Հայ-ադրբեջանական սահմանագոտում ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծումների պատճառով հունիսի 6-ից փակվել է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Հիմնական ճանապարհը սկզբից փակվել էր սահմանապահ զինվորների կողմից, իսկ հունիսի 7-ից այդ հատվածի երկու կողմերում մեքենաների մուտքն արգելելու համար կանգնած են պետավտոտեսչության երկու մեքենաներ եւ նոյեմբերյանցի ոստիկաններ: Միջպետական մայրուղով երթեւեկող մեքենաներն այդ հատվածը հաղթահարում են շրջանցիկ, լեռնային տեղանքով՝ Հարսնաքար սարով ձգվող ճանապարհով: 6.3 կմ երկարությամբ շրջանցիկ այդ ճանապարհը կառուցվեց 2006-2007թթ.՝ պետբյուջեի՝ 700 միլիոն դրամ ֆինանսավորմամբ: Այս ճանապարհի ոչ միայն գործարկման ժամկետը խախտվեց, այլեւ նախահաշիվը: 2007 թվականի սեպտեմբերի 27-ին կառավարությունը լրացուցիչ 67 միլիոն 962 հազար դրամ հատկացրեց շրջանցիկ ճանապարհը կառուցած «Էներգացանցշին» ԲԲԸ-ին: Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհի երկու հատվածում ակտիվ են սողանքային երեւույթները: Պետբյուջեի ֆինանսավորմամբ տեղադրված «գաբիոնները» (խճաքարեր՝ ցանցերի մեջ) մեղմել են հողի սողանքի վտանգը, սակայն դրանց վերեւի մասում սողանքային երեւույթներն ակտիվ են: Այդ պատճառով շրջանցիկ ճանապարհը սպասարկող Նոյեմբերյանի «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները սողանքի գոտում՝ ճանապարհի եզրին, խիճ են լցնում, որպեսզի ճանապարհը չփլվի:
Նշենք, որ շրջանցիկ ճանապարհով երթեւեկող խոշոր բեռնատարները՝ «ֆուռերը», ավելի են մեծացնում սողանքի վտանգը: Հայաստան բեռներ ներկրող «ֆուռերը» ծանրաքարշ են, դրանց վարորդներն էլ, անծանոթ լինելով շրջանցիկ ճանապարհին ու դրանում սողանքի գոտու առկայությանը, հաճախ երթեւեկում են ճանապարհի եզրով՝ սողանքի համար վտանգավոր հատվածով: Դրա հետեւանքով ճանապարհի փլուզման վտանգն աճում է: Հունիսի 12-ին ականատես եղանք, թե ինչպես արտասահմանյան խոշոր բեռնատարները երթեւեկում են ոչ թե շրջանցիկ, այլ սահմանի եզրով ձգվող վտանգավոր ճանապարհով: «Ի՞նչն է դրա պատճառը»,-հարցրինք ճանապարհի մուտք հսկող նոյեմբերյանցի ոստիկաններին: «Ադրբեջանցի զինուժը նրանց վրա կրակ չի բացում, գիտեն, որ դրանք միջազգային մեքենաներ են, դրանց ղեկին օտարերկրացիներ են»,-պարզաբանեցին ոստիկանները: Այդ պատասխանը զարմանալի է, քանի որ ադրբեջանցի անգրագետ ասկյարը դժվար թե իմանա՝ տվյալ բեռնատարի ղեկին հայ է, թե օտարերկրացի: Ամենայն հավանականությամբ, խոշոր բեռնատարներին ոստիկանները հիմնական, գնդակոծության համար վտանգավոր ճանապարհով են ուղարկում, քանի որ իրական վտանգ կա, որ 40-տոննայանոց այդ բեռնատարների ծանրության տակ կփլվի սահմանի վտանգավոր հատվածը շրջանցող միակ՝ «կյանքի ճանապարհը»:
Տավուշ