ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ՉԿԱՏԱՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանը, ով նախկինում զբաղեցնում էր Երեւանի գլխավոր ճարտարապետի, այնուհետեւ` Ճարտարապետության կոմիտեի ղեկավարի պաշտոնը, երկու տարի առաջ ամպագոռգոռ հայտարարություններ արեց այն մասին, թե Երեւանն առաջիկայում դադարելու է շինհրապարակ լինելուց, իսկ կիսատ մնացած շինությունները կարճ ժամանակահատվածում ավարտին կհասցվեն:Սակայն անցնող ամիսներին դրանց թիվը ոչ միայն չնվազեց, այլեւ հետզհետե ավելանում է: Իսկ նրա օրոք կառուցված էլիտար բարձրահարկ շենքերը հեղեղել են քաղաքը, ինչի պատճառով շատերը, մեղմ ասած, ոգեւորությամբ չեն ընդունում Ն. Սարգսյանի` քաղաքաշինության նախարար նշանակվելու նորությունը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2012-ի սեպտեմբերի 14-ին Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը, մասնավորապես, հայտարարեց, թե շինարարական կազմակերպությունների կողմից ստանձնած պարտավորությունները ՀՀ օրենսդրությամբ եւ պայմանագրերով սահմանված պայմանների ու ժամկետների շրջանակներում չեն իրականացվել. այդ տարածքները վերածվել են բարձիթողի վիճակում հայտնված շինհրապարակների` դրանից բխող բացասական հետեւանքներով: Բացի այդ, դրանք մշտապես Երեւանի բնակիչների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում են, որոնցից պարբերաբար ստացվում են հարցադրումներ` այդ տարածքների հետագա ճակատագրի վերաբերյալ:
Այդ ամենը հաշվի առնելով` Ն Սարգսյանն այդ կազմակերպություններին առաջարկեց Երեւանի քաղաքապետարանի հետ, մեկամսյա ժամկետում, ներկայացնել հստակ, ողջամիտ ժամանակացույց կամ ծրագիր` այդ տարածքների՝ Երեւան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու եւ ավարտելու վերաբերյալ: Այն չներկայացնելու դեպքում գլխավոր ճարտարապետը խոստացավ կիրառել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ, դադարեցնել հողամասերի, շենքերի եւ շինությունների նկատմամբ առկա իրավունքները:
Անցած ամիսներին, սակայն, այդպես էլ ոչինչ չարվեց. կամ չլսեցին ճարտարապետի խոսքը, կամ էլ` նա խաբեց: Նշենք, որ Ն. Սարգսյանի այս հայտարարությունից հետո նման հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` հայտարարելով, թե այլեւս անթույլատրելի է հանդուրժել շուրջ մեկ տասնամյակ մայրաքաղաքի կենտրոնում անավարտ շինհրապարակների առկայությունը: Սակայն քաղաքապետը եւս իր խոսքի տերը չեղավ, եւ արդյունքում` մայրաքաղաքը չի դադարում հսկայական շինհրապարակ լինելուց, ավելին` դեռ շարունակում է աղբի մեջ մնալ:
Հավելենք, որ նախորդ տարի Նարեկ Սարգսյանն ազատվելով մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից` նշանակվեց ճարտարապետության կոմիտեի ղեկավար: Հետաքրքրիր է, թե Սարգսյանի` քաղաքաշինության նախարար նշանակվելուց հետո այս կոմիտեի ապագան ի՞նչ է լինելու:
Գաղտնիք չէ, որ Ն. Սարգսյանն ունի մեծ թվով հակառակորդներ, ովքեր ամենատարբեր առիթներով տարիներ շարունակ հանդես են եկել նրա քննադատությամբ: Դրան ի հակառակ` քչերն են, որ բացեիբաց համարձակվել են գովել իրենց գործընկերոջ մասնագիտական գործունեությունը: Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մեծամասնության մեջ է. նա, մեղմ ասած, ոգեւորությամբ չի ընդունել Նարեկ Սարգսյանի՝ քաղաքաշինության նախարար նշանակվելու նորությունը. «Ինքն իր ամբողջ գործունեության ընթացքում բացի վարկաբեկող հոդվածներից եւ վատ գնահատականներից ոչինչ չի ստացել: Որեւէ դրական արձագանք նա իր ստեղծագործական ուղու մեջ չի ունեցել: Սակայն դրան հակառակ` ինքը պարգեւատրվել է աշխարհի բոլոր պարգեւներով: Նա շարունակելու է այն, ինչը մինչեւ հիմա անում էր: Ինքը խնդիր չունի, նա մշակույթով չէ մտահոգված, շարքային բիզնեսմեն է եւ իր սեփական կարծիքը չունի: Անում է այն, ինչն իրեն թելադրում են ու կարգադրում»:
Ամեն դեպքում, սպասենք եւ տեսնենք` նախարար աշխատելու ընթացքում Նարեկ Սարգսյանն ինչ անակնկալներ կմատուցի ՀՀ քաղաքացիներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳՏԵԼ ԵՆ ԲԱՆԱԼԻՆ

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում ավարտվեց ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական 2-րդ խաղերի բասկետբոլի մրցաշարը: Ավարտական մրցափուլում Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականը 77:47 հաշվով պարտության մատնեց Բելառուսի ընտրանուն: Այս հաղթանակը հնարավորություն տվեց հայ մարզուհիներին գրավել պատվավոր 3-րդ հորիզոնականը։

Մեկնարկային խաղերում մեր բասկետբոլիստուհիներն առավելության էին հասել Մոլդովայի եւ Թաթարստանի հավաքականների նկատմամբ, այնուհետեւ պարտվել էին Ռուսաստանի եւ Ղազախստանի ընտրանիներին։
Հայաստանի պատվիրակության ղեկավար, մարզաձեւի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. «Ռուսաստանի թիմին հաղթելը պարզապես հեքիաթի նման կլիներ. գերազանց պատրաստված թիմ էր, ճիշտն ասած, աղջիկներն էլ տարիքով մի քիչ մեծ էին երեւում։ Իսկ Ղազախստանին պարտվելը մեր բացթողումն էր. աղջիկները չխաղացին, քանի որ Երեւանում այդ թիմին 20 միավորի առավելությամբ հաղթել էինք։ Չեմ ուզում մեղադրել նրանց. առաջին անգամն էր, որ Հայաստանի աղջիկների հավաքականը դուրս էր եկել միջազգային խաղերի»։ Մեր զրուցակիցը երրորդ տեղ զբաղեցնելը համարում է ձեռքբերում թե՛ թիմի, նրա մարզիչների, թե՛ ֆեդերացիայի համար, իսկ Բելառուսի հավաքականին 30 միավորի տարբերությամբ հաղթելը՝ լուրջ հայտ։ Մարզչական շտաբը հենց օդանավակայանում որոշել է, որ թիմը պետք է անպայման ներկայացնեն Եվրոպայի առաջնությանը, առայժմ՝ C դիվիզիոնում, ու լավ կլինի, որ նաեւ Եվրալիգայի մրցաշարին մասնակցեն։
Իսկ կանանց մարզիչների պակասի խնդիր կա՞։ «Ես ֆեդերացիայի փոխնախագահն եմ ու երեւի եզակիներից մեկը, ով նաեւ մարզիչ է աշխատում։ Ընդ որում, արդեն քանի տարի՝ աղջիկների հետ։ Եվ հիմա արդեն տղաների հետ չեմ կարող աշխատել։ Թիմի գլխավոր մարզիչը Լիանա Բաղդասարյանն է, մարզչի օգնականը՝ Վերոնիկա Մանուկյանը, եւ մենք երեքով գալիս ենք ընդհանուր հայտարարի, ապա նոր միայն կատարում քայլը։ Պետք Է սեմինարներ անցկացվեն մարզիչների համար, որ նրանք կատարելագործվեն, բայց դա չի վերաբերվում արդեն փորձված մարզիչներին՝ Վարդան Խաչատրյանին, Արեգ Վաթյանին… Կարող եմ 7-8 անուն թվարկել, որոնք համապատասխանում են նորմալ մարզչի որակներին»։
Ըստ մեր զրուցակցի. «Տղաները շուտ աճում են, բայց ինչ-որ ժամանակ աճը նրանց մոտ կանգ է առնում, եւ արդեն շատ է կարեւորվում մարզիչների աշխատանքը։ Աղջիկների մոտ ամեն ինչին դանդաղ ենք գնում, օրինակ, եթե տղաներին գնդակի պարզունակ վարում 10 օրում ենք սովորեցնում, ապա աղջիկներին՝ մեկուկես ամսում։ Բայց աղջիկների մոտ տեխնիկան դրվում է հիմնավոր, նրանց պատասխանատվության զգացումն է ավելի բարձր։ Աղջիկների հետ դժվար է. շուտ նեղանում, վիրավորվում են, բայց մենք գտել ենք նրանց հետ աշխատելու բանալին, եւ մի բանը երկրորդ անգամ չենք ասում»։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս