ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «ԴԺՎԱՐ» ՕՐԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ընտրություններից առաջ ՕԵԿ փոխնախագահ դարձած Մարգարյան Հովիկը հայտարարում էր, որ իր կուսակցությունը «ջիգյարով ձայներ» է ստանալու, իսկ մյուս փոխնախագահ Բիշարյան Հեղինեն էլ պնդում էր, թե կրկնապատկելու են իրենց ներկայությունը խորհրդարանում եւ կառավարությունում…Գրբացների կամ էլ աստղագուշակների մոտ չէին գնացել ՕԵԿ երկու փոխնախագահները, ոչ էլ երազ էին տեսել. այսպես նրանց ներշնչել եւ հանձնարարել էր հայտարարել Արթուր Վահանիչը:
Երեւի այդ հայտարարություններն էլ պատճառ էին դարձել, որ շատերը «վրա տան» ՕԵԿ-ին` ակնկալելով պաշտոններ ու հարուստ եկամուտներ: Դե, այս կուսակցությունում վերնախավը լավ է ապրում, լավ պաշտոններ է ստանում, պատգամավոր է դառնում, լուծում է բարեկեցության  խնդիրները: Ճիշտ եւ ճիշտ` լենինյան կոմկուսի նման… Ու այդ օրինակն էլ Ա. Բաղդասարյանն է տալիս, որը, սկսելով իր «բիզնեսը» մոմի արտադրությունից ու վաճառքից, Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է դարձել` կամաց-կամաց հարստացնելով նաեւ իրեն շրջապատող մի քանի հոգու, իսկ մյուսներին հորդորելով ապրել «ոչ միայն հացիվ»:
Հերթական ընտրություններից առաջ Ա. Բաղդասարյանը նորից խոստումներով հեղեղեց հեռուստաեթերը, նորից սկսեց քննադատել իշխանություններին` մարդկանց սոցիալական խնդիրները չլուծելու, սխալ վարկային քաղաքականություն իրականացնելու, մարզերի հանդեպ ուշադրություն չձեւավորելու, գյուղատնտեսական համակողմանի ծրագիր չմշակելու համար: Միամիտ հայ մարդիկ լսում էին նրան, «հայիլ-մայիլ» մնում, սակայն որեւէ մեկի մտքով երեւի չէր անցնում, որ բոցաշունչ ճառեր ասող այս մարդը սովորական կուսակցական գործիչ չէ, այլ երկրի անվտանգության խորհրդի քարտուղարը, որը պարտավոր է այս ամենի մասին զեկույցներ ներկայացնել երկրի նախագահին, հընթացս քննարկումներ կազմակերպել, պատասխանատվություն կրել մարզերի վիճակի, մասնավորաբար արտագաղթի համար, քանի որ դա ազգային անվտանգության կարեւորագույն խնդիրներից մեկն է:
Գյուղատնտեսության ոլորտը հանձնված էր ՕԵԿ-ին, եւ ՕԵԿ նախագահը պարտավոր էր ժամանակ առ ժամանակ իր նախարար Սերգո Կարապետյանին հարցնել, թե ինչու է վատ աշխատում, ինչու մինչեւ այսօր Հայաստանում չկա գյուղատնտեսության ազգային ծրագիր, ինչու են գյուղացուն տրվում անորակ սերմացու եւ ուժանյութ: Կամ ԱԺ գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովը, որի նախագահն էլ Հարությունյան Խաչիկն էր, ինչու չի կազմակերպում համակողմանի լսումներ, ինչու չի զբաղվում օրենսդրական դաշտի կարգավորումներով, ինչու է միայն մի օրինագիծ ներկայացրել ինչ-որ բզզացող միջատների մասին` գյուղաշխարհի բազմաթիվ հոգսերը անտեսելով…
Տրանսպորտի ու կապի ոլորտն էլ էր ՕԵԿ-ին տրվել, եւ Ա. Բաղդասարյանի մտքով չէր անցնում գոնե մեկ անգամ իր նախարարին հարցնել, թե ինչու են ձեւական դարձել մրցույթները, ինչու է խայտառակ վիճակ տիրում ավտոկայարաններում, ինչու է ուղեւորափոխադրումն իր որակով ու մակարդակով «գնացել» 20-րդ դարի 30-ական թվականներ, ինչու են իրականացնում ճանապարհների անորակ շինարարություն… Արթուր Բաղդասարյանին պետք չէր հարցնել այդ մասին, որովհետեւ ինքը զբաղված էր իր անձնական բիզնեսով:
Այսինքն՝ պետական բարձրաստիճան պաշտոնյան զբաղվում է բիզնեսով, այս մասին հպարտ հրապարակային հայտարարություն է արվում, իսկ ահա էթիկայի հանձնաժողովը դույզն-իսկ չի մտահոգվում այս ամենով: Ուրեմն, ինչպես Ա. Բաղդասարյանին, այնպես էլ նրա շրջապատին ամեն ինչ կարելի է: Իսկ նախընտրական շրջանում Բաղդասարյանի շրջապատը հարստացավ Խուճուճ Էդոյով ու նրա եղբորով, Լավանդայի Արայիկով, էլի շատերով, որոնց մի մասը, Արթուրից հիասթափված, հեռացավ: Դե, մարդկանց նախարարական պաշտոններ, գործադիրում փափուկ տեղեր եւ պատգամավորական մանդատներ էին խոստացել: Նրանք էլ «ներդրումներ» էին կատարել: Լավանդայի Արայիկը մի հսկայական տարածք էր տրամադրել… Ու հենց նախընտրական շրջանում էլ մի սկանդալային պատմություն «պայթեց», երբ հայտնի դարձավ, որ ՕԵԿ այն ժամանակվա մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանին էլ էին «խաբել», որովհետեւ վերջինս փող չուներ ու չէր կարող «մուծվել», իսկ Ա. Բաղդասարյանը հատկապես սիրում է նրանց, ովքեր կա՛մ «վճարում» են, կա՛մ էլ քծնում…
Ա. Բաղդասարյանի մասին երկու հակադիր կարծիք է ձեւավորվել մեր հանրության մեջ: Կուսակցության հատկապես վերնախավն օրնիբուն փառաբանում է նրան, գովերգում, ինչը մենք բազմաթիվ անգամներ ենք լսել: Լսեցինք նաեւ հիմա, երբ փորձեցինք հետաքրքրվել, թե ինչպես են գնահատում ու արժեւորում նրան: Իհարկե, Բաղդասարյանով ավելի շատ հմայված են կուսակցության կանայք, որոնք բառեր չխնայեցին` նրա «իդեալական կերպարը» ստեղծելու համար: Բիշարյանից զատ, «շեֆի» մասին չափազանց բարձր կարծիք ունի Լյուդմիլա Մելիքյանը: ԱԽ-ում պաշտոններ ստացած մի քանի ՕԵԿ-ականի եւ հատկապես Միշա Մարկոսյանի համար Արթուր Բաղդասարյանը մեր օրերի ամենամեծ քաղաքական գործիչներից մեկն է: Նույն կարծիքին է, բնականաբար, Մարգարյան Հովհաննեսը, ում խոստացվել է քաղաքաշինության նախարարի պաշտոնը:
Ա. Բաղդասարյանին շատ բարձր է գնահատում նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հատկապես 2007-ին օգնեց, որ ՕԵԿ-ը Գյումրիում կայուն ձայներ ստանա: Բայց ահա Բալասանյան Սամվելը, Պողոսյան Թամարը եւ ուրիշներ չեն կամենում նրա անունն անգամ հիշել: Բաղդասարյանից «վառված» է նաեւ կուսակցության համակարգչային աշխատանքների նախկին պատասխանատու Գեւորգը, որը մինչեւ հիմա գրավադրված բնակարանի տոկոսներն է մարում, քանի որ «սիրելի Վահանիչը» 2007-ին ասել էր` «փողե՛ր ծախսիր կուսակցության համար, հետո կվճարենք»… «Նա սիրում է մարդկանց աշխատեցնել իր օգուտի համար, ստիպել կատարել ցանկացած աշխատանք` ընտրություններում հաջողություններ ապահովելու համար, իսկ հետո, «քցելով» մարդկանց, ասում է` չանեիր, ո՞վ էր խնդրում»,-սա Թամար Պողոսյանի միտքն է…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս