ԳՅՈՒՄՐԻՆ՝ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՕՐՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ Գյումրիում երկաթուղայինները գործադուլի են պատրաստվում: Երեկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի լոկոմոտիվային բրիգադի աշխատակիցները 2 ժամով նախազգուշական գործադուլ արեցին: Գործադուլավորների պահանջը ե՛ւ բնական է, ե՛ւ բարոյական` համարժեք վարձատրություն` կատարված աշխատանքի դիմաց: Երկաթուղայինների միջին աշխատավարձը նախկինում կազմել է 150 հզր դրամ, իսկ այժմ ամենաբարձրն 120 հզր է: Այս փաստն ուշագրավ է հատկապես այն առումով, որ հենց երեկ արդեն «ընդդիմադիր» Արթուր Բաղդասարյանն իր ասուլիսում դժգոհեց, թե ինչպես կարող է ապրել 250 հզր դրամ աշխատավարձով: «Իրանք մեր հացը կկտրեն, մենք էլ՝ ամբողջ հանրապետության: Մենք պետք է տեղափոխեինք հացահատիկ ու հիմա չենք տեղափոխում»,-երեկ Գյումրիում հայտարարել է գործադուլավոր մեքենավարներից մեկը: Եթե երկաթուղայինների պահանջը չբավարարվի, նրանք առաջիկայում դիմելու են համընդհանուր գործադուլի:
Նկատենք, որ Գյումրիի դեպոյի գործադուլը, «Դեմ եմ»-ի շարժումը, ազատամարտիկների բողոքները գալիս են փաստելու, որ այլեւս անշրջելի է Հայաստանում սեփական իրավունքների համար պայքարի անիվը: Ի դեպ, սոցիալիստական հեղափոխությունն էլ Հայաստանում սկսվեց Գյումրիից, ու կրկին դեպոյից, երբ 1920թ. մայիսի 7-ին «Վարդան Զորավար» զրահագնացքում տեղի ունեցավ գաղտնի խորհրդակցություն` կազմավորվելով Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն:

 

 

 

 

 

Ոչ իշխանական «հրաշալի քառյակ»-ի նիստում երեկ անակնկալ էր. նիստին անսպասելիորեն մասնակցել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջինս այնտեղ մնացել է մոտ մեկ ժամ, փորձել է բանակցել ընդդիմադիր պատգամավորների հետ, հավաստիացրել, որ կառավարությունն անելու է հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ աշխատելու համար, նաեւ՝ որպես ապացույց նշել, որ այս պահին հրաժարվում են կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր բաղադրիչից»: Ավելին՝ Արգամիչը նաեւ վերցրել է Քառյակի նախագիծը՝ կենսաթոշակայինի հետ կապված՝ խոստանալով ծանոթանալ ու այն միավորել իրենց նախագծին: Սակայն հանդիպումն այնքան էլ ջերմ մթնոլորտում չի անցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հատկապես ՀԱԿ պատգամավորները հակադարձել են, թե չեն վստահում Սերժ Սարգսյանի կադրերին, ու միամիտ չեն, որ հավատան նրանց: Ի պատասխան Աբրահամյանն ասել է՝ փորձեք:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում աշխատակիցներին սկսել են սովորեցնել անգլերեն ու ֆրանսերեն: Ավելին՝ այդ նպատակով 2013թ. տարեվերջին ՀՀ պետական բյուջեից 710 հազար դրամ է ծախսվել: Նախարարության 15 աշխատակից սովորել է անգլերեն, 2 աշխատակից էլ՝ ռուսերեն: Ուշագրավն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բավականին ակտիվ դերակատարում ունի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության աշխատանքների կազմակերպման հարցում: Սակայն, փաստորեն, այդ նախարարությունում աշխատակիցների համար կազմակերպվում են ոչ թե ռուսերենի, այլ՝ ուրիշ օտար լեզուների դասընթացներ: Ահա թե ինչպես է դրսեւորվում կոմպլեմենտարիզմը:

 

 

 

 

Այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է 23 հազար 621 մարդ: «Ժողովուրդ»-ը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացավ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 186 հազար 493 մարդ եւ ժամանել՝ 164 հազար 807-ը: Ասել է թե՝ բացասական մնացորդը կամ արտագաղթածների թիվը կազմել է 21 հազար 686 մարդ: Իսկ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 4 հազար 832 եւ վերադարձել՝ 2 հազար 897 մարդ, բացասական մնացորդը՝ 1935 հոգի: Նշենք, որ սա արտագաղթի ամբողջական պատկերը չէ. Հայաստանից հիմնականում հեռանում են ցամաքային ճանապարհով, գերազանցապես՝ Բագրատաշենի ու Բավրայի անցակետերով՝ Վրաստանով մեկնելով ՌԴ կամ ԱՊՀ այլ երկրներ:

 

 

 

ՏԵՂԸ ԴՐԵՑ

Արեւելյան գործընկերության հինգերորդ տարեդարձի առթիվ բարձր մակարդակի հանդիպմանը երեկ Պրահայում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքին` ընդգծելով, որ մեր երկիրը շահագրգռված է Արեւելյան գործընկերության ձեւաչափի հետագա զարգացմամբ. «Մենք հանձնառու ենք ԵՄ մեր գործընկերների հետ քայլեր ձեռնարկել մեր հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմք ձեւավորելու ուղղությամբ, որը մի կողմից՝ կարտացոլի ԵՄ հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի կլինի համագործակցության մյուս ձեւաչափերի հետ»,-ասել է Ս. Սարգսյանը:
Սեպտեմբերի 3-ի որոշումից հետո, թվում էր` Ս. Սարգսյանը Եվրամիությանն այլեւս որեւէ ասելիք չպետք է ունենար, սակայն երեկ նա ոչ միայն խոսել է համագործակցության նոր որակների մասին, այլեւ դեռ մի բան էլ կշտամբել է եվրոպացիներին. «Մեր համոզմամբ՝ գործընկեր երկրներից որեւէ մեկը չպետք է ստիպված լինի գին վճարել իր կայացրած որոշման համար՝ պայմանավորված այս կամ այն ինտեգրացիոն գործընթացին իր մասնակցության աստիճանով։ Մենք չենք ուզում ընտրություն կատարել բարեկամների միջեւ, այլ ուզում ենք ունենալ հնարավորինս շատ բարեկամներ»,- ասել է Սարգսյանը։
Բնականաբար` գին վճարելու ակնարկը վերաբերում էր Ուկրաինային, որտեղ ծավալվող գործողությունները ցույց տվեցին, որ աշխարհաքաղաքական երկու կենտրոնները` ի դեմս մի կողմից՝ Ռուսաստանի, եւ մյուս կողմից` ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի, հանուն իրենց շահերի պատրաստ են վերջնականապես ոչնչացնել այդ երկիրը:
Եվ այս առումով որքան էլ անցած ամիսներին քննադատած լինենք Ս. Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու անսպասելի, միանձնյա որոշումը, այդուհանդերձ` հանուն արդարության պետք է նկատենք, որ նա միանգամայն իրավացի է իր՝ վերը նշած բանաձեւման մեջ:
Իր խոսքում Ս. Սարգսյանը նաեւ անդրադարձել է Արեւելյան գործընկերության խնդիրներին` մասնավորապես նշելով այն հանգամանքը, որ այստեղ միավորվել են երկրներ, որոնք ունեն տարբեր մոտեցումներ եւ տարբեր ձգտումներ: Եվ այդ հարցում նա առաջին հերթին նշել է Ադրբեջանին, որի նախագահ Ի. Ալիեւը նախորդ օրը «օկուպացված տարածքների» շուրջ նվնվալու առիթը բաց չէր թողել: Այս կապակցությամբ էլ միանգամայն տեղին էր մատնանշումը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որակապես տարբեր հարթություններում գտնվող երկրներ են, ուստի անհասկանալի է նրանց մեկտեղելու ԵՄ որոշումը: Ճիշտ այնպես, ինչպես անհասկանալի է հիմնարար ազատությունները հարգող Եվրոպայի լռությունը` ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանը զմռսելու շուրջ, այնինչ, ինչպես նկատեց Ս. Սարգսյանը` «Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք»:




Լրահոս