Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտթեւի միջեւ կռիվ է «ընկել»: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վերջին ժամանակահատվածում երկու կուսակցությունների երիտասարդ թեւի ներկայացուցիչները փորձում են միմյանց վախեցնել, ինչ-որ հանդիպումների են հրավիրում՝ հարցը «տղավարի» լուծելու համար: Բանն անգամ հասել է այնտեղ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանի «թիմակիցները» փորձել են ֆեյսբուքով գտնել ՀՀԿ-ականներին ու պարզել, թե ինչու են իրենց վարկաբեկում կամ անհասկանալի սպառնալիքներ հնչեցնում իրենց հասցեին:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչու են ՀՀԿ երիտթեւի հետ «պայքարի» դուրս եկել, ի՞նչն է նրանց վիճաբանությունների պատճառը:
-Պարո՛ն Բաբայան, վերջին ժամանակահատվածում ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի երիտասարդ թեւի հետ լարվածություն է առաջացել, կարելի է ասել՝ «սառը պատերազմ» է ընթանում Ձեր միջեւ: Ի՞նչ է կատարվում, ի՞նչ չեք կարողանում «կիսել» երիտասարդներով, որ նման իրավիճակ է ստեղծվել:
-Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե այդ ամենն ինչից է գալիս, բայց հիմնականում գիտեմ, որ երբ մենք երկրի վերաբերյալ հարցեր ենք բարձրացնում, քննադատում ենք, ՀՀԿ-ի երիտթեւի որոշ երիտասարդների հանձնարարվում է մեզ վրա ցեխ շպրտել:
-Դուք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր եք, կոնկրետ Ձեր հասցեին ի՞նչ է ասվում, ի՞նչ բնույթի են լինում «ցեխերը», որոնք Ձեզ վիրավորում են:
-Անհիմն բնույթ կրող հայտարարություններ են հնչում: Ինձ, ինչպես միշտ, մեղադրում են, որ ես մի քանի կուսակցություն եմ փոխել, ու նման անլուրջ խոսակցություններ: Երբ որ մենք բարձրաձայնում ենք, որ երկրի աղքատությունը 40 տոկոս է, 1 միլիոն մարդ աղքատ է, երբ որ ասում ենք, որ մեր երկրում անսահման պրոբլեմներ կան, որոնք պետք է լուծվեն, այդ ժամանակ ինձ մեղադրում են, թե ես ժամանակին եղել եմ «Երիտասարդական» կուսակցության նախագահ ու նաեւ եղել եմ ընդդիմությունում՝ 10 տարի առաջ: Ես էլ մատնանշում եմ, թե իրենց ղեկավարները քանի կուսակցություններում են եղել ու քանի կուսակցություններ փոխելով են դարձել ղեկավարներ: Ու, ընդհանրապես, ժողովրդավարական երկրում նման բանի մասին խոսելը, կարծում եմ, անլուրջ է, որովհետեւ ամեն մարդ ի՛ր ճանապարհը, ի՛ր թիմը, ի՛ր քաղաքական ճամբարը ինքն է ընտրում: Ու եթե մարդիկ խոսում են ընտրությունների ազատության իրավունքներից, ուրեմն իրենք իրավունք չունեն նման քննադատություններ հնչեցնել: Ես ո՛չ օլիգարխ եմ ու ո՛չ էլ թալանել եմ այս երկիրը: Ու, ընդհանրապես, ոչ էլ մի քայլ եմ արել, որի համար կարող եմ փոշմանել: Իմ գործունեությունն ազատ է ու բացահայտ հասարակության համար: Այդ քննադատություններին վերաբերում եմ անլուրջ:
-Նշեցիք, որ անլուրջ եք վերաբերվում, բայց Ձեր թիմակիցները ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներին «ժամադրել» էին, որպեսզի պարզեն, թե ինչո՞ւ են Ձեր վերաբերյալ նման անհարգալից տեղեկություններ հրապարակում:
-Իմ կողմնակիցներից մարդիկ են եղել, որ փորձել են հարցնել, զրուցել, թե ինչի համար են նման բաներ գրում: Իսկ իրենք այդ ժամանակ ժամադրել էին Մելիք-Ադամյանում: Ում ժամադրել էին, իրենք գնացել էին, իսկ ժամադրողները չէին եկել: Մենք ժամադրելու խնդիր չունենք, եթե հարցեր լինեն, մենք պատրաստ ենք քննարկել, եթե այդ քննարկումները կառուղոցական բնույթ են կրում, եթե ոչ, ապա կարծում եմ՝ անիմաստ է ինչ-որ բան խոսել:
-Իսկ ինչո՞վ էր պայմանավորված Մելիք-Ադամյան փողոցում ժամադրելը, ինչո՞ւ էին ՀՀԿ-ականները հենց այդ փողոցում որոշել Ձեզ հետ հանդիպել:
-Չգիտեմ՝ ինչու են այդտեղ ընտրել, ընդամենը ես մտածում եմ, որ ցանկացել են ցույց տալ, որ իրենք ունեն Մելիք-Ադամյանի հովանավորությունը:
-ԲՀԿ-ականները վախենո՞ւմ են այդ փողոցից կամ հովանավորյալներից:
-Իհարկե՝ ոչ, մենք ոչնչից էլ չենք վախենում, իրենք թող վախենան, իրենք թող վախենան ժողովրդի ընդվզումից, իրենք թող վախենան, որ իրենք չեն կարողանալու դուրս գան փողոց եւ նայեն ժողովրդի աչքերին, իրենք թող վախենան, որ հանրապետականների զնաչոկները կպցրած իրենց դոշին՝ իրենց վստահեցնում են, որ դրանով լավ գործ են անում: Իրենք դրանով ընդամենը փորձում են այն մարդկանց, որոնք խորհրդարանում հարցեր են բարձրացնում, գործ են անում, իրենց հասցեին ինչ-որ անիմաստ հայտարարություններով են հանդես գալիս, որն անիմաստ է:
-Իսկ ինչպե՞ս է այդ ամենին վերաբերվում ԲՀԿ առաջնորդը, կուսակցությունում Ձեզ ասվո՞ւմ է, որ ՀՀԿ-ականներին շատ կոպիտ պատասխան տրվի, երբ քննադատություններ է հնչեցվում կուսակցության վերաբերյալ:
-Իհարկե՝ ոչ, նման բաները չի հրահանգավորվում, դա կուսակցության աշխատանքի բնույթ չի կրում, մարդիկ ազատ են իրենց կարծիքները հայտնելու: Ու մեզ մոտ նման պրակտիկա չկա, մեր թիմակիցները շատ-շատ են սոցիալական ցանցերում, ու եթե որոշակի անարդար կամ վիրավորական բաներ է լինում, 10 անգամ իրենք պատասխանում են: Համենայնդեպս, մենք առաջինը որեւէ մեկին չենք վիրավորել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՀԱՏՈՎ ԴԵՂԻ ՎԱՃԱՌՔԸ ԿԱՐԳԵԼՎԻ՞
Այս պահին հետաքրքիր հակասություն է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության եւ դեղարտադրողների, ներմուծողների միության միջեւ: Մի կողմը պնդում է, որ հատով դեղ հնարավոր չէ վաճառել, իսկ մյուս կողմը՝ դա խնդիր չէ եւ կարելի է: Ըստ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի՝ դեղերի դրոշմապիտակավորման օրինագիծը բերելու է դեղահաբերի՝ հատիկով վաճառքի արգելքին:
Հիշեցնենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ Հայաստանի տարածքում օտարվող բոլոր դեղերը պետք է պարտադիր դրոշմապիտակավորվեն: Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը բարձրաձայնում է, որ Հայաստանի տարածք ներմուծված դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը մի շարք խնդիրների առջեւ կկանգնեցնի ոչ միայն ներմուծողին, այլեւ սպառողին: Բացի այս՝ վերը նշված օրենքում կատարված փոփոխությունների համաձայն` այսուհետ հատով դեղ գնելն անհնար կլինի:
Վերջերս դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը մտահոգվեց՝ հայտարարելով, որ եթե մինչ օրս շատ դեղեր վաճառվում էին ոչ թե ամբողջական փաթեթով, այլ հատով, ապա, ըստ նոր օրենքի, դեղատներում այլեւս հատով դեղեր չեն վաճառվի: Ավելին՝ եթե դեղատան աշխատողը տուփից առանձնացնի դեղն ու հատով վաճառի, ապա դա կդիտվի օրենքի խախտում, եւ տվյալ անձը կենթարկվի օրենքով նախատեսված պատժամիջոցների:
Սակայն ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության մարդասիրական համակարգման բաժնի պետ Վարդուհի Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հայաստանյան դեղատներում դեղերի հատով վաճառքն արգելված չէ: Աշխատողները պետք է միայն դրանց վրա պիտանելիության ժամկետի մասին նշումով պիտակներ կպցնեն. մի ողջ լեկցիա:
«Մենք փոփոխություններ ենք իրականացրել, որպեսզի հատով կարողանան բաց թողնել, բայց պոլիէթիլենային տոպրակի կամ սրվակի վրա պիտակավորել եւ հայերեն լեզվով գրել ժամկետը, կոդը, սերիան, երկրի արտադրությունը: Ընդամենն այս փոփոխությունն է եղել: Քաղաքացիների համար ոչ մի դժվարություն չի լինի: Ուղղակի մենք փոփոխություն ենք կատարել բաց թողման կարգի մեջ: Այսպես ավելի պատշաճ կլինի, որպեսզի հիվանդը խնդիր չունենա: Սա դրոշմապիտակավորման հետ ամենեւին էլ կապ չունի»,- բացատրեց մեր զրուցակիցը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈ՞ՒՄ
2014թ. սեպտեմբերին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը նշանակվել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի՝ Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար: Վ. Ներսիսյանը 2011-ի նոյեմբերից՝ համայնքի ղեկավարի ընտրություններում Վարդան Ղալումյանին պարտվելուց հետո, աշխատանք չուներ: Ներսիսյանի՝ կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար նշանակվելուց հետո սպասելի էր, որ նրա եւ Իջեւանի քաղաքապետարանի միջեւ հարաբերությունները հարթ չեն լինելու:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը գրավոր դիմել է ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին` հույս հայտնելով, որ Մ. Սարգսյանի հանձնարարականով պարզաբանում կտրվի եւ կլուծվի 2014թ. նոյեմբերի 28-ին կադաստրի պետական կոմիտեի՝ Տավուշի մարզային ստորաբաժանում ուղարկված իր դիմումի մեջ բարձրացված խնդրին: Քաղաքապետը հայտնել է, որ կադաստրի մարզային ստորաբաժանումը, կասեցնելով կոնկրետ անձնավորության անշարժ գույքի պետական գրանցումը, որպես կասեցման հիմնավորում նշել է կառավարության՝ 2005թ. որոշումը եւ քաղաքաշինության նախարարի համաձայնության բացակայությունը:
Ղալումյանը դիմումի մեջ դրան հակադարձել է. «ՀՀ Կառավարության՝ 29.12.2005թ. թիվ 2404-Ն որոշման 1-ին եւ 8-րդ կետերի ուժով անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ քաղաքաշինության նախարարի համաձայնությունը, երբ հիշյալ որոշման 8-րդ կետի սահմանման մեջ, որպես ՀՀ քաղաքաշինության նախարարի համաձայնության պայման են առաջացնում միայն քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման վերաբերյալ առաջարկությունները, ճարտարապետահատակագծային առաջադրանքի (կից ներկայացվող կառուցապատման սխեմայով) տրամադրման գործառույթների դեպքերում միայն, իսկ սույն դեպքը հիշյալ պայմաններից եւ որեւէ մեկին չի համընկնում, ընդամենը առկա է օրենքով սահմանված կարգով ձեռք բերված տարածքի նկատմամբ պետական գրանցման իրավական ռեժիմ»: Վ. Ղալումյանն էլ նշել է. «Ստորաբաժանման ներկայիս ղեկավարը հանդիսացել է իմ իրավանախորդը, եւ մեր միջեւ քաղաքական հայացքների շուրջ ձեւավորվել են որոշակի տարաձայնություններ, իսկ ստորաբաժանման ղեկավարը մինչեւ օրս բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ ներկայիս լիազորություններն օգտագործում է իր ունեցած սկզբունքներին համահունչ»:
Իջեւանի քաղաքապետը նախկին քաղաքապետի գործելակերպն անթույլատրելի համարելով՝ հայտնել է, որ նա քաղաքի բնակիչների համար խոչընդոտ է դարձել: Ղալումյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ կադաստրի պետական կոմիտեի՝ Տավուշի մարզային ստորաբաժանումը նախկինում վերոհիշյալ պատճառաբանությամբ չի կասեցրել որեւէ քաղաքացու անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ