Ավելի քան մեկուկես տարի է՝ Նոյեմբերյանի պոլիկլինիկայի մեծ շենքը դատարկ է: 2010 թվականի հոկտեմբերի 10-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով հիմնանորոգված Նոյեմբերյանի հիվանդանոցի բացումից, Նոյեմբերյանի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի միավորումից, «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կազմավորումից հետո նախկին պոլիկլինիկայի աշխատողները տեղափոխվեցին հիվանդանոցի շենք:
Իսկ պոլիկլինիկայի շենքն այժմ գտնվում է պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում: 2011 թվականին Նոյեմբերյան համայնքի ավագանին գրավոր դիմել էր կառավարություն, որպեսզի խորհրդային տարիներին որպես դպրոց ծառայած շենքը վերադարձվի համայնքին, սակայն դրական պատասխան չէր ստացել: Տեղեկություններ կան, որ անշարժ գույքի կառավարման գործակալության հաշվեկշռում գտնվող այդ կառույցում տեղավորվելու են սոցիալական տարբեր ծառայությունների տարածքային մասնաճյուղերը` Նոյեմբերյանի սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային գործակալությունը («Փարոս» համակարգ), սոցապի տեղի մասնաճյուղը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը: 2010 թվականից շենքը դատարկ է, միայն առաջին հարկում մի քանի սենյակ զբաղեցնում է Նոյեմբերյանի տարածքի ռազմական ոստիկանությունը: Նշենք, որ շենքի ներսում զուգարան չի գործում, իսկ կառուցի առջեւի հրապարակում առկա զուգարանը լցված է արտաթորանքով: Այն համաճարակի իսկական օջախ է: Անցած մեկուկես տարում պետական անշարժ գույքը՝ պոլիկլինիկայի շենքը, կարելի էր նապատակային օգտագործել: Չէ՞ որ շենքի նորոգման եւ պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հսկայական ներդրումներ են կատարվել: Այն տուժել, վթարային էր դարձել 1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժից: Այդ նույն տարում կառույցը պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվեց, սեյսմակայունությունն ուժեղացվեց, հետագայում էլ ամբողջությամբ փոխվեց շենքի տանիքը. ծածկի ազբեստե թերթաքարերի փոխարեն տեղադրվեցին ցինկե թիթեղներ: Նոյեմբերյանը փոքր քաղաք է, պետական կամ մասնավոր հիմնարկների գրասենյակների համար ազատ տարածքներ չկան, իսկ այդ հսկա շենքը դատարկ է մնում եւ անտերության մատնվելով` մթնոլորտային տեղումներից աստիճանաբար քայքայվում:
Տավուշ