ԱՄՆ դիվանագիտական արխիվի այս փաստաթուղթը, որ հրապարակվել է «Վիկիլիքսի» կողմից, հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը: Վերջինս մանրամասնորեն անդրադառնում է 2008թ. մարտի 1-ին հաջորդած իրավիճակին՝ կենտրոնանալով Հայաստանում խոսքի ազատության ու իշխանության կիրառած լրատվական շրջափակման խնդիրներին:
Հեղինակն անկողմնակալ կերպով արձանագրում է, որ իշխանությունների բանեցրած նմանօրինակ ճնշումներն ակնհայտ ետքայլ են ժողովրդավարության զարգացումների համատեքստում: Դիվանագետը նաեւ մեջբերում է ՀՅԴ ղեկավար-ներկայացուցիչներից Կիրո Մանոյանի խոսքերը, ըստ որի՝ իշխանություններին ոչ ոք չի հավատում: Ավելին՝ փաստաթուղթը տեղեկացնում է, որ Մարտի 1-ի իրադարձությունների պատճառով է հետաձգվել Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական այցը Երեւան:
Փենինգտոնը նախ եւ առաջ հայտնում է, որ ընդդիմությունը գտնվում է լրատվական լիակատար շրջափակման պայմաններում, ինչը, սակայն, որոշ համակիրներ փորձում են հաղթահարել համացանցում անկախ ու նոր կայքեր բացելու միջոցով: Ավելին՝ նման գործունեությամբ զբաղվող մասնագետներից մեկն ամերիկացիներին հայտնել է, որ լրատվական շրջափակումը հնարավոր է ինչ-որ չափով հաղթահարել լոկ մեծ ջանքերի գնով: Փենինգտոնը հիշատակում է նաեւ իրենց աղբյուրներից մեկին, ով, ընտրություններից առաջ լինելով լիովին ապաքաղական անձնավորություն, իշխանության քարոզչության կիրառած անարդարությունների ու զրպարտությունների պատճառով հակվել է Տեր-Պետրոսյանին ընտրելու որոշմանը: Հատկանշական է, որ լրատվական բլոկադան կոտրելու գործողություններն այստեղ նույնականացվում են սովետական շրջանի «Սամիզդատ» շարժման հետ: Ջ.Փենինգտոնը մանրամասնում է, որ «Սամիզդատը»՝ ռուսերեն թարգամնված՝ ինքնահրատարակվող, ենթադրում էր խորհրդային շրջանում այլախոհների տեխնիկան, որ շրջանառության մեջ էին դնում այդ տարիներին արգելված համբավ ունեցող նյութեր, երբ յուրաքանաչյուր ընթերցող այն փոխանցում էր իր ընտանիքի անդամներին ու գաղափարակիցներին՝ նպաստելով նյութերի տարածմանը: Ամերիկացի դիվանագետը հավելում է, որ ինտերնետային ընդդիմադիր աղբյուրների սահմանափակվածությանը զուգահեռ՝ լայն տարածում են ստացել նաեւ DVD-ները, որոնցից Փենինգտոնն առանձնացնում է Մարտի 1-ի արյունահեղության կադրերը, որոնք բաժանվել են բազում մարդկանց, ովքեր էլ իրենց հերթին փոխանցել են ուրիշներին:
Ստեղծված իրավիճակը Փենինգտոնը քննարկել է նաեւ դաշնակցության ղեկավար ներկայացուցիչներից Կիրո Մանոյանի հետ: Վերջինս 2008թ. մարտի 15-ին ամերիկացի դիվանագետին հայտնել էր, որ «մարդիկ հիմար չեն. ոչ ոք չի հավատում պաշտոնական լրատվությանը»: Ըստ այդմ, նման գործողությունները եւ հատկապես լրատվական շրջափակումն ավելի են խորացնում հասարակական անվստահությունը: Մանոյանը քննադատել է ՀՀ իշխանություններին՝ ուժային մեթոդներին դիմելու համար, ինչպես նաեւ՝ նմանություն անցկացրել սովետական ժամանակների հետ: ՀՅԴ-ականը նկատել է, որ ընդդիմության դեմ պետական հեռուստատեսության քարոզչական արշավի արդյունքն ավելի է մեծացնում Տեր-Պետրոսյանի համակիրների բանակը: Նույն զրույցի ընթացքում Մանոյանը մտավախություն է հայտնել, թե իշխանությունները միգուցե չկարողանան հաղթահարել հետագա խնդիրները, քանզի նրանց դիրքերը շատ փխրուն են: Ուշագրավ է, որ ՀՅԴ-ականի նմանօրինակ գնահատականներ հնչեցնելուն զուգահեռ՝ ՀՅԴ-ն դեռ իշխանական կոալիցիայի մեջ էր, իսկ արտակարգ դրության ավարտին արդեն նոր կոալիցիան հուշագիր ստորագրեց՝ օգնելով ուժեղացնել իշխանությունների «փխրուն» դիրքերը: Ավելին՝ ՀՅԴ-ն 2008թ. մարտի 1-ի երեկոյան ԱԺ-ում կողմ քվեարկեց արտակարգ դրության հայտարարելու առաջարկին՝ նպաստելով իշխանության բռնարարքներին: Հիշենք նաեւ, որ այդ օրերին ՀՅԴ-ն ուներ սեփական հեռուստաալիքը, որի տված տեղեկատվությունը ոչնչով չէր տարբերվում Մանոյանի ասած՝ «պետական հեռուստատեսության» հաղորդումներից: Ի վերջո, առնվազն տարօրինակ է, որ ՀՅԴ-ական գործիչը մտահոգված է ոչ թե 10 սպանությունների փաստից, այլ որ իշխանությունների գործողությունները ավելացնում են Տեր-Պետրոսյանի կողմնակիցների քանակը: Դաշնակցությունը հայ հասարակության համար այդ ծանր օրերին աջակցեց իշխանություններին եւ փաստացիորեն օժանդակեց անմեղ քաղաքացիների սպանությունները պարտակելու գործին: Ըստ էության, ՀՅԴ-ն հավատարիմ մնաց իր կարգախոսին՝ «դեմ ըլլալով՝ կողմ ըլլալուն»:
Ինչեւէ, Փենինգտոնը շարունակում է քննարկել իշխանությունների պահվածքը եւ տեղեկացնում է, որ անգամ իշխանության ներկայացուցիչներն են ընդունում, որ լրատվական շրջափակումն ավելացնում է ներքաղաքական լարվածությունը հատկապես մայրաքաղաքում: Դիվանագետն արձանագրում է, որ այս պնդումը ոչ մի կերպ չեն ընդունում միայն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Ամերիկացին շեշտում է, որ իշխանությունները շարունակում են առաջնորդվել վերջին ամիսներին դրսեւորած մոտեցումներով՝ ենթարկեցնել ընդդիմությանը ուժային մեթոդներով: Այս համատեքստում դիվանագետը հայտնում է անգամ միջազգային հեռուստաալիքների՝ Հայաստանում ունեցած հասանելիության սահմանափակման մասին՝ հիշատակելով Euronews-ն ու CNN-ը, որոնց՝ Հայաստանին առնչվող լուրերը ԱԱԾ-ի կողմից արգելափակվել են:
Զեկուցագրի ավարտին Փենինգտոնը խիստ առարկայական է համարում այն փաստը, որ Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչների՝ Հայաստան կատարելիք այցը չեղյալ է հայտարարվել: Ըստ նրա՝ Վատիկանի երկրորդ դեմքը՝ պետքարտուղար կարդինալ Տաարցիսիո Բերտոնեն, մտադրվել էր այցելել Հայաստան մարտի 2-6-ն ընկած հատվածում: Հեղինակը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ին Երեւանում տեղադրված Վատիկանի դրոշներն արդեն մարտի 3-ին անակնկալ կերպով հեռացվել էին: Այս զեկուցագրով իսկ փաստվում է, որ իշխանությունների բռնարարքներն ու անարդար մրցակցությունն ամբողջովին հայտնի են միջազգային շրջանակներին: Արդյունքում՝ օտարները շահում են՝ զիջումներ կորզելով այս իշխանություններից, վերջիններս՝ դրանց դիմաց պահպանելով աթոռներն ու հարստությունը, իսկ միակ կորցնողը ՀՀ քաղաքացին է:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԳԱԶԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ԿՈՒՆԵՆԱ
Դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ գազալցակայաններում սպառվող գազի 1 խմ-ը մոտ 10-15 տոկոսով թանկացել է: Իսկ, ահա, որոշ գազալցակայաններում այս թանկացումը հասնում է մինչեւ 30 տոկոսի: Թեեւ գազալցակայաններ էլ կան, որտեղ գազի գինն ընդհանրապես չի բարձրացել: Ի՞նչ ազդեցություն կունենա այս թանկացումը հասարակական տրանսպորտի ուղեվարձի վրա:
«Ժողովուրդ»-ը այս հարցի շուրջ զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ:
-Պարո՛ն Նավասարդյան, ՀՀ գազալցակայաններում գազի գինը որոշակի չափով բարձրացել է: Սա ի՞նչ հետեւանք կունենա հասարակական տրանսպորտի սակագնի վրա:
-Ես ոչինչ չեմ կարող ասել: Բնական է, որ այն ինչ-որ ազդեցություն կթողնի, բայց ինչպե՞ս կամ ի՞նչ արդյունք կտա, այս մասին ոչինչ չեմ կարող ասել:
-Հասարակական տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա՞, թե՞ ոչ:
-Ուղեվարձին վերաբերող հարցերին չեմ կարող պատասխան տալ, քանի որ հանձնաժողով գոյություն ունի:
-Այնուամենայնիվ, ի՞նչ բացասական ազդեցություն կունենա գազալցակայաններում գազի սակագնի թանկացումը:
-Այս մասին կարող է խոսել միայն տնտեսվարող սուբյեկտը կամ տաքսու վարորդը, որ հաշվարկ ունեն եւ աշխատում են: Այսօրվա դրությամբ մենք ամեն բան անում ենք, որպեսզի բոլորն էլ աշխատեն, եւ քաղաքացին էլ չտուժի: Իսկ թե հետագայում ինչ կլինի, ես չեմ կարող ասել:
-Այս պահին գծատերերը դժգոհություններ ներկայացրե՞լ են:
-Երեկվա դրությամբ նրանք անհանգստացած էին եւ մեզ էին դիմել մի հարցով՝ եթե հանկարծ վարորդները բոյկոտեն ու դուրս չգան աշխատանքի, ապա մենք ի՞նչ ենք անելու: Մենք էլ իրենց ի պատասխան՝ ասացինք, թե գնացե՛ք ու աշխատե՛ք համոզել նրանց, որ անպայման սպասարկեն:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ, ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ
Երեկ ՀՀ Կառավարության նիստին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց հանձնաժողովի կողմից այս ընթացքում սննդամթերքի շուկայում կատարված գնային ուսումնասիրությունների արդյունքները: Ի դեպ, ուսումնասիրությունն իրականացվել էր նոյեմբերի սկզբից մինչեւ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ դրամը դոլարի համեմատ արժեզրկվել է շուրջ 13 տոկոսով՝ 411-ից հասնելով 463 դրամի: Շաբոյանը հայտարարեց նաեւ, որ գնային փոփոխությունները համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, եւ փոխարժեքի փոփոխման վերին շեմը չեն գերազանցում:
Այսպիսով՝ այն ապրանքատեսակները, որոնց մասով ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է կատարել, գնային փոփոխությունների տատանում են գրանցել 2-12, 13 տոկոսի միջակայքում, այն դեպքում, երբ փոխարժեքի արժեզրկումը կազմել է 13 տոկոս: Դրանք 16-17 անուն ապրանքներ են: «Խոսքը վերաբերում է շաքարավազին, կարագին, ձեթին, հավի մսին, հավկիթին, սուրճին, ալյուրին եւ այլն: Փոխարժեքի փոփոխությունն իր ուղղակի ազդեցությունն է թողել ներմուծված ապրանքների գների վրա, որոնք սկսել են բարձրանալ նոյեմբերի 20-ից սկսած: Բնականաբար, սրա արդյունքում կաթնամթերքի գներն էլ են բարձրացել, քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքատեսակներ, բաղադրիչներ ներմուծվում են: Բացի այդ՝ ձմռան ամիսներին հանրապետությունում կաթնամթերքի արտադրության ծավալը կտրուկ նվազում է, եւ փոխարժեքը կարող է ներմուծված կաթի փոշու միջոցով իր ազդեցությունը թողնել կաթնամթերքի գների բարձրացման վրա»,- ներկայացրեց Շաբոյանը:
Տեղեկացնենք, որ թանկացել են միայն երկու խոշոր արտադրողների՝ «Աշտարակ կաթ»-ի եւ «Դուստր Մարիաննա»-ի ապրանքատեսակները:
«Փոխարժեքի փոփոխությունից բացի՝ առաջին հերթին ազդել են ձեռքբերման գները, որոնք մեծ չափով ավելացել են: Քանի որ հնդկաձավարի բերքը կրճատվել է մոտ 20 տոկոսով, գները կտրուկ ավելացել են: Մի քանի անգամով են ավելացել»,-կառավարության նիստին հայտարարեց Շաբոյանը:
Հանձնաժողովն ուսումնասիրում է նաեւ բրձնի շուկան, որտեղ արձանագրվել է, որ քաշով վաճառվող բրնձի 1 կգ-ը այս պահի դրությամբ «Երեւան սիթի» խանութների ցանցում 360 դրամից դարձել է 375 դրամ, այսինքն՝ գների փոփոխությունը կազմել է 4 տոկոս: «Մինչդեռ այդ նույն բրնձի կողքին վաճառվում է նաեւ «Մառանիկ» անվանումով բրինձը, որը փաթեթավորված է, մաքրված, որոշ չափով՝ վերամշակված, եւ որի գինը 4 անգամ ավել է, քան այն բրնձինը, որը գտնվում է մեր ուսումնասիրության շրջանակում»,-տեղեկացրեց Շաբոյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովը հաշվի առնելով ամանորյա նախատոնական ժամանակահատվածը՝ ապրանքային շուկաներում կշարունակի իր ամենօրյա դիտանցումները: