Լուսանկարն արվել է Սերժ Սարգսյանի նստավայրում
Երեկ Սերժ Սարգսյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով Հայաստան ժամանած «Թումո»-ի խորհրդի անդամ, Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանին: Նա էլ «սելֆի» (ինքնալուսանկար) է արել Սերժ Սարգսյանի հետ, որը վերջինիս մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
ՀԱՐՑ. Յուրաքանչյուր քրիստոնյա տեղյակ է Սուրբ Զատկի տոնի խորհրդին: Բայց քչերը գիտեն կրկնազատկի մասին: Խնդրում եմ մի փոքր ներկայացնել այս տոնի իմաստն ու խորհուրդը:
Սոնա Թամազյան (26 տարեկան, նկարչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Զատիկ՝ նշանակում է ազատություն եւ այդ օրը կրկնակի ազատության օր է: Աստված մեզ ազատել է մեղքերից, սակայն մենք գտնվում ենք կրքերի ազդեցության ներքո: Իսկ երբ Աստված ամեն ինչ նոր է անում եւ բոլոր կարիքներից մեզ ազատում, դա կոչվում է Կրկնազատիկ: Կրկնազատիկ է կոչվում մեր հարության պատճառով: Քրիստոս առաջին կիրակի օրը մեզ հարություն տվեց Իր հոգով ու զորությամբ, իսկ երկրորդ կիրակի օրը մեզ հարություն է տալու ըստ մարմնի՝ եւ մեռելներից հարություն առնելով պիտի անմահանանք: Նոր կիրակի եւ Կրկնազատիկ է կոչվում, քանզի նորովի ենք տոնում մեր հոգու փրկության նավակատիքը՝ հոգեւոր ուրախությամբ ու տոնախմբությամբ:
Արարատյան հայրապետական թեմ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե յուրաքանչյուր քրիստոնյա պարտավոր է եկեղեցական ծեսերի եւ արարողությունների մասին գոնե նվազագույն գիտելիքներ ունենալ: Եվ ցանկալի է, որ հատկապես երիտասարդ սերունդը նման հարցերում լինի փոքր-ինչ ավելի տեղեկացված եւ գրագետ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ հակահամաճարակային միջոցառումներն ի՞նչ հաճախականությամբ են իրականացվում: Եվ, ընդհանրապես, կենդանիների ո՞ր հիվանդությունների նկատմամբ է իրականացվում պետական աջակցություն:
Գարուշ Մինասյան (57 տարեկան, անասնաբույժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են անասնահակահամաճարակային միջոցառումներ: Ախտորոշիչ միջոցառումներ՝ գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզ: Կանխարգելիչ միջոցառումներ՝ գյուղատնտեսական կենդանիների սիբիրախտ, գյուղատնտեսական կենդանիների դաբաղ, խոշոր եղջերավոր կենդանիների պաստերելյոզ, խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալար, մանր եղջերավոր կենդանիների, խոզերի դասական ժանտախտ, թռչունների կեղծ ժանտախտ, մեղուների վարրոատոզ:
Ավելացնենք, որ գյուղատնտեսական կենդանիների դաբաղ, խշխշան պալար, մանր եղջերավոր կենդանիների բրադզոտ հիվանդությունների նկատմամբ համապատասխան աշխատանքներ տարվում են տարեկան 2 անգամ: Գյուղատնտեսական կենդանիների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ ախտորոշիչ միջոցառումները իրականացվում են տարեկան 2 անգամ, մեղուների վարրոատոզ հիվանդության դեմ միջոցառումը՝ տարեկան 2 անգամ: Գյուղատնտեսական կենդանիների տուբերկուլյոզ, սիբիրախտ, պաստերելյոզ, խոզերի դասական ժանտախտ, թռչունների կեղծ ժանտախտ հիվանդությունների նկատմամբ` տարեկան մեկ անգամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած պատասխանում ներկայացված պարբերական պատվաստումներին, վերջին տարիներին կենդանիների հիվանդությունների դեպքեր հաճախակի են գրանցվում: Օրինակ` մարտ ամսին Ձորաղբյուր համայնքի տնտեսություններում (թվով 17) լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեպքեր (թվով 36 գլուխ): Այս եւ մնացած դեպքերը խոսում են այն մասին, որ կամ պատվաստումները պատշաճ ժամկետներում չեն կատարվել, կամ էլ պատվաստանյութերը որակյալ չեն եղել:
ՀԱՐՑ. Ընկերս վերջին մի քանի ամսվա ընթացքում բազմաբնակարան շենքի մի քանի բնակարաններ է վաճառել: Հիմա ուզում եմ իմանալ՝ արդյոք դա համարվո՞ւմ է ապրանքի մատակարարում, թե ոչ:
Բաբկեն Մելիքյան (49 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Բ. Մելիքյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «ԱԱՀ-ի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի՝ օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող եւ (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում, բացառությամբ՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչեւ տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի օտարումը:
ՀՀ հարկային ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում օրենքի կետերը պարզ ներկայացված են, մնում է մեզ դիմած քաղաքացին հաշվարկի իր վաճառած բնակարանների տարածքների ընդհանուր մակերեսը, որի համաձայն՝ կորոշվի, թե քանի տոկոս վճարում պետք է կատարել: