ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության

Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ պաշտպանական գերատեսչության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելել են «Լեռնային Հայաստան» առողջարան` ականատես լինելու զինհաշմանդամների մասնակցությամբ ընթացող սեղանի խաղերի մրցաշարի եզրափակիչ փուլին: Դիմելով զինհաշմանդամներին` պաշտպանության նախարարը նշել է, որ մարդ պետք է ոգով առողջ լինի, եւ հենց այդ ոգին է, որ պատերազմի հետեւանքով ֆիզիկական խնդիրներ ունեցողներին տոկուն է պահում: Մրցանակաբաշխության արարողության ընթացքում տարբեր մրցաձեւերում հաղթող ճանաչված եւ մրցանակային տեղեր զբաղեցրած զինհաշմանդամներին պաշտպանության նախարարը հանձնել է պատվոգրեր եւ դրամական պարգեւներ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձն ունի վարկային պարտավորվածություններ եւ չի կարողանում վճարել, ինչպե՞ս կարող է բռնագանձվել այդ գումարը, եթե վարկատուն իր անունով ոչ մի սեփականություն չունի, որը նա կորցրել է վարկ տրամադրելուց հետո, չկա նաեւ երաշխավոր:

Գագիկ Մանուկյան (38 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով: Այդ գործընթացը կարող է կատարվել սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, եւ վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Սնանկության վարույթի ընթացքում նշանակվում է կառավարիչ, որ ըստ նույն օրենքի 54-րդ հոդվածի հիմքով՝ կարող է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու`
ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.
բ) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում.
գ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում (մեկ տարվա ընթացքում, եթե փոխանցումը կատարվել է փոխկապակցված անձին) պարտապանի` պարտատիրոջը կամ վերջինիս օգտին նախկինում ստանձնած պարտավորության դիմաց կատարած ցանկացած փոխանցում (այդ թվում` ոչ դրամային), որը կատարելու պահին պարտապանը անվճարունակ էր, եւ պարտատերը ստացել է էապես ավելին, քան կստանար սնանկության վարույթում` պարտապանի լուծարման դեպքում.
դ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների եւ գույքի օտարումների հետեւանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետեւանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի եւ գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, բացառությամբ, եթե գործարքը կնքվել է հրապարակային սակարկության հիման վրա:
Եզրակացությունը կիրառելի չէ այլ հարցերի կամ փաստերի նկատմամբ եւ պատրաստված է պատվիրատուի համար:

«AM» իրավաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարծում ենք՝ պատասխանը մանրամասն եւ հանգամանորեն ներկայացված է:

 

 

 

 

ՀԱՐՑ. Որքանով որ տեղյակ եմ՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում վերջնահաշվարկը տրամադրվում է աշխատանքից ազատման դիմում գրելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում: Խնդրում եմ պարզաբանեք՝ կա՞ նման բան եւ առավելագույնը որքա՞ն ժամանակում կարող եմ ստանալ աշխատավարձի վերջնահաշվարկը:

Հայկ Գրիգորյան ( 30 տարեկան, տեխնոլոգ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, աշխատանքային հարաբերություններ կարգավորող նորմատիվ իրավական ակտերն աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում վերջնահաշվարկը 72 ժամվա ընթացքում վճարելու վերաբերյալ նորմ չեն պարունակում: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե սույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:
Այսպիսով, եթե քաղաքացի Հայկ Գրիգորյանի եւ նրա գործատուի միջեւ աշխատանքային պայմանագրով վերջնահաշվարկի այլ կարգի, այդ թվում՝ վճարման ժամկետների վերաբերյալ, համաձայնություն առկա չէ, ապա վերջնահաշվարկը գործատուն պարտավոր է վճարել աշխատանքային պայմանագրի լուծման օրը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նաեւ սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

ՀՀ աշխատանքի պետական տեսչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսինքն՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե, իհարկե, գործատուի եւ աշխատողի միջեւ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Տվյալ դեպքում քաղաքացի Հայկ Գրիգորյանին գործատուն պարտավոր է վճարել աշխատավարձին հավելվելիք ամբողջ վերջնահաշվարկը:




Լրահոս