Ինչպես ստիպել Սերժ Սարգսյանին հարգել Սահմանադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների նպատակով Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված հանձնաժողովի հրապարակած «Հայեցակարգի» ուշագրավ դրույթներից հերթականը վերաբերում է Հայաստանում պետական իշխանության թեւերի սահմանադրական լիազորությունների խնդրին: «Ներածության» բաժնում արձանագրված է, որ սահմանադրական փոփոխությունների հիմնավորումների շարքում առանցքային է իշխանության թեւերի միջեւ լիազորությունների շուրջ առաջացող վեճերի հաղթահարման համար անհրաժեշտ մեխանիզմների բացակայությունը:

Փաստաթղթում նաեւ շեշտվում է սահմանադրաիրավական գործընթացների՝ բացառապես քաղաքականի վերաճելու անթույլատրելիությունը:

«Հայեցակարգը» հռչակում է, որ Հայաստանում պարզապես գոյություն չունի սահմանադրական լիազորությունների հարցով իշխանության մարմինների միջեւ առաջացած վեճերի լուծման հնարավորություն:

Այսօրինակ ձեւակերպումը թույլ է տալիս ենթադրել, որ նման մեխանիզմի բացակայության մեղավորը գործող Սահմանադրությունն է, որն իշխանության տարբերի թեւերի միջեւ գոյություն ունեցող հակասությունները չի հաղթահարում: Հեղինակները, սակայն, իրավամբ արձանագրելով հանդերձ իշխանության մարմինների միջեւ սահմանադրական լիազորությունների կապակցությամբ վեճերի լուծման մեխանիզմների թերի լինելու հանգամանքը, ոչ մի գործնական օրինակով չեն հիմնավորում իրենց այս պնդումը:

Խնդիրն իրականում այն է, որ Սահմանադրության ընդունումից ի վեր Հայաստանում իշխանության թեւերի տիրապետած լիազորությունների բախում եղել է միայն մեկ անգամ՝ 1998թ., երբ նախագահը, զերծ մնալով սեփական լիազորությունների կիրառումից, տեղի է տվել ուժային կառույցների ղեկավարների պահանջին եւ հրաժարական ներկայացրել: Անկախ նրանից, թե ինչպես է որակվում այս իրադարձությունը՝ իշխանափոխություն, պալատական հեղաշրջում թե պարզապես ներիշխանական խժդժություն, միեւնույնն է՝ գործ ունենք իշխանության թեւերի լիազորությունների հարցով սահմանադրական վեճի կամ ճգնաժամի հետ: Հատկանշական է, որ նշյալ գործընթացը տեղի է ունեցել լիովին ծածուկ եւ դրանում ներգրավված ոչ մի գործիչ մինչ օրս հրապարակային մանրամասն բացատրություն չի ներկայացրել:

1998թ. հետո Հայաստանում ընթացած գործընթացները նմանօրինակ վեճեր չեն հարուցել միայն ու միայն այն պատճառով, որ նախագահը, կառավարությունն ու դրա ղեկավարը եւ Ազգային ժողովը գործել են միասնաբար: Ռոբերտ Քոչարյանի օրոք պետաիշխանական մարմինների լիազորությունների առճակատման բացառիկ դեպքը եղել է Արամ Սարգսյանի վարչապետության շրջանը, որը հեշտությամբ հաղթահարվել է հենց Քոչարյանի կողմից: Ուշագրավ է, որ վերջինս, ունենալով 1998թ. ճգնաժամի փորձը, թույլ չտվեց դրա կրկնությունն ու հաղթահարեց վարչապետի եւ ուժայինների հնարավոր ըմբոստությունը: Այդուհետ սահմանադրական լիազորությունների հարցով վեճեր ու դրանց հաղթահարման քայլեր տեղի չեն ունեցել եւ ոչ ամենեւին ներկայիս Սահմանադրության պատճառով: Քոչարյանի իշխանավարությունից սկսած՝ Ազգային ժողովը, կառավարությունը եւ նախագահը ոչ մի հարցում տարաձայնություն չեն ունեցել: Քոչարյանը հաջողեցրել էր ԱԺ-ում իր վերահսկողությունը հաստատել եւ թույլ չտալ որեւիցե անհնազանդություն: Նման գործելակերպը շարունակեց նաեւ Սերժ Սարգսյանը՝ ԱԺ-ում հաստատելով իր բացարձակ ենթակայության ներքո գտնվող երեսփոխանների մեծամասնությունը:

Թեպետ «Հայեցակարգի» հեղինակները պնդում են իշխանության թեւերի միջեւ լիազորությունների վեճերի լուծման անհրաժեշտության մեխանիզմի վրա, այսուհանդերձ, գոյություն ունեցող քաղաքական համակարգն ու իրականությունը դրա օգտին չեն խոսում: Խոսենք կոնկրետ օրինակով. վերջին անգամ գազի գնի բարձրացման կապակցությամբ բացահայտվեց, որ կառավարությունը 300 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք է կուտակել, ինչի համար վաճառեց նախկին «Հայռուսգազարդում» Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող մասնաբաժինը: Այդպես էլ ոչ մի բացատրություն չտրվեց, թե ինչպես է կուտակվել այդ պարտքը, եւ ով է մեղավոր դրա համար: Առաջնորդվելով ժողովրդավարական երկրներին բնորոշ տրամաբանությամբ՝ ԱԺ-ը պետք է հապճեպորեն մեխանիզմներ մշակեր եւ բացահայտեր, թե որքանո՞վ է օրինաչափ եղել կառավարության այսօրինակ վարքը: Իրականում, սակայն, ԱԺ-ի իշխանական պատգամավորներն անգամ կանոնակարգ-օրենքի խախտումներով քվեարկություն իրականացրեցին ու դակիչ մարմնի պես՝ առանց գործող Սահմանադրությամբ վերապահված հակակշռի սեփական մեխանիզմի իրականացման: Ավելին՝ այս ինչպե՞ս է այսօր հնարավոր իշխանության մարմինների միջեւ սահմանադրական լիազորությունների վեճեր, երբ կառավարությունը, ԱԺ-ն, ամբողջ դատական եւ իրավապահ համակարգը գտնվում են Սերժ Սարգսյանից կախվածության մեջ:

Սահմանադրական փոփոխությունների հիմնական փաստաթղթում արձանագրված է, որ սահմանադրաիրավական գործընթացն առկա թերությունների պատճառով վերաճում է բացառապես քաղաքականի: Այս պնդումն ինքնին թույլ է տալիս ենթադրել, որ սահմանադրական ինչ-ինչ նորմերի առկայության պարագայում սահմանադրաիրավական գործընթացները քաղաքական օրինաչափությունների փոխարեն կկարգավորվեն իրավական նորմերով: Բավականին դյուրին է իշխանությունների կողմից իրավական համակարգի նպատակադիր նվաստացման ողջ մեղքը բարդել Սահմանադրության վրա եւ հաղթականորեն եզրակացնել, որ սահմանադրաիրավական գործընթացների իրավական գործառույթները չեն կիրառվում գործող Սահմանադրության պատճառով: Անդրադարձ կատարելով վերջին շրջանի քաղաքական իրադարձություններին՝ վերհիշենք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո նոր վարչապետի նշանակման համար գործող Սահմանադրությունը սահմանում էր տասնօրյա ժամկետ: Սերժ Սարգսյանի կողմից այս դրույթը խախտվեց, եւ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վերոնշյալ սահմանափակումից երկու օր անց: Ակնհայտորեն քաղաքական ղեկավարությունը ոչ մի ուշադրություն չդարձրեց Սահմանադրության համապատասխան պահանջին եւ առաջնորդվեց անձնական շահերով: Արդյունքում հերթական անգամ խախտվեց ՀՀ Սահմանադրությունը: Արդ, եթե Սերժ Սարգսյանը խախտում է արդեն իսկ գոյություն ունեցող Սահմանադրությունը, ապա հազիվ թե այս «Հայեցակարգի» հեղինակներին հաջողվի ստիպելու նրան հարգել նորի դրույթները:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս