Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի բախտը, ինչպես ասում են, բերել է. նախարարության աշխատակազմի գերակշռող մեծամասնությունը «սիրահարված» է նրան, շատ է կամենում, որ նա շարունակի պաշտոնավարումը: Պաշտոնակատարի մասին հատկապես բարձր կարծիք են հայտնում տեղակալները, վարչությունների պետերը…
Այս ամենը, բնականաբար, առերեւույթ է, քանի որ մեր երկրում գրեթե ոչ ոք «հարցախույզերին» անկեղծ չի պատասխանում` գիտակցելով, որ հետո խնդիրներ է ունենալու: Երբ հարցրինք` կամենում են, որ Սերգո Կարապետյանը շարունակի իր պաշտոնավարումը, նրա «հարազատ» «Օրինաց երկիր» կուսակցությունից մեզ մտերիմ մի քանի հոգի չթաքցրին իրենց ոչ դրական վերաբերմունքը նրա նկատմամբ, իսկ մի հին ՕԵԿ-ական, որն աշխատել է գյուղատնտեսության ոլորտում, բարձր պաշտոններ զբաղեցրել, իսկ հիմա էլ գրեթե շարքային աշխատանք է կատարում կուսակցությունում, ասաց. «Նույն Գերասն է` մի քիչ քաղաքակրթված տեսքով: Համ էլ սա ավելի հարուստ է, դրա համար էլ Գերասի նման աչքն ամեն բանի չի գցում… Գիտի, թե որտեղից եւ ինչ կարելի է ստանալ»:
Իհարկե, ՕԵԿ-ում կան մարդիկ, որոնք, դեմ լինելով իրենց առաջնորդի վարած կադրային քաղաքականությանը, դժգոհում են, խոսում այն մասին, որ իսկական մասնագետները մոռացության են տրվում, եւ պաշտոններ են ստանում կա՛մ դրսից ներդրվածները, կա՛մ էլ նրանք, ովքեր շատ փող ունեն: Սերգո Կարապետյանը ե՛ւ դրսից է ներդրված, ե՛ւ շատ փող ունի, ե՛ւ ունի կապեր, անձնական մտերմություն էլ ունի երկրի նախագահի հետ, իսկ սա նշանակում է, որ հետագա պաշտոնավարման հարցը լուծված է հարյուր տոկոսով: Ճիշտ է, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իրեն բնորոշ «փիլիսոփայական խորաթափանցությամբ» ասում է, որ կուսակցական քվոտայով տրված պաշտոնների հարցը լուծում են կուսակցությունները, ուստի Սերգո Կարապետյանի թեկնածությունն առաջադրել ու պաշտպանել է ՕԵԿ-ը, բայց ո՞վ չգիտի, որ հատկապես Սերգոյի հարցում ամեն ինչ որոշվել է նախագահականում:
Անգամ հոգեւոր դասի ներկայացուցիչներն են պաշտպանում նրա թեկնածությունը, ինչպես, օրինակ, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Դե, Սերգոն եկեղեցին մերձեցրեց գյուղատնտեսությանը, հոգեւորականներին տարավ դաշտերն ու խնդրեց աղոթել: Ասում են՝ ըստ Սերգո Կարապետյանի՝ աղոթքներն առավել զորավոր են, քան հակակարկտային կայաններն ու այն ուժանյութերը, որոնք անհրաժեշտ են հարուստ բերք ապահովելու համար: Սերգոն, ինչպես նշում են իրազեկ աղբյուրները, ուժանյութերի հանդեպ իր առանձնակի վերաբերմունքն ունի: Շատերն են հաստատում, որ նախարարը քաջատեղյակ է, որ գյուղացիական տնտեսություններին տրվում են ժամկետանց ուժանյութեր, այն էլ բավական բարձր գներով, որոնք ապահովում են նախարարության մի շարք աշխատակիցների «կայուն» եկամուտները: Սերմացուների հարցում էլ Սերգոն հույսը երեւի դնում է աղոթքների վրա, որովհետեւ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստան ներկրված եւ գյուղացիներին տրված սերմացուներից շատերը բառացիորեն անօգտագործելի են, անորակ, դրանք նույնպես տրվում են անհասկանալի գներով` վերջնականապես հաստատելով այն միտքը, որ գյուղատնտեսության նախարարությունը ոչ թե ստեղծվել է գյուղատնտեսական քաղաքականություն մշակելու, ծրագրեր առաջադրելու, կանոնակարգելու պետական պատվերով մի շարք մշակաբույսերի արտադրությունը, այլ ընդամենը դարձել է պետական միջոցներն անհասկանալի ձեւով մսխող մի կառույց, որն անգամ չի կանգնում գյուղացիների կողքին այն ժամանակ, երբ հարկավոր է օգնել մթերող կազմակերպությունների հետ համաձայնագրեր ձեւակերպելու հարցում:
Ս. Կարապետյանի պաշտոնավարման շրջանում հատկապես ծանր կացություն ստեղծվեց կաթի գնման ոլորտում: Շիրակի մարզի տասից ավելի համայնքների ղեկավարներ մեզ իրենց դժգոհությունը հայտնեցին` նշելով, որ իրենք դիմել են նախարար Ս. Կարապետյանին` խնդրելով աջակցել, որ մթերող գործարարներն արհեստականորեն չիջեցնեն կաթի գինը, սակայն նախարարն այդպես էլ անհաղորդ է մնացել խնդրանք-պահանջին: Դե, նա հո իր հարաբերությունները չի՞ փչացնելու մթերողների հետ, քանի որ ինքն էլ մթերող է, իրեն է պատկանում «Արտֆուդ»-ի բաժնետոմսերի մի զգալի մասը, ինքն էլ է գյուղացիներից պտուղ ու կաթ մթերում` շատ հաճախ շուկան ողողելով անորակ պահածոներով:
«Արտֆուդ»-ի արտադրած «Այծի կաթ»-ը բացարձակ խոտան է. մասնագետների հետ մեր զրույցներից պարզ դարձավ, որ այդ կաթի բաղադրության մեջ այծի կաթի պարունակությունը մոտ 20% է, մնացածը ջուր է եւ էլի ինչ-որ խառնուրդներ: Սակայն ո՞վ կարող է նախարար-գործարարին ասել, թե աչքիդ վերեւը հոնք կա: Սերգոն աշխատում է ոչ թե ի շահ գյուղատնտեսության, այլ` օլիգարխների: Շիրակի եւ Լոռու մարզերի մի շարք գյուղապետեր, մասնավորաբար նրանք, ում առաջարկվել է զբաղվել շաքարի ճակնդեղի արտադրությամբ, իրենց զայրույթն արտահայտեցին, բողոքեցին, որ այս նախարարը, գյուղեգյուղ ընկած, համոզում է գյուղացիներին ճակնդեղ աճեցնել եւ վաճառել Ալեքսանյան Սամվելին չնչին գնով: Նախարարն այստեղ դարձել է Լֆիկի մենեջերը` մոռանալով, որ իր գործառույթը բոլորովին այլ է, որ ինքը կոչված է պաշտպանել գյուղատնտեսությամբ զբաղվողների շահերը:
Գյուղատնտեսության նախարարությունն այն եզակի գերատեսչություններից է, որը հատկապես Ս. Կարապետյանի պաշտոնավարման շրջանում հրաժարվեց իրատեսական միջնաժամկետ ծրագրերից, գյուղատնտեսության արտադրության եւ գիտության կապից: Ինչպես ասում են, մենք ինքներս պրոֆեսորներ ենք, մեր ինչի՞ն են պետք բժիշկները… Գյուղատնտեսության մեջ երկարամյա փորձ ունեցող, ճանաչված մասնագետ Գրիգոր Վարդանյանն ասաց. «Սերգո Կարապետյանի նշանակումը նախարարի պաշտոնում մեծ սխալ էր, բայց այդ սխալը շարունակվում է նաեւ հիմա, որովհետեւ արդեն կայացվել է քաղաքական որոշում` նրան իր պաշտոնում թողնելու մասին: Նա ոչինչ չի հասկանում գյուղատնտեսությունից: Բայց հերիք չէ, որ չի հասկանում, չի էլ կարողանում կազմակերպել նախարարության գործունեությունը: Նրա ղեկավարած նախարարությունն ամեն ինչով զբաղվում է, բացի գյուղատնտեսությունից»:
Ավելացնենք, որ գյուղնախարարից բավական հիմնավոր դժգոհություններ կան նաեւ վերջերս ստեղծված «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում: Այստեղ հավաքված են լուրջ մասնագետներ, որոնք կամենում են աշխատել, նպաստել իրենց առջեւ դրված խնդիրների իրագործմանը, բայց քանի որ նախարարն ու նրա մի շարք ենթականեր բառացիորեն ոչինչ չեն հասկանում ՊՈԱԿ-ի գործառույթներից, մինչ օրս չեն զբաղվել ՊՈԱԿ-ի կայուն ֆինանսավորման, գույքի ու անհրաժեշտ սարքավորումների հարցով: Ասում են՝ ժամանակ չունեն այդ ամենի համար, որովհետեւ մի հսկա նախարարություն զբաղվում է «Արտֆուդ»-ի եւ Սերգո Կարապետյանի ընկերներին պատկանող, պահածոներ արտադրող ձեռնարկությունների հարցերով:
«ՍԻՐԱՀԱՐՎԱԾ» ԵՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ