Այս օրերին, երբ բոլորի ուշադրության կենտրոնում է հայ-ադրբեջանական սահմանագոտում առկա լարված իրավիճակը, հանրությունը սպասում է պատասխանատու մարմինների համարժեք գնահատականներին եւ գործողություններին: Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված շարունակական դիվերսիայի ընթացքում, բնականաբար, բոլորին հետաքրքրում էր, թե ինչով են զբաղված երկրի գերագույն գլխավոր հրամանատարը` ՀՀ նախագահը, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները` ովքեր ի պաշտոնե կոչված են դիմագրավել բոլոր վտանգներին ու երաշխավորել մեր երկրի ռազմական, դիվանագիտական եւ քաղաքական անվտանգությունը: Հայաստանում, սակայն, գոյություն ունի այս խնդիրների լուծմամբ զբաղվող եւս մեկ կառույց, որի վերջին տարիների գործունեությունն այնքան գորշ է ու արարողակարգային, որ դրա մասին հանրությունն անգամ մոռացել է: Խոսքը Ազգային անվտանգության խորհրդի մասին է, որի քարտուղարի պաշտոնն, ինչպես հայտնի է, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը «նվեր ստացավ»` 2008թ. Սերժ Սարգսյանին տրված հավատարմության երդումից հետո: Հանուն արդարության, պետք է նշել, որ այս կառույցը վերածվել էր ձեւական կցորդ մարմնի շատ ավելի վաղ` դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, երբ դրա քարտուղարը Սերժ Սարգսյանն էր: Սակայն եթե ստանդարտ իրավիճակներում ԱԱԽ անգործությունն այդքան էլ աչք չէր ծակում, ապա վերջին օրերի լարված եւ մեր երկրի ազգային անվտանգությանն անմիջականորեն սպառնացող իրադարձությունների ընթացքում ակնկալվում էր, որ այս մարմինն առնվազն պետք է նիստ գումարի: Նման նիստ չգումարվեց, ավելին` ԱԱԽ անդամների մեծ մասն ու ղեկավարությունն այս օրերին զբաղված էր նախօրոք ծրագրված արտասահմանյան այցելություններով, իսկ մյուս մասն էլ` ի դեմս պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, ֆուտբոլային խաղերին հետեւելով: Ի՞նչ է սա` մտածված մարտավարությո՞ւն` հարեւաններին ցույց տալու համար, թե մենք ամենեւին էլ վախեցած չենք սահմանին տիրող իրավիճակով, թե՞ ԱԽ-ի համար սովորական «աշխատանքային վիճակ»: Ցավոք սրտի, դատելով այս կառույցի հեղինակությունից եւ երկրի համար կարեւորագույն որոշումների կայացման մեջ ունեցած դերակատարությունից, ակնհայտորեն խոսքը երկրորդ տարբերակի մասին է: Էլ չասած, որ ՀՀ-ի նկատմամբ ռազմական ագրեսիա սանձազերծելով` Ադրբեջանն ուղղակի ձեռնոց նետեց ՀԱՊԿ-ին, որի ղեկավարին ընդունել ու պատիվ տալը վերջին տարիներին Արթուր Բաղդասարյանի, ըստ էության, միակ գործն էր: Սակայն դատելով ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժայի լռությունից, Ա. Բաղդասարյանն անգամ այդտեղ է տապալվել:
Մինչդեռ ժամանակին ՀՀ ԱԽ-ն լուրջ մարմին էր, որտեղ իսկապես քննարկվում էին երկրի անվտանգության հետ կապված կարեւորագույն խնդիրները: Դրա ապացույցն է Ղարաբաղի հարցի` փուլային թե փաթեթային կարգավորման շուրջ 1998թ. ԱԱԽ նիստում ծավալված քննարկումների` մամուլում հրապարակված արձանագրությունը:
«ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԻՃԱԿ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ