Ինչո՞ւ են բանկերը միայն դոլարով վարկեր տրամադրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդհանրապես, դժվար է հասկանալ Կենտրոնական բանկի դիրքորոշումը արտարժույթի շուկայի ցնցումների ժամանակ: Դեռևս Տիգրան Սարգսյանի ժամանակներից մեկը մյուսին հաջորդող ճգնաժամային իրավիճակներում ԿԲ-ն մշտապես կեցվածք է ընդունել, թե հնարավորն է անում կայունությունն ապահովելու համար: Ավելին, հայտարարել է, որ դրամական պատասխանատուները հատուկ տնտեսագիտական մանիպուլյացիաների են տիրապետում, որոնք արդեն գործի են դրվել, իսկ արդյունքներն էլ շատ չեն ուշանում. արդյունք՝որպես այդպիսին, չի եղել, ու փողի լողացող շուկան ինչ-որ պահի ինքնակարգավորվել է:

Միանգամայն սպասելի էր, որ երեկվանից հայտարարարված ԿԲ-ի սակարկությունների նոր քաղաքականությունն արդյունք չէր տալու, և ասվածն ապացուցվեց մի քանի ժամվա ընթացքում: Դոլարն այսօրվանից ևս մի քանի դրամի վերելք արձանագրեց դրամատանը՝ «հասկացնելով», որ չի ենթարկվելու վերջինիս նորացված քաղաքկանությանը նույնպես:

Ի վերջո, վճռական պահին ԿԲ-ն միշտ մի կողմ է քաշվում, ու որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ, այսպես կոչված, շուկայի խաղացողներն ավելի զորեղ են, քան երկրի գլխավոր դրամատուն: «Դոլար չի վաճառվելու»,- ինչ-որ պահից որոշել են նրանք ու այդպես էլ անում են, իսկ բանկից բանկ շրջելով ու «վիզ ծռելով»՝ ընդամենը 100-200 դոլար գնելը տվյալ դեպքում արևածաղկի փող է, այսինքն՝ ոչինչ, և այն արտարժույթի շուկայում եղանակ չի փոխում: Փաստը մնում է փաստ, որ այս պահի սպասումներն ավելի շատ դոլարի շարունակական թանկացման օգտին են խոսում, ինչն էլ անիմաստ է դարձնում վաճառելը այն ապրանքը, որը վաղն ավելի թանկ գնով կարելի է իրացնել:

Հենց այս պատճառով էլ շղթայական քաոս է ստեղծվել նաև վարկավորման գործընթացում: Այս պահին երբ բոլորն են ցանկանում ազատվել դրամից, իսկ բանկերն էլ դրա կուտակված պաշարներից, բնականաբար շահեկան է դառնում վարկերի դոլարայնացումը, ինչն էլ ստեղծել է մի  իրավիճակ, երբ վարկերը լավագույն դեպքում դոլարով են տրամադրում: Եթե դոլարի թանկացման հավանականությունն այսչափ մեծ է, ուրեմն՝ թող վարկառուները տուժող կողմ դառնան: Այսինքն՝ մարդիկ 460 դրամին համարժեք դոլարով վարկ ստանան և այն մարեն, ասենք, 500 դրամ փոխարժեքի պայմաններում:

Բանկերը միանձնյա թելադրող են եղել բոլոր ժամանակներում ու խաղի կանոնները դեռևս չեն փոխվել:

Դավիթ Վանեսյան




Լրահոս