ԳՅՈՒՄՐՈՒ «ԿՈԼԻԶԵՅ»-Ի ՃԱԿԱՏԱԳԻՐՆ ԱՆՈՐՈՇ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշակութային արժեք ներկայացնող, վերանորոգման կարիք ունեցող Ալեքսանդրապոլի թատրոնի շենքը «Թումո» կենտրոնին տրամադրելու հարցի քննարկումն օրերս դժգոհություններ է առաջացրել գյումրեցիների շրջանում: Քաղաքացիները նշում են, որ թեեւ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ունենալու անհրաժեշտությունը կա, այնուամենայնիվ, նշված տարածքի ընտրությունը տրամաբանական չէ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դրա համար քաղաքում մի շարք այլ հարմար կառույցներ կան:

«Լոգոս» ՀԿ նախագահ Արա Մելիքջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, որ Գյումրիում շատ շենքեր կան, որոնք ավելի բարվոք վիճակում են, մշակութային արժեք չեն ներկայացնում, եւ դրանք շահագործելու դեպքում կարելի կլինի թե՛ կոսմետիկ, թե՛ կառուցվածքային փոփոխություններ կատարել:
Որպես այլընտրանք Ա.Մելիքջանյանն առաջարկեց շահագործել, օրինակ, նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի, «Շիրակ» հյուրանոցի շենքերը:
ՀԿ նախագահը նշեց, որ եթե ամեն քաղաքապետ, պատգամավոր, նախարար իր մեկ ամսվա աշխատավարձը հանգանակեր թատրոնին, ապա այն վաղուց կառուցված կլիներ:
«Թող քաղաքապետարանը վերջնականապես հստակեցնի իր դիրքորոշումը՝ ԱՄՆ դեսպանատնից գումար խնդրում ենք կառույցը վերանորոգելու, արդեն ունեցած ծրագրով այն մշակութային օջախ դարձնելո՞ւ, թե՞ «Թումո»-ին հանձնելու համար»,-նկատեց ՀԿ նախագահը:
«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Գյումրու քաղաքապետարանից տեղեկացրին, որ թատրոնի շենքի վերականգնումը կապված է ֆինանսական լուրջ ներդրումների հետ, քանի որ քաղաքի աղքատիկ բյուջեով այն իրականացնելն անիրատեսական է. «Մշակութային ծրագրերի իրականացման նպատակով համապատասխան ֆինանսական ներդրումներ ապահովելու համար քաղաքապետարանը հետեւողականորեն փորձում է գտնել ֆինանսական աղբյուրներ: Շենքը «Թումո» կենտրոնին տրամադրելու հարցի քննարկումը չի նշանակում նահանջ քաղաքապետարանի կողմից ընդունված մշակութային ծրագրերի իրականացումից: Քաղաքապետարանի կողմից մշակված են նմանատիպ շինությունների վերականգնման եւ մշակութային կենտրոններ ստեղծելու այլ ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Շենքը վերականգնելու համար ֆինանսական ներդրումներ կատարելու հարցը՝ որպես պարտադիր պայման, ներկայացվել է «Թումո»-ի ղեկավարներին»,-ասված է քաղաքապետարանի պատասխանում:
Նշենք, որ քաղաքապետարանն անպատասխան է թողել մեր ուղղած հետեւյալ հարցերը՝ ի՞նչ հանգամանքներ հաշվի առնելով է «Թումո»-ի համար ընտրվել հենց թատրոնի շենքը, մի՞թե քաղաքապետարանն այս հարցը լուծելու համար այլընտրանքային տարբերակ չի տեսնում, եւ ո՞րն է ԱՄՆ դեսպանատնից գումար խնդրելու բուն նպատակը:
Ի դեպ, թարոնի շենքի ճակատագրով մտահոգ քաղաքացիները եւ հասարակական կազմակերպությունները պահանջում են հանրային քննարկում: Այս առթիվ քաղաքապետարանն իր պատասխանում նշել է, որ շենքի վերակառուցման նախագիծը պարտադիր կերպով կներկայացվի հանրային քննարկման:
Հիշեցնենք, որ Գյումրու կենտրոնական այգում գտնվող թատրոնի մեկուկեսդարյա շենքում 1912-ին առաջին անգամ բեմադրվել է Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերան: Շինությունն ինքնատիպ է իր ճարտարապետական լուծումներով, թատերական շենքը տիպային կառույց է, հարմարեցված է թատրոնի պահանջներին: Այս շենքը բացառիկ թատերական կառույց է, որի միայն ճակատամասն իր նմանը չունի ողջ Հայաստանում: Այստեղ են իրենց առաջին քայլերը սկսել այնպիսի մեծանուն արտիստներ, ինչպիսիք են Ցոլակ Ամերիկյանը, Լեւոն Զոհրաբյանը, Արմեն Արմենյանը, Վարդան Աճեմյանը:
«Ի վերջո, չի կարելի այդպես վարվել ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչված Գյումրու հնագույն մշակութային արժեքների հետ: Երբ զբոսաշրջիկները գան մեր քաղաք, անցնեն այդ կառույցի կողքով, ի՞նչ ենք ասելու՝ դա «Թումո»-ն է, թե՞ Հայաստանի ամենահին թատրոններից մեկը: «Կոլիզեյ»-ը՝ որպես մշակութային արժեք, կանգուն է մինչեւ օրս, թատրոնի հին շենքն էլ Գյումրու «Կոլիզեյ»-ն է»,-ասում է Արա Մելիքջանյանը:

 

 

 

ԾԱԽՍԵՐԻ ԸՆԴԱՄԵՆԸ 1%-Ը՝ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻՆ

ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծով մշակույթի ոլորտի ծախսերը կազմելու են ընդհանուր ծախսերի ընդամենը 1%-ը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ նախատեսված հատկացումները կազմում են 12.182.4 միլիոն դրամ: Նաեւ տեղեկացանք, որ նախարարության բյուջեի հետ կապված փոփոխությունները հիմնականում պայմանավորված են բնագավառի աշխատողների աշխատավարձերի, էլեկտրաէներգիայի ծախսերի, հուշարձանների վերականգնման աշխատանքների, պեղումների նպատակով արված ծախսերի, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական ծրագրերի հատկացումների, ինչպես նաեւ՝ նոր ծրագրերի անդամակցության նախատեսմամբ, այլ ծրագրերի գծով հատկացումների փոփոխությամբ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով՝ մշակույթի ոլորտի համար նախատեսված ծախսերի տոկոսը շատ քիչ է. «Այդ կարգի գումարներով մշակույթ չեն զարգացնի: Քանի դեռ իշխանությունները մշակույթից անտեղյակ մարդիկ են, այդ ոլորտից հեռու են, միշտ էլ այսպես է լինելու»,-մեզ հետ զրույցում ասաց նա:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ոլորտին տրամադրվելիք գումարները հիմնականում ծախսվելու են բնագավառի մասնագետների աշխատավարձերի բարձրացման նպատակով, Արամ Մանուկյանը նկատեց, որ հենց թեկուզ վերջին շաբաթվա ընթացքում դրամը բավական արժեզրկվել է. «Ում աշխատավարձը որ բարձրացվել է, մեկ տարվա ընթացքում նրա գնողունակությունն ավելի է ընկնելու»,-ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ, օրինակ, թանգարաններին, գրադարաններին տրամադրվելիք գումարները որքան էլ ավելացվեն, միեւնույնն է՝ դրանք շարունակ պետական հոգածության կարիք կունենան:
Նրա համոզմամբ՝ ոլորտի հիմնական խնդիրը մշակութային քաղաքականության հիմքը ճիշտ դնելն է, ազատ մշակութային դաշտ ձեւավորելը, եթե սրանք չկան, անիմաստ է խոսել 1% -ի մասին:
Ավելացնենք, որ «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե նախարարությունն այս տարի բյուջեին հատկացված գումարի առնչությամբ ինչ դժգոհություն ունի, արդյոք կան ճյուղեր, որոնք առավել շատ ֆինանսավորման կարիք ունեն, նախարարությունից պատասխանել են, որ պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտում անհրաժեշտ է ավելացնել ֆինանսական հատկացումները՝ հուշարձանների վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այսինքն՝ այն ոլորտում, որտեղ, ըստ վերահսկիչ պալատի, հնարավոր է հավելագրումներ անել:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼ Է
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, 34-ամյա հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի կազմվածքը շարունակում է հասարակության կողմից բուռն քննադատությունների արժանանալ: Այս անգամ մեր հայրենակցի կազմվածքի մասին իր կարծիքն է հայտնել Բրիտանիայի պաշտպանության նախարարը` 58-ամյա Աննա Սուբրին: Պաշտոնյան, թեեւ խոստովանել է, որ ժամանակին երկրպագել է Քիմին, այնուամենայնիվ, տհաճ արտահայտություն է արել նրա հասցեին` մոդելի կազմվածքը համարելով աննորմալ, իսկ Քարդաշյանին` ընդօրինակելու ամենասարսափելի օրինակ:

 

ՍԻՐՏՆ ԱԶԱՏ Է
Հայտնի է, որ Սելենա Գոմեսն ու Ջասթին Բիբերը մի քանի տարի է` սիրավեպ ունեն, ու չնայած լրատվամիջոցներն անընդհատ «բաժանում են» զույգին, այնուամենայնիվ, նրանք վերջնականապես չեն դադարեցրել իրենց հարաբերությունները: Գաղտնիք չէ նաեւ, որ Բիբերը վերջերս սիրավեպ էր սկսել Քիմ Քարդաշյանի քրոջ` Քենդալ Ջեների հետ:
Վերջերս ամերիկյան ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ Սելենա Գոմեսը ներկայացրել է իր նոր` «The Heart Wants What It Wants» անունը կրող սինգլը, որը, ըստ տարածված խոսակցությունների, նվիրված է Բիբերին: Հարցազրույցի ժամանակ Սելենա Գոմեսն անդրադարձել է իր եւ Բիբերի հարաբերություններին:
«Այդ երգը ես կատարել եմ այն մարդկանց համար, ովքեր իմ հոգեվիճակում են: Ինձ համար շատ դժվար է, քանի որ միայնակ եմ, սիրած անձնավորություն չունեմ, այս կերպ բարդ է աշխատել»,-ասել է նա:

 

ՍԵՌԸ ՓՈԽԵԼ Է
24-ամյա ուկրաինացի երգիչ Բորիս Ապրիլն իր ծննդյան տարեդարձի օրը հայտարարել է, որ սեռափոխության վիրահատության է ենթարկվել եւ գտել է իր նոր սիրուն: Ամերիկաբնակ երգիչը հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում:
«Ես աղջիկ եմ, ով մի օր կին կդառնա: Ես ցանկանում եմ երեխաներ ու ամուսին ունենալ»,-գրել է Ապրիլը, ում անվանափոխությունից հետո կոչում են «Էյփրիլ»:
Թեեւ նա սովորաբար գաղտնի է պահում իր անձնական կյանքի մանրամասները, այնուամենայնիվ, հայտարարել է, որ ընկեր ունի, եւ իրենց կյանքում ամեն բան հրաշալի է: Նա նաեւ հավելել է, որ երազում է ամուսին ու երեխաներ ունենալ:




Լրահոս