվածում նման ձեւաչափը ՕԵԿ-ի համար երբեւիցե հնարավորություն չի ստեղծել պետական կառավարման համակարգում երկրի զարգացմանն առնչվող շատ հիմնահարցերի լուծման եւ առանցքային պաշտոնների նշանակման հարցում ունենալ իր ազդեցությունը: Դրա վկայությունն են նախորդ ժամանակահատվածում 3 անգամ վարչապետ նշանակելու եւ 4 անգամ խորհրդարանի նախագահ առաջադրելու քաղաքական մեծամասնության միանձնյա որոշումները… ՕԵԿ-ը գտնում է, որ երկրի առաջին դեմքերի կենտրոնացումը մեկ քաղաքական կուսակցության ձեռքում իրական հնարավորություն չի ստեղծում կոալիցիոն իշխանության գործունեության համար, ինչը վերջինիս տալիս է ոչ թե իրական, այլ ֆորմալ բնույթ»,- ասված է ՕԵԿ քաղխորհրդի հայտարարության մեջ:
Խոստովանենք՝ ՕԵԿ այս դիտարկումները միանգամայն ճիշտ են ու ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարելի չհամաձայնվել այս խոսքերի հետ: ՀՀԿ քաղաքական մենաշնորհի մասին այս ողջ ընթացքում խոսում են խորհրդարանական չորս ուժերը: Իսկ ահա ՕԵԿ-ն այս ամենը հասկացել է 6 տարի շարունակ իշխանության կազմում լինելուց հետո միայն: Ընդ որում, այս մասին նրանք խոսում են Սերժ Սարգսյանից սկզբում վարչապետի պաշտոն, իսկ հետո՝ նախարարի 4-5 պորտֆել ուզելուց ու չստանալուց հետո: Մինչդեռ նկատենք, որ այս 6 տարվա ընթացքում ՕԵԿ-ը շատ լավ էլ համակերպվել էր ՀՀԿ կցորդի կամ «կույրաղիքի» իր կարգավիճակին. կարեւորը՝ մոտ էին իշխանական կերակրատաշտին ու անթաքույց օգտվում էին դրանից:

ԽՈՐԸ ԱՄՆԵԶԻԱ

ՕԵԿ քաղխորհրդի որոշումն ուշագրավ էր նաեւ մեկ այլ առումով. երեկ նրանք քննադատել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը՝ այն որակելով հակասահմանադրական: Մինչդեռ, նույն ՕԵԿ-ը ժամանակին կողմ է քվեարկել այս օրենքին,ավելին՝ երբ «հրաշալի քառյակ»-ը քննադատելով այս օրենքը, մի քանի անգամ հանդես եկավ այն փոխելու առաջարկությամբ, նույն ՕԵԿ-ը կրծքով պաշտպանում էր պարտադիր կուտակայինը, եւ բոյկոտելով ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստերը, ըստ էության, նպաստում էր նախաձեռնության տապալմանը:

Ո՞Վ Է ԴԱՎԱՃԱՆԸ

ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո սոցիալական ցանցերում ՕԵԿ-ականները միանգամից սկսեցին հարձակվել կուսակցությունից դուրս եկած նախարարների վրա՝ նրանց որակելով «դավաճաններ»: Ամենեւին չցանկանալով արդարացնել նախարարների քայլը, այնուամենայնիվ, չենք կարող չնկատել մեկ հանգամանք. երեք նախարարների անդամակցությունն ՕԵԿ-ին ի սկզբանե եղել է սիմվոլիկ, եւ նրանք իրականում Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի մտերիմներն են: Պատահական չէ, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ինքը 2010-ին անդամագրվել է ՕԵԿ-ին, քանի որ այդ ուժին դիտարկել է որպես Ս.Սարգսյանի թիմի մաս, ու հիմա, երբ ՕԵԿ-ը կոալիցիայում չէ, նա չի կիսում այդ մտադրությունն ու մնում է Ս.Սարգսյանի կողքին: Այսինքն՝ իրականում որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել. այդ նախարարները մնացել են այն մարդու կողքին, ում կողքին եղել են մշտապես: Այլ հարց է, թե Արթուր Բաղդասարյանը, լավ իմանալով, որ այդ նախարարներն իրականում «իրենը չեն», համաձայնվել է, որ նրանք ՕԵԿ-ի անվան տակ պաշտոն զբաղեցնեն:

ՕԵԿ-Ն ՈՒ ՄԱՐՏԻ 1-Ը

Հեղինե Բիշարյանը երեկ հայտարարել է, թե ՕԵԿ-ն այսուհետ դառնում է ընդդիմություն: Միայն թե, նույն Բիշարյանը խուսափել է պատասխանել լրագրողի հարցին՝ արդյոք այսուհետ իրենք կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը: Թեեւ հասկանալի է, որ նրանք հազիվ թե գնան այդ քայլին մեկ պարզ պատճառով. որքան էլ ՕԵԿ-ը ցույց տա, թե նեղացած է իշխանությունից, այնուամենայնիվ, ակնհայտ է՝ նրանք գործուղվել են ընդդիմադիր ճամբար՝ «հրաշալի քառյակ»-ի դեմ աշխատելու եւ ընդդիմադիր դաշտը վարկաբեկելու, լղոզելու համար: Ընդ որում, այսպես Ս.Սարգսյանը նաեւ իր համար կարեւոր խնդիր է լուծում՝ ցանկացած պահի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում կունենա գրպանային «ընդդիմություն», որին էլ կեղծիքներով կփորձի մտցնել ԱԺ: Սակայն, սա ի սկզբանե ձախողված պրոյեկտ է. ի վերջո, հազիվ թե որեւէ մեկը մոռացած լինի 2008թ., երբ ՕԵԿ-ը դավաճանեց ընդդիմությանն ու ժողովրդին՝ մտնելով կոալիցիա, եւ հաջորդ օրն իսկ տեղի ունեցավ Մարտի 1-ի սպանդը: Ասել է թե՝ ՕԵԿ-ն առաջիններից մեկն է պատասխանատվություն կրում Մարտի 1-ի համար: Ու այսքանից հետո ՕԵԿ-ի՝ ընդդիմադիր լինելուն կարող է հավատալ միայն ամենավերջին միամիտը կամ բթամիտը:
Հ.Գ. Հասարակությունը դեռ չի մոռացել նաեւ մեկ այլ փաստ. 2003թ. ապրիլի 12-ի գիշերը տեղի ունեցած ծեծուջարդի ժամանակ ԱԺ նախագահը Արթուր Բաղդասարյանն էր, եւ հատուկ ջոկատայինները ժողովրդի վրա հարձակվել էին ԱԺ շենքի ընդունարանից դուրս գալով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդյոք ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կկարողանա լավ ղեկավարել կառավարությունն՝ ասաց, որ դեռեւս պետք է սպասել: «Վարչապետին նշանակում է իշխող կուսակցությունը, ու իր մասին գնահատական, որպես վարչապետի, կարելի է անել, ասենք, մի 6 ամիս հետո, իսկ մինչեւ այդ ես որեւիցե գնահատական տալ չեմ ուզում»,-նշեց մեր զրուցակիցը: Հարցին՝ այսքան տարի տեսնելով Հ. Աբրահամյանի գործունեությունը տարբեր ոլորտներում, արդյոք չի կարելի գնահատական տալ, ասաց. «Ես իրեն շատ քիչ եմ ճանաչում, ես իր մասին թերթերում եմ կարդացել, պրակտիկորեն իրեն չեմ ճանաչում»:

 

ԲՈՂՈՔ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԴԱՏԱԽԱԶԻՆ

2013թ. նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով դատապարտյալ Հարություն Սարգսյանը հայտարարել էր, թե ինչպես է դաժան ծեծի ենթարկվել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի եւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի կողմից: Հրապարակումից հետո, 2013թ. դեկտեմբերի 4-ին, Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Հարություն Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնական լիազորությունների անցում կատարելու փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ եւ 315-րդ հոդվածի 1-ին մասերով: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարությունի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ գործը կարճվել է եւ իրենք բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին. «Ոչ մի սպասելիք չունեմ դատախազից, բայց կսպասենք պատասխանին, որ դիմենք դատարան»: Նշենք, որ Հարությունի մարմնի վրա առկա էր եղել մի կոշտուկ, որի համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Ըստ պաշտպանի` դատաբժիշկը չի կարողացել հասկանալ, թե դա ինչ կոշտուկ է եղել:

 

«ԴԵՄ ԵՄ»-Ը ԴԵՄ ՉԷ ՀԱՆԴԻՊԵԼՈՒՆ

Ապրիլի 18-ին՝ ժամը 18:30-ին, տեղի է ունենալու «Դեմ եմ» նախաձեռնության ակցիան: Armlur.am-ի հարցին՝ նախորդ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ այդպես էլ երկխոսել չհաջողվեց, քանի որ Տիգրան Սարգսյանը երկխոսության պահանջին ի պատասխան ասել էր, որ երկխոսությունն արդեն ուշացած է, պատրաստ է արդյոք նախաձեռնությունը երկխոսելու նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, «Դեմ եմ»-ի անդամ Դավիթ Մանուկյանն ասաց. «Մենք երկխոսության կամուրջները չենք այրել: Եթե նոր վարչապետը պիտի երկխոսի մեզ հետ ՍԴ որոշման կատարելության չափի մասին, բնականաբար, չենք երկխոսելու, որովհետեւ Սահմանադրական դատարանի որոշումը պիտի կատարվի, եւ վերջ: Եթե հանդիպում լինի կամ քննարկում՝ մշակվելիք նոր օրենքի հետ կապված, մենք չենք մերժի, քանի որ դա կնշանակի` կառավարությունը պատրաստ է լսել հանրային կարծիքը»:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

 

ԵՎՐՈՊԱՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի խոսնակ Աննա Բրասերը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն երբեք չի համակերպվի Ղրիմի բռնակցմանը եւ թույլ չի տա, որպեսզի նման իրավիճակ լինի նաեւ Ուկրաինայի մյուս շրջանների դեպքում, ապրիլի 16-ին հաղորդում է ՈՒՆՆ-ը՝ հղում անելով օտարերկրյա ԶԼՄ-ներին: Նա ասել է, որ «Իրավիճակը, որն ստեղծվել է Ուկրաինայի Արեւելքում, մեծ անհանգստություն է առաջացնում: Ես կարող եմ իրադարձությունների պատկերը վերարտադրել միայն հեռուստատեսային սյուժեների պատկերներով, ուստի դժվար է 100 տոկոս վստահությամբ խոսել: Բայց երբ տեսնում ես մարդկանց, ովքեր ունեն զենք, հատուկ տեխնիկա, ովքեր նույնանման համազգետստ են կրում, եզրակացնում ես, որ նրանք սովորական քաղաքացիներ չեն, ովքեր հավաքվել են Ուկրաինայի կառավարությանը դեմ արտահայտվելու: Ակնհայտ է, որ նրանք կազմակերպվել են նախօրոք եւ հատուկ պատրաստություն անցել: Այն, ինչ տեղի ունեցավ Ղրիմում, Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ է տեղի ունենում: Եվ երեւում է՝ Ռուսաստանը շարունակում է ամբողջ տարածաշրջանի ապակայունացման կուրսը: ԵԽԽՎ-ն երբեք չի համակերպվի Ղրիմի բռնակցմանը, եւ մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ դա տեղի ունենա նաեւ Ուկրաինայի մյուս հատվածի հետ»:

 
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՂԱՐԱԲԱՂԻՆ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Բաքվում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին. «Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տրամադրել ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ: Մենք կողմնակից ենք դրան: Մեզ անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական-դիվանագիտական նախաձեռնություն, որպեսզի հարցն առաջ շարժվի մեռյալ կետից»: Մամեդյարովը վստահություն է հայտնել, որ մոտ ժամանակներս որոշակի առաջընթաց կգրանցվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

 

ԳՆՈՒՄ Է ՂՐԻՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Մոլդովայից անջատված Մերձդնեստրի խորհրդարանը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի պետդումային, ինչպես նաեւ ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին՝ ճանաչել Մերձդնեստրի անկախությունը: Մերձդնեստրի գերագույն խորհրդի ընդունած պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ անկախության ճանաչման կոչը հիմնված է 2006 թվականի սեպտեմբերին Մերձդնեստրում անցկացված հանրաքվեի արդյունքների վրա: Վերոհիշյալ հանրաքվեի արդյունքում Մերձդնեստրի բնակչության 97 տոկոսը քվեարկել էր Մոլդովայից անջատվելու եւ Ռուսաստանի Դաշնությանը միանալու օգտին: Մերձդնեստրը Մոլդովայից անջատվել է 1992 թվականին տեղի ունեցած կարճատեւ պատերազմից ի վեր:

 

ԿԴԱՌՆԱՐ 82 ՏԱՐԵԿԱՆ

Այսօր լրանում է ականավոր պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 82-ամյակը:




Լրահոս