Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում իր մահկանացուն կնքեց դաշնակահար, դիրիժոր, կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը։ 1956թվականից սկսած՝ նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը։ 1992 թվականից մաեստրոն բնակվում էր ԱՄՆ-ում։
Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային եւ սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այս տխուր իրադարձությանը որոշ չափով նախապատրաստված էին, արդեն մոտ երկու ամիս առաջ գիտեին մաեստրոյի ծանր հիվանդության մասին. «Չնայած, ամեն դեպքում հույսներս չէինք կորցնում. շատ առողջ էր, եւ մտածում էինք, որ այս անգամ էլ հիվանդությունը կհաղթահարի։ Բայց երեւի տարիքն իրենը վերցրեց։ Օրբելյանը այսօր արդեն սիմվոլ է բոլորիս համար։ Ես ու իմ հասակակիցները Արտեմի Այվազյանի ժամանակ շատ փոքր ենք եղել, եւ Օրբելյանի նվագախմբից է սկսվել իմ՝ հայ էստրադայի ընկալումը։ Ու նաեւ էստրադային կվինտետից»։ Ըստ մեր զրուցակցի՝ Արտեմի Այվազյանի նվագախմբի կատարումները Սովետական Միությունում հայկական ջազ էին անվանում։ Ընդ որում, ջազը շատ ավելի շուտ է եղել Հայաստանում, քան Ռուսաստանում։ ԽՍՀՄ օրոք շատ ժանրերում, նույնիսկ ռոքում Հայաստանն առաջինն է եղել։ «Չնայած Արտեմի Այվազյանն առաջինն էր, բայց հայկական էստրադայում այնքան խորը հետք չի թողել, որքան թողեց Օրբելյանը, ով նվագախմբի ոճը մի քիչ փոխեց, այն ավելի ջազային դարձրեց, գործիքավորումները՝ մի քիչ ավելի համահունչ ժամանակին։ Ռուսաստանից, Բաքվից հրավիրում էր լավագույն երաժիշտներին, ստեղծում էր այնպիսի մթնոլորտ, որտեղ պրոֆեսիոնալիզմը, կարգապահությունը շատ կարեւոր դեր էին խաղում»։
Ե. Երզնկյանին չի հաջողվել նվագել Օրբելյանի նվագախմբում՝ չնայած մաեստրոն շատ է հավանել բաս-կիթառով նրա կատարումները եւ հրավիրել իր մոտ։ Պետք է նվագախմբի հետ գնար հյուրախաղերի՝ Ուկրաինա, ապա ԱՄՆ, բայց մեր զրուցակցին բանակ են զորակոչել… Կոնստանտին Օրբելյանի փորձերից էլ սովորելու, ընդօրինակելու շատ բան է տեսել մեր զրուցակիցը՝ կարգապահությունը, երաժիշտների բեմական պահվածքը։
Տարիներ անց, երբ Ե.Երզնկյանը դարձել է Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նավագախմբի ղեկավարը, իսկ Կ. Օրբելյանն էլ ղեկավարում էր Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, նրանք պայմանավորվել են, որ եթե մի երաժիշտ ցանկանա մեկի մոտից գնալ մյուսի մոտ, որոշումն իրենք միասին կայացնեն։ «Նրա նվագախումբը տարեկան 160-170 համերգ էր տալիս ԽՍՀՄ-ում եւ արտասահմանում, այն տարիներին հայտնի գրեթե բոլոր երգիչ-երգչուհիները երգել են նրա մոտ։ Օրինակ՝ Լարիսա Դոլինան, Ալլա Պուգաչովան… Նվագախումբը ԽՍՀՄ-ում շատ ճանաչված էր, եւ այնտեղ երգելը նաեւ Ալլա Պուգաչովայի համար կարիերայի ճանապարհ հարթեց։ 36 տարի անընդմեջ ղեկավարեց նվագախումբը, բայց երբ տեսավ, որ իրեն չեն ուզում Հայաստանում (որովհետեւ ռուսախոս էր), մեծ դահլիճից հանեցին, դրան էլ ավելացավ իր եւ Լորիս Ճգնավորյանի կռիվը, թողեց-գնաց»։ ԱՄՆ-ում էլ մաեստրոն զբաղվել է երաժշտությամբ, սակայն այնտեղ այնքան պահանջված չի եղել, որքան Հայաստանում։ «Երաժիշտը չի կարող չզբաղվել երաժշտությամբ, այնտեղ էլ երգեր էին պատվիրում, ժամանակ առ ժամանակ գալիս էր Հայաստան, գնում էր Մոսկվա, հոբելյաններն էին նշում։ Ընդհանրապես ինքնուս եւ պրոֆեսիոնալ կոմպոզիտորի տարբերությունն այն է, որ ինքնուսը կարող է գրել մեկ, առավելագույնը երկու շատ լավ երգ եւ դրանով վերջանա, իսկ պրոֆեսիոնալն իր մակարդակը պահում է։ Եվ Օրբելյանի գրած բոլոր երգերը երգում են ոչ թե պարտադրաբար, այլ սիրով, որովհետեւ նա մի հատ վատ երգ չունի»,- համոզված է մեր զրուցակիցը։
ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՈՎԸ ԲՈՒԺՎՈՒՄ Է ՏԱՆԸ
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ մայիսի 13-ին կայանալու է Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, որին հրավիրված են նաեւ Շառլ Ազնավուրը, Ալան Թերզյանը, Նիկիտա Միխալկովը, Կարեն Շահնազարովը: Oրերս, սակայն, հրապարակումներ եղան այն մասին, որ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը սրտի շրջանում ցավերի պատճառով դիմել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի բժիշկներին, ովքեր նրան համակողմանի հետազոտություն են նշանակել եւ սրտի անբավարարություն ախտորոշել:
Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ինքը կապվել է Կարեն Շահնազարովի հետ եւ տեղեկացել, որ այս պահին նա բժիշկների հսկողության տակ է, հատուկ «պրոցեդուրաներ» է ընդունում, շատ ափսոսում է, որ չի կարող ընդհատել այդ պրոցեդուրաները եւ ժամանել Երեւան։ Ընդ որում, նա ոչ թե հիվանդանոցում է, այլ տանը. «Առողջական վիճակն այս պահին վատ չէ, բայց այդ «պրոցեդուրաները» պետք է պարտադիր օրը մի քանի անգամ ընդունի»։ Ամեն դեպքում, ռեժիսորը խոստացավ ճշտել բժիշկներից, թե արդյոք կարո՞ղ է երկու-երեք օրով ժամանել Հայաստան։ Սակայն նա նաեւ հավելեց, որ դրա հավանականությունը շատ քիչ է։ «Իհարկե, նրա առողջությունը շատ ավելի թանկ է թե՛ իր, թե՛ մեզ համար, քան մրցանակաբաշխությանը մասնակցելը»,- նշեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է մյուս աստղերի` Շառլ Ազնավուրի, Նիկիտա Միխալկովի եւ Ալան Թերզյանի մասնակցությանը, ապա ըստ կինոկենտրոնի տնօրենի. «Նախնական համաձայնություն բոլորի հետ կա, իսկ այսօր (ապրիլի 25-ին-Ռ.Թ) երեկոյան վերջնականապես կճշտենք։ Կարեն Շահնազարովն էլ 100 տոկոսով գալու էր, բայց…»։ Մեր զրուցակցին հիշեցրեցինք, որ Շառլ Ազնավուրը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե մայիսի 12-ին Երեւանում համերգ է տալու։ «Այո՛, դրա մասին մենք էլ գիտենք։ Շառլ Ազնավուրը Հայաստանից գնալու էր մայիսի 13-ին, սակայն համաձայնվել է մնալ, ներկա լինել նաեւ «Հայակ» մրցանակաբաշխությանը եւ գնալ մայիսի 14-ին։ Հիշեցնեմ նաեւ, որ նրան հատուկ մրցանակ ենք հանձնելու»,-վերջում ավելացրեց Գ. Գեւորգյանը։
Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Armenia Production» ընկերության գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը հայտարարել է, որ մտադիր է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ, որտեղ ներգրավված կլինեն այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Դասթին Հոֆմանը եւ Էդրին Բրոուդին: Ըստ պրոդյուսերի՝ ֆիլմը կոչվելու է «Պացիենտ»: Այն պատմելու է 20-րդ դարասկզբին տեղի ունեցող դեպքերի մասին: Ֆիլմի գլխավոր հերոսը լինելու է Կոմիտասը, ով, չկարողանալով դիմակայել այն սարսափներին, ինչին ականատես էր եղել, տեղափոխվել էր Փարիզի հոգեբուժարան, որտեղ անց էր կացրել շուրջ 20 տարի եւ մահացել: Վ. Սահարյանը նշել է, որ կապվել է Սերժ Թանկյանի հետ՝ առաջարկելով, որ ֆիլմի երաժշտության հեղինակը հենց նա լինի, վերջինս էլ տվել է իր համաձայնությունը: Ի դեպ, Սերժ Թանկյանը հայտնի է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նվիրված ակտիվ հասարակական գործունեությամբ:
ԿՂԶԻ Է ՆՎԻՐՈՒՄ
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփն իր հարսնացուի՝ 28-ամյա Էմբեր Հերդի համար հարսանեկան նվեր է պատրաստում: Դերասանը, ով Էմբերի ապագա երեխայի հայրն է, պատրաստվում է 15 միլիոն դոլարով գնել Հավայան Կաուայի կղզին:
ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
Սթրիթ արտի վարպետ Բենքսիի՝ Լոնդոնում ցուցադրության հանված 10 աշխատանքներից 9-ը կիրակի օրը հանվելու են առցանց աճուրդի: Վաճառվելիք նմուշները, որոնք բառի բուն իմաստով հանվել են պատերից, դռներից ու անգամ մեքենաների վրայից, Բենքսիի լավագույն աշխատանքներից են: Փորձագետները ենթադրում են, որ նրա աշխատանքները կվաճառվեն 170.000- 850.000 դոլարի սահմաններում: Սակայն ինքը՝ հեղինակը, չի ողջունել իր գրաֆիտիները ցուցադրության, ինչպես նաեւ աճուրդի հանելու նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ իր թույլտվությունը ոչ ոք չի հարցրել: