ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ազգային ժողովում
Երեկ ԱԺ նախագահի ընտրության քվեարկությանը բնականաբար իրենց մասնակցությունն էին ապահովել ԲՀԿ խմբակցության անդամ Գրիշա Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը: Մինչ քվեարկությունը նրանք համբուրվեցին, որից հետո նոր միայն կատարեցին իրենց «սուրբ» գործը:
ՀԱՐՑ. Ես ունեմ ավտոտրանսպորտային միջոց, բայց ընդհանրապես չեմ վարում այն: Ուզում եմ իմանալ` արդյոք պարտադիր պետք է ԱՊՊԱ պայմանագիր կնքեմ, թե ոչ:
Իսահակ Մելիքյան (48 տարեկան, ինժեներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե դուք չեք վարում ձեր ավտոտրանսպորտային միջոցը եւ չեք ցանկանում կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ապա պետք է ոստիկանության համապատասխան մարմիններում ժամանակավորապես հաշվառումից հանեք այն: Հակառակ պարագայում դուք պարտավոր եք կնքել ԱՊՊԱ պայմանագիր: Ի դեպ, տեղեկացնենք, որ՝
-առանց ԱՊՊԱ պայմանագրի ՏՄ-ն վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50.000 ՀՀ դրամի չափով (2014թ. հունվարի 1-ից հետո՝ 100.000 ՀՀ դրամի չափով):
-ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տեւել է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր տասն օրվա համար 5.000 ՀՀ դրամ, սակայն յուրաքանչյուր տարվա համար՝ ոչ ավելի քան 50.000 ՀՀ դրամ (2014թ. հունվարի 1-ից հետո՝ 100.000 ՀՀ դրամ):
Ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ահա թե ինչպիսի կլորիկ գումարներ պետք է վատնեն այն վարորդները, որոնք կփորձեն շրջանցել օրենքը: Չնայած սահմանված տուգանքի չափերը, մեղմ ասած, տրամաբանությունից հեռու են:
ՀԱՐՑ. Բնակարանը, որտեղ ապրում ենք, ունի 9 համասեփականատեր եւ 4 անչափահաս երեխա: Սեփականատերերից մեկը՝ եղբայրս, այդ բնակարանում չի բնակվում: Նա վերջերս վարկային կազմակերպությունից վարկ է վերցրել եւ չի կարողացել մարել այն: Բնակարանի 1/9-րդ բաժնի վրա կալանք է դրվել: Խնդրում եմ ասեք, արդյոք կարո՞ղ են մնացած սեփականատերերին տանից դուրս հանել եւ 1/9-րդ բաժինը վերցնել: Եթե այո, ապա կարո՞ղ են մնացած սեփականատերերը գնել այդ 1/9-րդ բաժինը:
Մարգարիտա Թումանյան (51 տարեկան, բուժքույր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակցի պարտատերն (այս դեպքում վարկային կազմակերպությունը) իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար: Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա: Տվյալ դեպքում ամբողջ բնակարանը կվաճառվի հրապարակային սակարկությունների միջոցով` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների միջեւ՝ նրանց բաժիններին համապատասխան:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված է բնակարանի հետագա «ճակատագիրը»: Փաստորեն, մեկ հոգու անպատասխանատվության արյունքում ողջ ընտանիքը կարող է զրկվել իր բնակարանից: Թեեւ մեզ դիմած քաղաքացու հարցից պարզ է դառնում, որ նրանք պատրաստ են գնել բանկից բռնագանձված բաժինը, այդուհանդերձ, կարծում ենք, որ գործող կարգը շատ անարդար է:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, որքա՞ն է կազմում նպաստառու ընտանիքին հուղարկավորության համար տրամադրվող միանվագ օգնության գումարի չափը: Եվ կցանկանայի իմանալ, թե ընդհանրապես ի՞նչ կարգով է տրամադրվում հուղարկավորության միանվագ օգնությունը:
Սեդա Դարբինյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նպաստառու ընտանիքի մահացած անդամի հուղարկավորության համար տրամադրվող միանվագ օգնության գումարի չափը կազմում է 50.000 դրամ:
1) Հուղարկավորության միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում՝ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին,
2) հուղարկավորության միանվագ օգնություն տրվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում,
3) հուղարկավորության միանվագ օգնություն նշանակվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
սոցիալական ապահովության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարած կամ մինչեւ 1992 թվականի հունվարի 1-ն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունեցող գործազուրկի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին վճարվում է թաղման նպաստ՝ գործազրկության նպաստի եռապատիկի չափով (54 000 դրամ): Իսկ կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաեւ հաշմանդամ ճանաչված անձի՝ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու եւ մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում եւ վճարվում է թաղման նպաստ՝ 200 000 դրամ: