ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Նկատում եմ, որ Երեւանում ճանապարհների բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Ասֆալտապատումը բավականին արագ ու կազմակերպված է կատարվում, բայց լինում է, երբ ճանապարհը քանդելուց հետո մի քանի օր այդ վիճակում է մնում  (մանավանդ անձրեւային եղանակին անհարմարություններ է պատճառում): Օրենքով նախատեսված կարգով ասֆալտը քանդելուց հետո քանի՞ օրվա ընթացքում են վերականգնում, եւ ի՞նչը կարող է խոչընդոտ լինել ասֆալտի վերականգնման գործում:

Մարինե Սարգսյան, 38 տարեկան, ուսուցչուհի


ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցման՝ աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունը տեղեկացնում է, որ ասֆալտբետոնե շերտը քանդելուց հետո վերանորոգման աշխատանքների համար շինարարական նորմերով որեւէ ժամանակահատված նախատեսված չէ:
Ցանկալի է, որ ճանապարհները վերանորոգվեն ասֆալտբետոնե շերտը կտրելուց անմիջապես հետո, սակայն լինում են խոչընդոտներ եւ այլ խանգարող հանգամանքներ, որոնք ազդում են աշխատանքների տեմպի վրա (մասնավորապես անձրեւային եղանակը):
Բացի խոչընդոտներից, պետք է նաեւ հաշվի առնել ասֆալտբետոնե ծածկի իրականացման տեխնոլոգիական պրոցեսները՝ վերանորոգվող մակերեսը պետք է լինի չոր, փոշեզրկված, բիտումապատված, որից հետո միայն կարելի է իրականացնել ասֆալտապատման  աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարօրինակ է, որ քանդման եւ ասֆալտապատման աշխատանքներ սկսելուց առաջ տվյալ շինկազմակերպությունը նախապատրաստական աշխատանքներ չի կատարում եւ հետո նոր միայն անցնում գործի: Հայտնի է, որ փողոցների բարեկարգման շրջան է ընտրվում տարվա այն հատվածը, երբ անձրեւների հավանականությունը գրեթե բացառված է: Գաղտնիք չէ, որ երեւանյան փողոցներում փռվող ասֆալտն ավելի քան անորակ է: Ուստի գոնե անհրաժեշտ եղանակային պայմանները պետք է ապահովված լինեն նման գործընթաց սկսելու համար:




Լրահոս