«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 1-ի երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, «Նուբարաշենի» հոգեբուժարանում ինքնասպանության փորձ կատարած Դավիթ Մարկոսյանից: Պարզվում է՝ վերջինս 2013թ. նոյեմբերի 2-ին Կանազի հոսպիտալի ծեծի գործով անցնող մեղադրյալներից մեկն է:
Եվ այսպես՝ նախօրեին գրել էինք, որ կալանավոր Դավիթ Մարկոսյանին «Նուբարաշենի» հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության են ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի նա: Փորձաքննության արդյունքներից հետո հայտնի էր դարձել, որ Դավիթն առողջական խնդիր չունի: Ու երբ ցանկացել էին նրան տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, հրաժարվել էր՝ հայտարարելով, որ ինքը հիվանդ է եւ կվնասի իրեն, եթե նման բան անեն: Համազգեստավոր կարգավարները լուրջ չէին ընդունել նրա հնչեցրած «սպառնալիքը», ինչի արդյունքում հոգեբուժարանում լուրջ իրարանցում էր սկսվել. կալանավորը փորձել էր կտրել երակները, ջարդուփշուր էր արել հոգեբուժարանի գույքը:
Հոգեբուժարանի աշխատակիցները ստիպված էին եղել զանգահարել ոստիկանություն: Այդ ընթացքում Դավիթն արյունոտ ձեռքերով այս ու այն կողմ էր վազել: Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանները եւ հիվանդանոցի աշխատակազմը շուրջ 1 ժամ հետո էին միայն կարողացել մեկուսացնել Դավիթ Մարկոսյանին եւ հանդարտեցնել հոգեբուժարանում տիրող լարված իրավիճակը:
Ո՞վ է Դավիթ Մարկոսյանը
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Դավիթը 2013թ. նոյեմբերի 2-ի կեսգիշերին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծված ու հոսպիտալից փախուստի դիմած զինվորներից մեկն է, որն այսօր դատարանում հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում:
Դավիթին մեղադրանք է առաջադրվել, որ նա, գտնվելով ստացիոնար բուժման մեջ ՀՀ ՊՆ N զորամասի հոգեբուժական բաժանմունքում, ժամկետային զինծառայողներ Ռազմիկ Մանուկյանի եւ Արշակ Թորոսյանի միջեւ առաջացած կոնֆլիկտի ընթացքում, վերջիններիս եւ մի խումբ անձանց հետ բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցրել իրենց դիտողություն անող հոսպիտալի պետ Սահակ Օհանյանի, բժիշկներ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լեւոն Բալայանի եւ Էմիլ Բաբաջանյանի հասցեին: Ավելին՝ բռնություն գործադրելու դիտավորությամբ փորձել է բռունցքով հարվածել Ս. Օհանյանին: Բացի այդ՝ բջջային հեռախոս պահանջելու հարցի շուրջ վիճաբանել է կոնսուլտացիայի նպատակով նույն բաժանմունք ներկայացված, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Դանիելյանի հետ եւ ձեռքով հարվածել նրան:
Դեռ այդ օրերին Դավիթը մեզ հետ զրույցում պատմել էր, թե. «Ես չգիտեմ, թե ինչից էր սկսվել կռիվը, ձայներ լսեցի կողքից, մտա սենյակ, տեսա՝ Ռազմիկին գցել են գետնին, ծեծում են: Սուտ ա, որ ասում են, թե ծեծել են խմելու համար: Նման բան չկա, քանի որ ոչ մի խմիչքի հետք չեն գտել: Բայց մեզ նենց ծեծեցին, որ ջարդեցինք դռներն ու փախանք: Ռազմիկն ընկել էր փողոցում, ահավոր վիճակ էր»:
Ու մինչ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է այս գործը, Դավիթ Մարկոսյանը հերթական անգամ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Այս անգամ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի` ավազակություն, եւ 176-րդ հոդվածի` կողոպուտի հատկանիշներով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթ Մարկոսյանի մայրը՝ Անահիտը, պատմեց, որ Դավիթը կոտրել է իր ձեռքի մատները եւ տարել մատանիները, ինչպես նաեւ՝ վզնոցը. «Ես օգնություն էի գոռում, որ հարեւաններս գան օգնության, բայց Դավիթը բերանս փակել էր»:
Տիկին Անահիտի պատմելով՝ Դավիթն իր խորթ որդին է. «Ես Դավիթի հոր` Սամվելի երկրորդ կինն եմ ու հասկացել եմ մի բան, որ Դավիթն այս քայլին գնացել է մանթրաշ մնալուց, որովհետեւ սկեսուրս իրենց բան չի տվել, եւ դրա համար եկել, ինձ ասում էր, թե այդ ոսկեղենն իր մորն է»:
Ինչեւէ, ըստ մեր զրուցակցի՝ մինչեւ Դավիթը իրեն չվերադարձնի ոսկիների վաճառքից ստացած 300.000 դրամը, ինքն իր բողոքը հետ չի վերցնելու. «Մինչեւ վերջ գնալու եմ ու ասեմ նաեւ, որ Դավիթը սուտ է խաղում, որ հոգեկան հիվանդ է, նման բան չկա»:
Նշենք, որ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից էլ «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ կալանավորի կողմից հոգեբուժարանի գույքը վնասելու մասով կատարվում է հետաքննություն:
Ի դեպ, այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կանազի հոսպիտալի ծեծի գործով հերթական դատական նիստն է լինելու, որին Դավիթ Մարկոսյանը միգուցե չմասնակցի, քանի որ գտնվում է հոգեբուժարանում:
Հ.Գ. Հավելենք, որ Դավիթ Մարկոսյանը, մինչ այս դատական քաշքշուկների մեջ ընկնելը, դեռեւս 2012թ. ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հրամանատարի հետ ունեցած կոնֆլիկտի համար դատապարտվել էր մեկ տարի ազատազրկման:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԸ «ԽՈՍԵԼ» Է
Երեկ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:
Որպես գործով վկա ներկա է եղել մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանում գերեվարված ՊԲ ժամկետային նախկին զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Այդ մասին հայտնել է Artsakhpress-ը: Ինջիղուլյանին ադրբեջանական գերության ժամանակ հարցաքննել է ղարաբաղաադրբեջանական սահմանն ապօրինաբար հատած դիվերսիոն խմբի սպանված անդամ, Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակից Հասան Հասանովը, ով խմբի մյուս անդամների հետ նկարահանումներ է իրականացրել Արցախի Քարվաճառի շրջանում:
Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում, ի թիվս այլ տեսանկարահանումների, առկա է եղել նաեւ Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննությունը ներկայացնող տեսանյութ: Դատական նիստին հրավիրված համակարգչային մասնագետի օգնությամբ վկա Հակոբ Ինջիղուլյանը նախ ծանոթացավ Ադրբեջանում հարցաքննության ժամանակ նկարահանված տեսանյութին, որից հետո պատասխանելով դատավորի, պետական մեղադրողի եւ դատապաշտպանների հարցերին` դատական գործին առնչվող մանրամասներ պատմեց ադրբեջանական գերության վերաբերյալ:
Հ. Ինջիղուլյանի տված ցուցմունքների համաձայն` սահմանի ադրբեջանական կողմում իր հայտնվելը պայմանավորված է եղել վատ եղանակային պայմաններով ու թույլ տեսողությամբ: Ջուր բերելու նպատակով նա դուրս էր եկել դիրքից եւ հայտնվել ադրբեջանական ընտանիքում, որի մատնությամբ էլ նրան ձերբակալել ու ծեծել են 2 ազերի զինվորական: Վկայի պատմածով` իրեն Բաքվում բանտարկել են ռազմական գաղութում, որտեղ պահել են առանձին խցիկում եւ պարբերաբար ծեծել ու նվաստացրել: Բացի այդ՝ գնդակահարելու սպառնալիքով նրան ստիպել են ԿԽՄԿ-ի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչներին ասել, թե այլեւս չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Գերության ընթացքում, հարցաքննելով Հ. Ինջիղուլյանին, ադրբեջանցիները նաեւ փոքր տեսախցիկով տեսանկարահանումներ են կատարել:
Ըստ Ինջիղուլյանի՝ դատական նիստում որպես իրեղեն ապացույց ներկայացված, սպանված դիվերսանտ Հ. Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում իր հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկին: Վկա Ինջիղուլյանը, ի դեմս Հ. Հասանովի նկարի, ճանաչել է այն անձնավորությանը, ով ներկա է եղել իր հարցաքննությանը: Դատական նիստի ավարտին դատավոր Անատոլի Թադեւոսյանը հայտարարել է դատաքննության փուլի ավարտի մասին: Դեկտեմբերի 12-ին կսկսվի դատական վիճաբանության փուլը:
ԼՈՒՐԵՐ
ԾԵԾ ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Աշտարակի ճանապարհի գազալցակայաններից մեկում: Գիշեր՝ ժամը 03:00-ի սահմաններում, քաղաքացի Նորայր Սիմոնյանը վիճաբանել է գազալցակայանի աշխատակիցներից մեկի՝ ոմն Գոռի հետ, որը փայտով մի քանի անգամ հարվածել է Նորայրի գլխին ու գցելով գետնին՝ դաժան ծեծել: Նշված ժամին փողոցով անցնող մեքենաներն ազդանշան տալով՝ փորձել են հանդարտեցնել Գոռին, սակայն տեսնելով, որ ամեն ինչ կարող է վատ վերջանալ, ահազանգել են ոստիկանություն: Ըստ ականատեսների՝ Նորայրին տեղափոխել են «Սուրբ Աստվածածին» բժշկական կենտրոն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը: Կատարվում է քննություն:
ԿԱՐՃՎԵՑ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարճել է քաղաքացի Սմբուլ Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում դանակահարություն էր տեղի ունեցել: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին էր՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
ԿԿՐԱԿԵՆ
Մարտի 1 իրականացրած ռեժիմը կարող է բռնությունների գնալ նաեւ ապրիլի 24-ին։ Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը։ «Եթե ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 100-ամյակին, որեւիցե ուժ հրաման արձակի կրակ բացել ժողովրդի վրա, դրանով ինքը կստորագրի իր՝ Թալեաթի դատավճիռը։ Եթե նման հրաման տվողներ կան, թող ուշադիր լինեն իրենց ապագայի եւ իրենց ունեցվածքի նկատմամբ։ Այդ բոլորն արվելու է համաշխարհային մամուլի ներկայությամբ եւ հազարավոր սփյուռքահայերի աչքերի առաջ, որոնք Մարտի 1-ին չեն եղել եւ չեն պատկերացնում՝ ինչ է եղել, շատ ավելի հստակ, նկարահանված ձեւով կստանան այդ բոլորը»,- ասաց Չուգասզյանը։
«Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի խոսքով՝ ապրիլի 24-ին իրենց շարժման մասնակիցները Մարտի 1-ի նման տուն չեն գնալու, հարկ եղած դեպքում նույնիսկ պատրաստ են զենքի դիմել։ «Մարտի 1-ին մարդիկ քարով դուրս էին գալիս ավտոմատի դեմ, միայն թե վերջում ինչ-որ մեկն ասեց՝ գնացե՛ք տուն։ Մարտի 1-ով մեզ պետք չէ վախեցնել, եթե մեզ վրա ուզում են կրակեն, մենք էլ շատ լավ կրակում ենք։ Հստակ լինի բոլորի համար՝ ապրիլի 24-ին մենք տուն գնացողը չենք, ուզում են կրակեն, թող կրակեն, մենք էլ կկրակենք»,- ասաց Գեւորգ Սաֆարյանը։
ՋՈՒՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի հորիզոնները սկսել են վերականգնվել: Այդ մասին երեկ խորհրդարանում հայտարարել է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Խորքային հորերի փակման արդյունքում՝ նրա խոսքերով. «…Էջմիածնի շրջանում մենք գրանցել ենք ջրի ավելացում: Հորերը, որոնք առանց պոմպահանման դադարել էին ջուր տալ, այժմ կրկին ինքնուրույն են աշխատում: Սա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»: