ՀԱՐՑ. Վարկի մարումն ուշացրել էինք եւ մարելուց հետո, չնայած բոլոր նախատեսված վճարումները կատարել էինք, հայտնվեցինք «սեւ ցուցակում»: Ուզում եմ իմանալ, թե որքան ժամանակ են մնում այդ ցուցակում: Խնդրում եմ մանրամասն ներկայացնել «սեւ ցուցակից» դուրս գալու կարգը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման եւ վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության կարգի՝ վարկատուները պարտավոր են ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրին տրամադրել տեղեկատվություն բոլոր այն վարկերի վերաբերյալ, որոնք ունեն պայմանագրով նախատեսված ժամկետին չվճարված գումար կամ տոկոս: Այդ տեղեկատվությունը կուտակվում, պահպանվում է ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրում, եւ վաղեմության որեւէ ժամկետ սահմանված չէ` անկախ այն հանգամանքից, թե վարկառուն ինչ պատճառով է ունեցել ժամկետին չվճարած գումար կամ տոկոս:
Հարկ է նշել, սակայն, որ ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրը տրամադրում է առեւտրային բանկերին իրենց հաճախորդների վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն եւ մասնակցություն չի ունենում առեւտրային բանկերի կողմից վարկեր տրամադրելու որոշումներ կայացնելու գործընթացին:
Տեղեկացնում ենք նաեւ, որ ըստ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքի՝ վարկային բյուրոն վարկային զեկույցում չպետք է ներառի զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն, ուստի ԱՔՌԱ վարկային բյուրոյից տեղեկատվություն ստանալու դեպքում Ձեր ժամկետանց տեղեկատվությունը հինգ տարի հետո այլեւս չի ներառվի վարկային զեկույցներում:
հետ կապերի ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացուն որեւէ կերպ մեղադրելը սխալ է, քանի որ գումարի մարման ձգձգումը կարող է միանգամայն արդարացի պատճառներ ունենալ: Այսպես կոչված «սեւ ցուցակում» քաղաքացուն ընդգրկելու համար բանկերին մեղադրել նույնպես չարժե, քանի որ գործընկեր կողմը՝ վարկ վերցնողը, խախտել է պայմանավորվածությունը: