ԱՆԿԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ հայրենի դատական համակարգում  լրջագույն բարեփոխումների անհրաժեշտություն կա, վաղուց է հայտնի: Ու թեեւ եվրոպական կառույցների առջեւ մեր երկիրը ստանձնել է դատաիրավական համակարգը էապես բարեփոխելու  պարտավորություններ, սակայն անցած տարիների ընթացքում  իրականացրել է այդ պարտավորությունների չնչին մասը միայն, այն էլ` զուտ տեսանելի հատվածում: Իսկ խորքային հարցերում մեր դատաիրավական համակարգը ինչպես եղել, այնպես էլ կա  կոռումպացված եւ գործադիր իշխանությունից կախյալ համակարգ: Անցած 20 տարիների ընթացքում կատարված ամենակարեւոր բարեփոխումներից մեկն անցումն էր եռաստիճան դատական համակարգին, ինչը, համաձայն օրենքի, պետք է քաղաքացուն հնարավորություն տար ունենալ սեփական շահերի պաշտպանության եռակի հնարավորություն: 1998թ. ստեղծված Վճռաբեկ  դատարանի ինստիտուտը պետք է յուրատեսակ վերահսկող եւ հակակշռող դեր կատարեր ամբողջ դատական համակարգի նկատմամբ: Սակայն ինչպես ցույց տվեցին անցած տարիները, ՎԴ-ն ոչ միայն չկարողացավ իրագործել Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունը, այլեւ կարելի է ենթադրել, որ տարիների ընթացքում վերածվեց  դատական հերթական ու ինչ-որ տեղ` նաեւ ավելորդ օղակի, որի գործունեությունից գերազանցապես դժգոհում են ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլեւ փաստաբանները: Ու ամենեւին էլ պատահական չէ, որ իրենց շահերի պաշտպանությանը մինչեւ վերջ հետամուտ լինելու վճռականություն ունեցող քաղաքացիները դիմում են ՀՀ ՎԴ-ն միայն մեկ նպատակով` որպեսզի սպառելով ՀՀ բոլոր դատական ատյանները, կարողանան  դիմել եվրոդատարան: Երեկ տեղի ունեցած ՀՀ փաստաբանների մեկօրյա նախազգուշական գործադուլը ցույց տվեց, որ ոլորտում առկա խնդիրներն արդեն հատել են բոլոր տանելի սահմանները: Գործադուլին միացած 600 փաստաբանները միակարծիք են, որ այսպես շարունակել այլեւս հնարավոր չէ: Նրանք մատնանշում են Վճռաբեկ դատարանի կամայականությունները` գործերը վարույթ ընդունելու եւ վճիռներ կայացնելու հարցում: Բողոքող փաստաբանների հանձնախմբի անդամ, փաստաբան  Լուսինե Սահակյանի ներկայացմամբ. «2011թ. դատական ակտերի կայունությունը կազմել է  97.1 տոկոս, փաստորեն, մենք ընդհանրապես Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարան չունենք, եթե 97.1 տոկոս դատական ակտերը մնում են կայուն եւ չեն բեկանվում»: Ինչպես հիշում ենք, անցած տարի գարնանը հրավիրած խորհրդակցության ժամանակ դատաիրավական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացման անհրաժեշտությունը որպես գերխնդիր էր նշել նաեւ ՀՀ նախագահը: Ուշագրավ է, որ դրանից մեկ տարի անց ոլորտում տիրում է այսպիսի իրավիճակ, իսկ ոլորտի ղեկավարներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Այս ամենը ցույց է տալիս, որ իրականում  իշխանությունները դատաիրավական համակարգը  բարեփոխելու ցանկություն չունեն: Եվ փաստաբանների միասնական բողոքը կարելի է դիտարկել իբրեւ ուրախալի անակնկալ, որը, սակայն, դժվար թե լուրջ փոփոխությունների հանգեցնի: Եթե, իհարկե, դրա տակ չկան այլ` խարդավանքային հոսանքներ:




Լրահոս