ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՍՊԱՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ԾԵԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզում հայտնի «Զոդի չաստի» հարակից տարածքում ազգային անվտանգության ծառայության աշխատակից Արտաշ Երանոսյանի եւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Սերոժ Գեւորգյանի միջեւ վիճաբանությունը սկսվել է սպաներին «ճնշելու» պատճառով: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Սերոժ Գեւորգյանը, ըստ որի՝ իր ենթականերից մեկը զանգահարել եւ ասել է, թե՝ հրամանատար, հասի՛:

Հրամանատարը միջադեպի մասին
Դեկտեմբերի 7-ին տեղեկություններ էին տարածվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի հարակից տարածքում վիճաբանություն է եղել հրամանատար Սերոժ Գեւորգյանի եւ ԱԱԾ աշխատակից Արտաշես Երանոսյանի միջեւ, ու բանը հասել է բռունցքներին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Սերոժ Գեւորգյանը պատմեց՝ չի իմացել, որ Արշակ Երանոսյանն ազգային անվտանգության ծառայության աշխատակից է, իսկ միջադեպը ծագել է նրանից, որ Արշակ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի (Զոդի չաստ) հարակից տարածքում իրեն անկարգ է պահել. «Ճաշի ժամն էր, մոտավորապես ժամը 10:30-ի սահմաններում իմ պատասխանատուն ինձ զեկուցեց, թե՝ հրամանատար, շուտ հասի՛, քաղաքացիները զորամասի հարակից տարածքում գտնվող հանրակացարանի մոտ հարբած վիճակում կարգ են խախտում: Այդ հանրակացարանի մոտ մի խանութ կա, իսկ կոնկրետ հանրակացարանում ապրում են մեր սպաները: Նրանց թիմը շատ է եղել»:
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Սերոժ Գեւորգյանի պատմելով՝ իր սպաներից մեկին հրավիրել են խմելու. «Սպան հրաժարվել է՝ ասելով, թե՝ շնորհակալությո՛ւն, չեմ կարող: Իրենք էլ ասել են, թե՝ բա ոնց, քեզ լավ ես զգում, հա՞, մի խոսքով՝ խմած մարդու կռիվ…»:
Ինչեւէ, գնդապետն իմանալով իրավիճակի մասին՝ շտապել է հանրակացարանի մոտ եւ փորձել է հանգստացնել սպաների հետ վիճաբանության բռնված անձանց: «Ես Երանոսյանին անձամբ չեմ ճանաչում, բայց ինքը ինձ ճանաչում էր: Փորձում էի հանգստացնել, բայց էլի լկտի պահվածք, հայհոյանքներ: Մի խոսքով՝ հանգստացրեցի, ու հավաքվածները բոլորը թողեցին եւ նշված տարածքից հեռացան: Ու ինչպես այստեղ է ընդունված՝ գնացին եւ ոհմակով վերադառնալով՝ հարձակվեցին ինձ ու իմ տեղակալների վրա»,- պատմեց գնդապետ Գեւորգյանը:
Հրամանատարի խոսքով՝ կատարվածի մասին զեկուցել է իր վերադասներին: «Ծառայողական քննություն է նշանակված, եթե ես մեղավոր եմ, թող ինձ պատժեն, եթե ինքը, ապա թող իրեն պատժեն»,-ասաց Սերոժ Գեւորգյանը՝ հավելելով, թե իրեն չի վախեցնում այն հանգամանքը , որ Արշակ Երանոսյանն ազգային անվտանգության ծառայության աշխատակից է:
Ըստ ՊՆ գնդապետի՝ օրենքի դեմ բոլորը հավասար են: «Ես իմ սպաներին, իմ զինվորներին եմ պաշտպանել: Ինչ եմ արել, որ վախենամ: Ինձ կոտրված սպաներ պետք չեն: Այսօր մենք ամեն վայրկյան պատերազմական վիճակի մեջ ենք: Որպես հրամանատար գնացել, իմ զինվորներին պաշտպանել եմ: Խմած մարդիկ էին, իսկ եթե իր սպաներին կամ զինվորների հետ որեւէ բան լիներ, այդ ժամանակ ինչպես պետք է պատասխան տայի»,- ասաց Գեւորգյանը:
Հավելենք, որ ԱԱԾ աշխատակցի հետ վիճաբանության մեջ մտած սպան Քարվաճառից է տեղափոխվել ՀՀ ՊՆ զորամաս եւ բավականին ժամանակ է, ինչ այդ զորամասում է աշխատում:

Ծառայողական քննություն
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Պողոս Պողոսյանն էլ հայտնեց, որ միջադեպի մասին տեղյակ է, սակայն որեւէ բան չի կարող ասել` հավելելով, որ ծառայողական քննություն է նշանակված, ու ամեն ինչ կպարզվի քննության ավարտից հետո:

Ծեծել են ԱԱԾ աշխատակցին
ԱԱԾ հերթապահ բաժնի աշխատակից Արտաշես Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հարբած չի եղել, այլ զորամասի սպան է հարբած վիճակում եղել եւ զինվորներին զորամասից դուրս գտնվող հարակից տարածքում շարել է: «Գնացել էի զորամասի հարակից տարածքում գտնվող խանութ ու նկատեցի, որ 40 զինվոր զորամասից դուրս շարված է: Ասեցի՝ պատերազմ է սկսվել, մտա հանրակացարանի մոտ գտնվող խանութ, տեսա՝ սպան հարբած վիճակում: Ասեցի՝ տղա ջան, ինչո՞ւ ես զինվորներիդ դուրս հանել, Աստված չանի՝ բան լինի, խորհուրդ տվեցի՝ զինվորներին վերցնի, գնա զորամաս: Սպան զինվորներին վերցրեց ու գնաց: Հետո գնացել է զորամաս, ավտոմատը հանել է, կրակել է հենց զորամասի մեջ, իր ձեռքից զենքը վերցրել են: Զորամասի մարդիկ զանգել են հրամանատարին, նա էլ հարբած վիճակում իր անձնակազմի հետ եկել է զորամասից դուրս գտնվող խանութի տարածք: Ես հրամանատարին ներկայացա, որ ԱԱԾ-ից Արտաշն եմ, ինձ հետ հրամանատարը վատ խոսքերով խոսեց, եւ լցվեցին վրաս, ծեծեցին: Ինձ այնպես են ծեծել, որ իմ բարեկամները տեսնեին, չէին ճանաչի»,-պատմեց Արտաշես Երանոսյանը:
Ինչպես նկատում ենք՝ այս պատմության մեջ մութ կետերը շատ են: Հրամանատարի խոսքով՝ ԱԱԾ աշխատակիցն է հարբած եղել, ԱԱԾ աշխատակցի խոսքերով` սպան եւ հրամանատարը: Տեսնենք՝ ինչ կպարզի քննությունը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ ասացին, որ Արտաշես Երանոսյանին տրվել է դատաբժշկական ուղեգիր, կատարվում է հետաքննություն: ՀՀ ՊՆ-ում ծառայողական քննություն է նշանակված:

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ԳՈՐԾԱՐԱՐԻ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2014թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը դիմել է դատարան` ընդդեմ «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի: ԱՆ առողջապահական տեսչությունը դատարանից պահանջել է, որ պատասխանողին պարտադրեն՝ թույլ տա իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքում որոշակի գործողություններ կատարել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն ասաց, որ առողջապահության նախարարության աշխատակիցները ցանկացել են մուտք գործել «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի շենքի տարածք՝ ինչ-որ չափումներ իրականացնելու համար: «Հարեւանները բողոքում են բարձր ձայնի համար, ու իրենք ագրեսիվ կերպով գիշերը՝ ժամը 12:30-ին, գալիս են ու առանց փաստաթղթի ցանկանում են մտնել շենք՝ ձայնի չափագրում անելու համար: Թույլ չտվեցի՝ ասելով, թե սա մասնավոր տարածք է, եւ չափումներ անելու համար իրենք պետք է ունենան ցուցում եւ վարույթ: Գիշերն այդ ժամին ով է չափում անում, եթե աշխատանքային ժամն ավարտված է լինում: Ավելին՝ մեզ էլ մասնակից չեն դարձնում իրենց գործողություններին: Ինչպես տեսնում եք՝ իրենք էլ դիմել են դատարան»,- պարզաբանեց Մանվել Տեր-Առաքելյանը:
Մանվել Տեր-Առաքելյանի խոսքերով՝ սա առաջին դեպքը չէ, որ գալիս են՝ երաժշտության բարձր ձայնի համար չափում իրականացնելու: «Առաջին անգամ մենք խնդիր չենք տեսել, նորմալ եկել են, մենք էլ թույլ ենք տվել, իսկ այս անգամ մեր իրավունքները ոտնահարել են»,- ասաց գործարարը՝ տեղի ունեցածը պայմանավորելով վերջին շրջանում իր հանդեպ դրսեւորվող հետապնդումներով:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 
ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ԵՆ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Տիգրան Հակոբյանի, Արթուր Մարտիրոսյանի եւ Արթուր Զոհրաբյանի դատապարտման գործով վերաքննիչ բողոքը: Զինծառայողներն իրենց ծառայակից Խաչատուր Խաչատրյանի մահվան հետ առնչության համար տարբեր մեղադրանքներով դատապարտվել են՝ համապատասխանաբար 4, 2 եւ 1 տարի 11 ամիս ժամկետներով ազատազրկման:

Ժամկետային զինծառայողներն առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչել՝ հրաժարվելով ցուցմունքներ տալուց: Վերաքննիչ քրեական դատարան ներկայացրած բողոքով մեղադրող կողմը պահանջել է պատժի մասով դատավճիռը բեկանել, երեք ամբաստանյալների նկատմամբ սահմանված պատիժները խստացնել, Մարտիրոսյանի ու Զոհրաբյանի նկատմամբ պայմանական պատիժ չկիրառել, այլ դատապարտել: Պարտադիր զինծառայող, կոչումով շարքային Տիգրան Հակոբյանը, ըստ դատական ակտի, 2013 թվականի սեպտեմբերի 20-ին ընդգրկված է եղել մարտական հերթապահության հերթափոխի կազմում որպես դիտորդ: Գիշերվա ժամը 02:50-ի սահմաններում 21-ամյա Տիգրանը դիտակետում հերթապահության ժամանակ կանգնած քնել է, արթնացել է ձայներից: Իրենից ձախ՝ մոտ 10 մետրի վրա, տեսել է մարդու կերպարանք:
Քնաթաթախ վիճակում՝ չհասկանալով, որ դա իր հետ հերթապահություն կատարող շարքային Խաչատուրն է՝ մտածելով, թե հակառակորդի դիվերսիոն խումբ է ներխուժել դիրք, Հակոբյանը լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը ու 10 անգամ կրակել մարդկային կերպարանքի ուղղությամբ: Արդյունքում շարքային Խաչատուր Խաչատրյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ մահացել է: Իսկ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը եղել է տվյալ դիրքի ավագի օգնականը:
Նա, ըստ հաստատված գրաֆիկի, պարտավոր էր ամեն օր՝ գիշերը ժամը 02:00-ից 04:00-ը, հերթապահել դիտակետում` դիտորդների հետ: Ըստ նախաքննական մարմնի՝ դեպքի պահին Մարտիրոսյանը գտնվել է ոչ թե դիտակետում, այլ գետնատնակում. նրա կատարած խախտումը՝ անբարեխիղճ վերաբերմունքը կանոնադրության պահանջների ու ծառայության նկատմամբ, ըստ դատական ակտի, առաջացրել է էական վնաս:
Ավագ սերժանտ Արթուր Զոհրաբյանը դեպքի ժամանակ նշանակված է եղել դիրքի ավագ, եղել է պաշտոնատար անձ, պետ: Նա, ըստ կանոնադրության, պարտավոր էր վերահսկելու դիտորդների հերթափոխի գրաֆիկի ճիշտ կատարումը: Սակայն դեպքի ժամանակահատվածում նա՝ տեղյակ լինելով, որ սերժանտ Արթուր Մարտիրոսյանը ոչ թե դիրքում է, այլ գետնատնակում, դրսեւորել է իշխանության անգործություն. Մարտիրոսյանին չի ուղարկել դիտակետ՝ ծառայության, մարտական զգոնությունը չի ապահովել, ինչն առաջացրել է էական վնաս:
Զոհրաբյանն ու Մարտիրոսյանը դիտորդների հերթափոխ կատարել են միայն այն ժամանակ, երբ տվյալ ժամին վերադաս հրամանատարությունը գտնվել է դիրքում: Զոհրաբյանը, ով պարտավոր էր դիրքում հերթապահել գիշերվա ժամը 4-ից մինչեւ 6-ը, նույնպես ոչ մի անգամ չի հերթապահել: Գործի քննության ընթացքում Արթուր Մարտիրոսյանն ու Արթուր Զոհրաբյանը զորացրվել են:




Լրահոս