ՀՈՍՈՒՄ ԵՆ Ե՛Վ ԿԱԼԱՆՔՆԵՐԸ, Ե՛Վ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պարզվում է, ի տարբերություն հասարակական-տնտեսական-պետական ոլորտներում գրանցվող նահանջների, աճ է գրանցվում անոմալ երեւույթների ոլորտներում։ Եվ այսպես, Հայաստանը թերեւս միակ երկիրն է, որտեղ հոսում են ոչ միայն կալանքների ժամկետները, այլեւ ժամկետների հետ մեկտեղ հոսում են նաեւ կալանավայրերը: Կամ այլ կերպ ասած՝ հոսում են այն հողերի շերտերը, որոնց վրա կառուցված են կալանավայրերը։ Առաջին կալանավայրը, որը փակվեց հողի սողանքների պատճառով` «Էրեբունի» ՔԿՀ-ն էր:

«Ժողովուրդ»-ը դեռեւս 2014թ. փետրվարի 28-ին գրել էր, որ մի շարք ՔԿՀ-ներում դատապարտյալների ակտիվ տեղափոխություններ են սկսվել: Հրապարակել էինք, որ կդադարի գործել «Էրեբունի» ՔԿՀ-ն: Չնայած ՔԿՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ասել էին, թե նման բան չկա, սակայն, ինչպես միշտ, պաշտոնական «չկա»-ներին հաջորդեց ՔԿՀ-ի փակման լուրը: Ապրիլի 16-ին, պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Էրեբունի» ՔԿՀ փակվել է: ՔԿՀ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնել էին, որ այդ որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը, իսկ կոնկրետ փակման պատճառները դեռ հայտնի չեն: Ավելին՝ գրել էինք, որ «Էրեբունի»-ն միակ ՔԿՀ չէ, որ կփակվի, «Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները եւս կգնան այդ ճանապարհով:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՔԿՀ-ների ղեկավարների մակարդակով պարզել, թե, այնուամենայնիվ, որն էր պատճառը նման կտրուկ ու շեշտակի փոփոխությունների: Արդյունքում հայտնի եղավ, որ «Էրեբունի» ՔԿՀ-ի փակման պատճառներից մեկը եղել է տեղանքի սողանքը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանը, ով, ի դեպ, «Էրեբունի» ՔԿՀ-ի փակվելուց հետո նշանակվել է «Սեւան» ՔԿՀ-ի պետ: «Չգիտեմ՝ դուք տեղյակ եք, թե ոչ, սակայն «Էրեբունի» ՔԿՀ-ի տարածքի հողը հոսում էր: Զուգարանի հատվածը որ տեսնեիք, հողը հոսել-գնում էր: Ճիշտ է, երկար ժամանակ կար այդ խնդիրը, բայց որ հիմա գնաք, կտեսնեք՝ պատերը ճաքել են: Այստեղ անվտանգության հարց կար: Ես տեղյակ չեմ՝ ինչ նախագիծ կա, բայց որ «Էրեբունի» ՔԿՀ-ում սողանք կար, դա փաստ է ու գնալով շատանում էր: Աստված չաներ մեկի հետ մի բան լիներ, ի՞նչ պատասխան էինք տալու»,-ասաց Լյովա Բաղդասարյանը` հավելելով, որ «Էրեբունի» ՔԿՀ -ի դատապարտյալները տեղափոխվել են «Սեւան» ՔԿՀ:
Ըստ պետի` իրենք այս ամենի մասին բարձրաձայնել են ղեկավարությանը եւ, միգուցե, դա է եղել պատճառը, որ ՔԿՀ-ն փակվեց:
Իսկ ահա «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ժամանակավոր պաշտոնակատար Վարուժան Եղիազարյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ եւ չի էլ լսել ՔԿՀ-ն փակվելու է, թե ոչ. «Այդ ամենը խոսակցություն է, նման բան չեմ լսել, եւ մեր մոտից որեւէ դատապարտյալ չի տեղափոխվել: Ապրիլի 4-ից նշանակվել եմ ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ ՔԿՀ -ի պետն անցել է թոշակի»:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Գենադի Սարգսյանն էլ նշեց, որ, միգուցե, ՔԿՀ վարչության ղեկավարությունը նման որոշում ունի, բայց ինքն այդ ամենից տեղյակ չէ։
Այսպիսով, քրեակատարողական հիմնարկներում իրավիճակը շարունակում է մնալ, մեղմ ասած, ոչ բարվոք: Եթե նախկինում տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից տարբեր հայտարարություններ էին արվում, որ 6 հոգանոց բանտարկյալների սենյակում 10 եւ ավելի հոգով են բնակվում, հերթով են քնում, հիմա այդ ամենին ավելացել է եւս մեկ կարեւոր խնդիր, որն արդեն համակարգային է: Խոսքը վերաբերում է կալանավայրերում դատապարտյալներին տրվող սննդի որակին եւ դրա վրա բյուջեից դուրս գրվող գումարներին: Հիշեցնենք, որ դեռեւս 2013թ. «Ժողովուրդ»-ը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում սնունդն անքան վատ է, որ դատապարտյալներն ու կալանավորներն իրենց հարազատներից են սնունդ խնդրում, որպեսզի սովից չմեռնեն: Ավելին՝ 2013թ. նոյեմբերի 7-ին գրել էինք, որ պաշտոնական թվերը, որ տրամադրել էին ԱՆ-ն ու ՔԿՀ վարչությունը, հակասում են միմյանց։ Ու արդյունքում 144 մլն 455 հզ. դրամը հօդս է ցնդել: Սակայն, ինչպես նկատում ենք, այս կարեւոր փաստերը` լվացված գումարները, ինչպես միշտ, շրջանցվում են:
Հ. Գ. Ի դեպ, Արմավիրի մարզում կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկի պետ, ըստ մեր տեղեկությունների, նշանակվելու է «Սեւան» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Արսեն Խշտոյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԿԱԼԱՆԱՎՈՐԻՆ ԱՐԳԵԼԵՑԻՆ
Երեկ, ինչպես հայտնի դարձավ, մահացել է քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի հայրը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Իսրայելի հայրն այս ամիսների ընթացքում մշտապես դիմել է համապատասխան մարմիններին, որպեսզի անձամբ հանդիպի իր որդուն, սակայն նրան թույլ չեն տվել: Ի դեպ, օրերս տեղեկություններ էին հրապարակվել, թե այս սպանության գործով սկանդալային նոր բացահայտումներ են եղել, սակայն Իսրայել Սարգսյանի հարազատների շրջանում վստահ են, որ այդ տեղեկությունները անհիմն են:

 

ԸՆԴԱՄԵՆԸ ՎԵՑ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՀԱՎԿԻԹ
«Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիները տեղեկացրեցին, որ Գյումրիում դեռ շարունակվում է ժամկետանց հավկիթի վաճառքը: Խնդրի առնչությամբ դիմեցինք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղից տեղեկացանք, որ ապրիլի 16-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ծառայությունը դիտարկումներ է իրականացրել ձվի շուկայում: Ի դեպ, դիտարկումներն իրականացվել են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ Շիրակի մարզում՝ մասնավորապես Գյումրի քաղաքում: Երեկ «Ժողովուրդ»-ը ՍԱՊԾ-ից տեղեկացավ, որ Երեւանում եւ Շիրակի մարզում դիտարկման է ենթարկվել մոտ 60 խանութ, ինչի արդյունքում, սակայն, որքան էլ զավեշտալի է, Երեւանում հայտնաբերվել է տեղական արտադրության ընդամենը 6 ժամկետանց հավկիթ, որն էլ ոչնչացվել է: Իսկ Շիրակի մարզում ժամկետանց եւ թերի մակնշված հավկիթ չի հայտնաբերվել: Մինչդեռ ժամկետանց հավկիթները «հանգիստ» հանգրվանած են վաճառասրահների դարակներում:

 

«ՍԱՀԱԿՅԱՆՇԻՆ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵՑ
Դեռեւս 2013 թ. հունիսի 15-ին «Սահակյանշին» ընկերության փոխտնօրեն, 29-ամյա Կարեն Սահակյանի բնակարանում գողություն էր տեղի ունեցել: Արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր.օր.177 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասի (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով եւ կատարվել է բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով:
Անհայտ անձը կամ անձինք Կ. Սահակյանի տան պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրելու եղանակով ներս էին մտել եւ այնտեղից հափշտակել մոտ 8 միլիոն դրամի ոսկյա եւ արծաթյա զարդեր: Սակայն, սա դեռ Կ. Սահակյանին բաժին հասած ձախորդությունների վերջը չէ: 2013թ. անորակ շինարարության եւ ամեն տարի քանդվող ասֆալտի արդյունքում, Հրաչյա Քոչարի փողոցի կապալառու «Սահակյանշին» ՍՊԸ-ն վերացնում էր իր իսկ կատարած ասֆալտապատման թերությունները:
Գողերի հափշտակությունից, սեփական թերությունները վերացնելուց հետո ընկերությունը հիմա էլ հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ապրիլի 2-ին փոխադրման 8 ամփոփագրերով ընկերության տնօրեն Սուրեն Սահակյանը Հայաստան է ներմուծել նավթային բիտում, որի մասին հայտարարագիր այդպես էլ չի ներկայացրել: Ինչի արդյունքում տուգանվել է 50.000 հազար դրամով:

 

 

 

ԲԼԹ

«Ափսոսում եմ, որ նախագահը երկրի ճակատագրով անկեղծ մտահոգությունը չտարբերեց իշխանությունների գործունեության ողբալի արդյունքների վրա չարախնդալուց»:

Ռոբերտ Քոչարյան 2-rd.am

Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունների հասցեին հերթական անգամ քննադատությամբ հանդես եկած՝ ՀՀ 2-րդ նախագահն իր այսպիսի պոռթկումները համարում է երկրի ճակատագրով անկեղծ մտահոգություն: Երեւի թե երկիրը ժամանակին նույն մեթոդներով թալանած, 4 միլիարդ դոլար հարստություն դիզած, իսկ հիմա էլ՝ իրեն «ընդդիմադիր» զգացող Ռոբերտ Քոչարյանը մոռացել է, որ երբ ինքն էր այդ նույն իշխանության ղեկին, այն էլ՝ ոչ լեգիտիմ կերպով, բնավ էլ չէր մտահոգվում երկրի ճակատագրով, դրա փոխարեն հաջողությամբ ստեղծել էր վախի մթնոլորտ եւ նպաստում էր քրեաօլիգարխիայի ծաղկմանն ու բարգավաճմանը:

 

 

 
«Ինչո՞ւ եք այդ երկու բանն իրար կապում. Հայաստանում 12 վարչապետ է փոխվել, եւ երբ ես ասում էի, որ մենք կուզենայինք վերադառնալ, ես դա չէի պայմանավորում վարչապետի փոխվելով կամ չփոխվելով»:

Վազգեն Մանուկյան 1in.am

Ի հեճուկս Վ. Մանուկյանի պնդումների, ԱԺՄ կուսակցության հնարավոր վերածնունդը վարչապետի փոփոխության հետ կապելը լավ էլ տրամաբանական է: Չմոռանանք, որ իբրեւ թե «կամավոր» հեռացած Տ. Սարգսյանն իր քաղաքական գործունեությունը սկսել է որպես շարքային ԱԺՄ-ական,եւ նրա քաղաքական կնքահայրը Վ. Մանուկյանն է: Տ. Սարգսյանի՝ վարչապետ դառնալուց հետո էր, որ ԱԺՄ նախագահը ընդդիմությունից հայտնվեց իշխանությունում՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոն ստանալով: Իսկ հիմա, երբ Տ. Սարգսյանին խաղից հանեցին, ինչո՞ւ է մտածում ԱԺՄ-ն նորից քաղաքականություն մտցնելու մասին: Միգուցե իր տեղի համա՞ր է վախենում:

 

 

 

«Ընտրությունների հաճախականությունը թույլ է տալիս մարդկանց հասկանալ՝ ով է քաղաքական գործիչը, ով է` չարչին քաղաքականության մեջ: Մենք չենք կարող չարչիներին ընդհանրապես արգելել քաղաքական գործունեությամբ զբաղվել»:

Պարույր Հայրիկյան Tert.am

Անկախության սիմվոլը հիմա էլ 2 տարին մեկ ընտրություններ անելու առաջարկով է հանդես գալիս՝ բացահայտելու համար, այսպես ասած, չարչիներին: Իհարկե, չարչիները շատ են մեր քաղաքական դաշտում, դա անհերքելի է, բայց նրանցից յուրաքանչյուրին էլ եթե հարցնես, ապա կհամարի, որ դիմացինները բոլորը չարչի են, եւ միայն ինքը՝ քաղաքական գործիչ: ԱԻՄ նախագահն էլ իրեն է համարում լավագույն քաղաքական գործիչ, երեւի այդ պատճառով է մեկ օրում 20 անգամ որոշում փոխում, մինչեւ ՍԴ-ի դուռը հասնելը: Էլ չենք խոսում, որ «ազգային ինքնորոշում» ասվածի տակ էլ միայն արեւմտյան կողմնորոշում է ընդունում:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ




Լրահոս