Եթե հավատալու լինենք իշխանություններին ապա Հայաստանը դարձել է երկիր-դրախտավայր, իսկ ՀՀ քաղաքացիներս էլ ապրում ենք երանելի պայմաններում:
ՀՀ կառավարության երեկվա նիստի ժամանակ. վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը որոշել էին հերթական հեքիաթը պատմել տնտեսական աճի, աննախադեպ առաջընթացների մասին: Տ. Սարգսյանը դեմքի ամենալուրջ արտահայտությամբ նախարարին խնդրեց ներկայացնել 5 ամսվա կտրվածքով հիմնական ցուցանիշները: Վաչե Գաբրիելյանն էլ դասը լավ սերտած աշակերտի նման սկսեց. «Եթե մենք դիտարկենք մայիսի վերջին ամփոփված 4 ամիսների կատարողականը, ապա կտեսնենք, որ ունենք տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշ՝ 7.2 տոկոս, ընդ որում ուրախալին այստեղ արդյունաբերության ցուցանիշն է, որը 4 ամսվա կտրվածքով կազմել է 115.3 տոկոս: Միեւնույն ժամանակ ունենք էլեկտրաէներգիայի արտադրության աճ, որը նույնպես վկայում է արդյունաբերական զբաղվածության մասին: Եթե մենք դիտարկում ենք արտահանումը, ապա այն 118.7 տոկոս է 2011 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի նկատմամբ, երբ ներմուծումը կազմել է 18.7 տոկոս: Քանի որ ունենք 6 ամսվա հաստատված կանխատեսումներ, հինգ ամսվա կտրվածքով Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է կես միլիարդ դրամ ավելի գումար» եւ այլն, եւ այլն: Մի խոսքով՝ հնգամյակը կատարվել է չորս տարում: Ազնիվ պիոներական:
Ճիշտ է, այս ճանապարհին եղել են նաեւ խոչընդոտներ, օրինակ՝ բյուջեի դեֆիցիտ, նաեւ՝ գնաճ: «5 ամսվա կտրվածքով մենք ունենք գնաճի ցուցանիշ, որը 12 ամսվա համար կես տոկոս է եւ բավական ցածր-կայուն միջավայր է»,-ասաց նա: Բայց դրանք գրանցված տնտեսական առաջընթացի համեմատ զրոյական արժեք ունեն:
Ու ոչինչ, որ այսքանից հետո ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգում այս առաջընթացը, դեռ ավելին աղքատությունն էլ մեր երկրում շարունակում է 34 տոկոսից բարձր լինել: Իսկ ԱԺ ընտրություններից հետո թանկացումներն արդեն հասարակական դժգոհությունների տեղիք են տվել. համենայնդեպս, այն ոլորտներում կամ խանութներում, որոնք գտնվում են օլիգարխ պատգամավորների տիրույթում, համատարած թանկացումներ են մոտավորապես 10-30 դրամի սահմաններում, բայց եթե գումարելու լինենք սպառվող ապրանքների ծավալները, ապա իրավիճակը հաստատ ոգեւորիչ չէ:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԵՐԱԶՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ԳԱԼՈՅԱՆ