Վերջին շրջանում ստեղծված թանկացումների ֆոնին ջրի երես դուրս կգա նաեւ կաթնամթերքի ոլորտում առկա ստվերը: Բանն այն է, որ կաթնամթերք արտադրողներին նոյեմբերի մեկից պարտավորեցրել են դրոշմապիտակավորել իրենց արտադրանքը, ինչը նշանակում է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից այլեւս չեն կարող թաքցնել իրական ծավալները: Սա մեծապես ազդել է նրանց գործունեության վրա, քանի որ, բնականաբար, անհամեմատ ավելացել են հարկային պարտավորությունները, որն էլ փորձում են տեղափոխել սպառողների ուսերին:
Այսպիսով՝ կաթնամթերքի շուկայում արձանագրված վերջին շաբաթվա գնաճը փաստում է, որ պետեկամուտների կոմիտեն վատ է աշխատել: Հայտնի է, որ նոյեմբերի 1-ից սկսած կաթնամթերքի բոլոր տեսակի դրոշմապիտակավորումը դուրս է բերել այս ընկերություններին ստվերից: Այսինքն՝ հավաստիացվում է, որ դրոշմապիտակավորման շնորհիվ այլեւս արտադրության ծավալները մասնակիորեն թաքցնելու հնարավորությունը գրեթե բացառվում է: Ըստ էության դրոշմապիտակավորումը կարող է բերել միայն կաթնամթերքի ինքնարժեքի 2-3 դրամի ավելացում: Մինչդեռ կաթնամթերքն, ինչպես գիտենք, թանկացել է շուրջ 10 տոկոսի չափով: Պարզվում է, որ ստվերից դուրս գալը հանգեցրեց գնաճի:
Բացի այս՝ պարզվում է նաեւ, որ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններն իրականում նաեւ կաթի փոշի են ներկրում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գնաճի մեկ այլ պատճառ է նաեւ Ուկրաինայից եւ ՌԴ-ից ներմուծվող կաթի փոշին: Իսկ Ուկրաինայում եւ ՌԴ-ում կաթի փոշու գինը բարձրացել է, ինչն էլ իր հերթին դարձել է ՀՀ-ում կաթնամթերքի գնաճի պատճառ:
Նկատենք, որ վերջին շրջանում տնտեսվարողների կողմից խոսվում է նաեւ պլաստմասե տարաների թանկացման մասին: Ճիշտ է՝ պլաստմասե տարաներ պատրաստող ընկերությունները գործում են ՀՀ-ում, բայց նրանք վերամշակում են պլաստմասի հումքը, որը ներմուծվում է եւ նույնպես թանկացել է:
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է այս ոլորտի խոշոր գործունեություն ծավալող ընկերությունների գործունեությունը: Եւ առաջիկայում պարզ կդառանա, թե իրականում ինչու են տնտեսվարողները թանկացրել իրենց արտադրանքը:
«Չանախ» կաթնամթերքի արտադրության սեփականատեր Ղուկաս Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր կողմից ղեկավարած ընկերության արտադրանքը չի թանկացել: Սակայն տնտեսվարողը ստիպված է դեկտեմբերի 15-ից հետո 5 տոկոսի չափով թանկացնել կաթնամթերքը: «Հնարավոր չէ այսպես աշխատել, պետք է փոփոխվի: Այսօր ես առեւտուր եմ արել, գնումներ եմ կատարել, օրինակ՝ դրանց մեջ մի բան կա, որը նախկինում ձեռք եմ բերել 15 հազար դրամով, բայց այսօր դրա արժեքը 30 հազար էր կազմում: Կրկնակի թանկացում է եղել: Այսօր գնել եմ կարագ, որի մեկ տուփը նախկինում արժեր 750 դրամ, իսկ հիմա այն վաճառվում է 830 դրամով: Ես վարկ եմ վերցրել դոլարով ու սարքավորումներ եմ ձեռք բերել, յուրաքանչյուր ամիս բանկին վճարում էի 240 հազար դրամ, իսկ այսօր տարա, 270 հազար դրամ վճարեցի»,- վրդովված նկատեց տնտեսվարողը:
Ի դեպ, այս ամենի արդյունքում որոշ տնտեսվարողներ, առանց ընկերության մատակարարման գինը թանկացնելու, իրենք անձամբ են արտադրանքի գինը բարձրացնում:
«Ժողովուրդ»-ը թանկացումների պատճառներն իմանալու համար դիմեց նաեւ «Աշտարակ կաթ» ընկերություն:
«Աշտարակ կաթ» ընկերության մարկետինգի բաժնի աշխատակից Արամ Մինասյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ընկերությունն իր արտադրանքի գները նոյեմբերի վերջին բարձրացրել է 5-10 տոկոսով, բացառությամբ կաթի: «Թանկացումը պարտադրված քայլ էր, քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ մթերվող կաթի, կարագի, փաթեթավորող նյութերի գները գրեթե երկու անգամ թանկացել են: Թանկացել է նաեւ էլեկտրաէներգիան, գազը, վառելիքը: Ընկերությունը մշտապես զսպել է կաթնամթերքի գնաճն իր ռեսուրսների, որի սպառումից հետո՝ վարկերի եւ պարտքերի հաշվին: Սակայն այդ միջոցներն անսպառ չեն, իսկ վնասները շարունակվում են կուտակվել: Գնային 5-10 տոկոսանոց բարձրացման նպատակը շարունակվող վնասների մի մասի փոխհատուցումն է»,- մեկնաբանեց ընկերության ներկայացուցիչը:
Մինասյանի խոսքով՝ ընկերությունը, չնայած ավելի մեծ վնասի, չի բարձրացրել կաթի գինը՝ հաշվի առնելով կաթի նկատմամբ երեխաների եւ մեծահասակների պահանջարկը: «Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ կաթնամթերքի մնացած բոլոր տեսակների արտադրության համար կաթը սկզբնաղբյուր է համարվում, եւ ցանկության դեպքում տնային տնտեսուհին կարող է տնային պայմաններում կաթից պատրաստել կաթնամթերքի մնացած տեսակները»,-առաջարկեց մարկետինգի բաժնի աշխատակիցը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
10.000 ԴՈԼԱՐԸ ԿՓՈԽԻ ԿՅԱՆՔԸ
25-ամյա Գրիշ Դանիելյանը դիմեց «Ժողովուրդ»-ին՝ պատմելով իր կյանքի տխուր պատմությունը: «Կյանքս ընթանում էր իր հունով: Աշխատում էի, ֆուտբոլ էի խաղում: Սակայն կտրուկ փոխվեց 2011թ-ի հունիսի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: Բախտի բերումով չեմ մահացել, բայց ողնաշարի լուրջ վնասվածքի հետեւանքով հաշմանդամի սայլակին եմ նստած: Ես պատահականության զոհ եմ, ում երբեք ոչ ոք չի օգնել, անգամ ինձ վթարի ենթարկողը չօգնեց»:
Գրիշը պատմեց, որ ծննդավայրը Ջավախքն է, բուժման նպատակով մի քանի տարի է, ինչ ծնողների հետ տեղափոխվել են Երեւան, վարձով են ապրում: Չունենալով պայմաններ ու միջոցներ բուժման ծախսերը հոգալու եւ տան վարձը տալու համար՝ առողջական խնդիրներ ունեցող հայրը մեկնել է արտագնա աշխատանքի:
«Մնացել եմ հիվանդ մորս հույսին, ծանր եմ, նա դժվարությամբ է տեղաշարժում ինձ: Ես ի վիճակի չեմ միայնակ տեղաշարժվել, նույնիսկ հոգալ չնչին կարիքներս: Ծնողներիս միակ ժառանգն եմ, ես չեմ էլ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինի ինձ հետ, եթե նրանք չլինեն կողքիս: Բուժումս սկսելու համար անհրաժեշտ է 10.000 դոլար: Պատկերացնում եք՝ ընդամենը 10.000 դոլար, որ հիմնովին կյանքս փոխվի: Քնում, արթնանում եմ երազանքով, որ մի օր ես էլ կքայլեմ, կաշխատեմ ու բեռ չեմ լինի»,- հույսով ասաց Գրիշ Դանիելյանը:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ԿՈԾԿՈ՞ՒՄ ԵՆ
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով նախախորհրդարանի անդամների եւ աջակիցների ավտոմեքենաների հրկիզման դեպքերին, տարօրինակ է համարել, որ դրանք այրվել են այնտեղ, որտեղ տեսախցիկներ չկան: «Նույնիսկ մեքենա կա, որ պետք է ուրիշ տեղ տեղակայված լիներ, բայց տեղակայվել է այլ տեղ: Միայն մի դեպքում կա տեսախցիկ, որը ոչինչ էլ չի ֆիքսել: Տարօրինակ գործ է, բայց հաստատ բացահայտվելու է»:
Նախախորհրդարանի քարտուղարությունը ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցնող անձի նմանօրինակ հայտարարությունները գնահատում է որպես կատարված հանցագործությունը կոծկելու ձգտում: Հիշեցնենք, որ ավտոմեքենաներից մեկը հրկիզվել էր գաղտնի եւ բացահայտ դիտման ու ձայնագրման բազմաթիվ սարքերով զինված ԱԱԾ-ի շենքի դիմաց, իսկ մյուսը՝ ոստիկանության կենտրոնականի բաժնի մոտակայքում: Մնացած ավտոմեքենաները հրկիզվել են սեփականատերերի բակերում, որտեղ կայանված են լինում գիշերային ժամերին:
Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող անձը թերեւս այնքան է կտրվել իրականությունից, որ իր եւ իր շրջապատի օրինակով ինքնաբերաբար կարծում է, թե բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն տեսանկարահանող սարքեր տեղադրել իրենց տների ու շենքերի տարածքում: