Այսօր լրանում է Իրանի իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձը: Այդ օրը Մեհդի Բազարգանի գլխավորությամբ ստեղծվեց ժամանակավոր կառավարություն: Մինչ այդ երկրից հասցրել էր փախչել շահը, եւ հայրենիք վերադառնալ հեղափոխության գաղափարական հայր` Այաթոլլա Հոմեյնին: Անցած երեք տասնամյակը նշանավորվեց Թեհրանում՝ ԱՄՆ դեսպանատան գրավմամբ, իրանա-իրաքյան պատերազմով, իսկ վերջին 6-7 տարում Իրանը աշխարհին հետաքրքիր է առաջին հերթին իր միջուկային ծրագրերով: 1997 թվականին նախագահ ընտրված Մոհամմեդ Հաթամին փորձեց իրականացնել բարեփոխումներ, որոնք դեմ առան պահպանողականների լուրջ դիմադրությանը` ի դեմս սահմանադրության պահապանների խորհրդի եւ մահմեդական հոգեւորականության: 2005 թվականից առ այսօր երկիրը ղեկավարում է Թեհրանի նախկին քաղաքապետ, շատերի վկայությամբ ԱՄՆ դեսպանատան հարձակմանը մասնակցած՝ Մահմուդ Ահմադինեջադը: Սկզբում նախագահը վայելում էր բավական ժողովրդականություն, հիմնականում սոցիալ-տնտեսական բնույթ կրող մի շարք պոպուլիստական քայլերի պատճառով: Վարկանիշի բարձրացմանը նպաստում էին նաեւ միջուկային ծրագրերը, որոնք հասարակությանը ներկայացվում էին իբրեւ Իրանը գերտերություն դարձնելու միջոց: Սակայն 2009 թվականի նախագահական ընտրություններում Ահմադինեջադը կարողացավ պահպանել աթոռը` միմիայն կիրառելով դաժան ուժային միջոցներ: Պաշտոնապես հայտարարվեց, թե գործող նախագահը ստացել է իրանցիների քվեների 62,6 տոկոսը, սակայն նախկին վարչապետ եւ այժմ ընդդիմության ղեկավար Միր-Հուսեյն Մուսավին կարողանում էր օրեր շարունակ Թեհրանի փողոցներ հանել միլիոնավոր մարդկանց, որոնք առաջ էին քաշում թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական պահանջներ: Իրականում այսօր արաբական աշխարհը ցնցող հեղափոխությունները սկսեցին Իրանում, ուղղակի իշխող վարչակազմը շատ մատչելի ցուցադրեց, որ կգնա մինչեւ վերջ` իշխանությունը պահպանելու համար: Ռեժիմը անգամ հանդգնեց հալածանքի ենթարկել այնպիսի մարդկանց, ինչպիսին, օրինակ Այաթոլլա Մոնտարեզին էր: Ահմադինեջադը պահպանեց իշխանությունը, սակայն` հաշվի առնելով մահմեդական աշխարհում վերջին զարգացումները, կարելի է կանխատեսել. որ դրանք հեշտությամբ կարող են տեղափոխվել Իրան, քանզի երկրում ավելանում է քաղաքական եւ սոցիալական պահանջներ առաջ քաշողների բանակը: Հատկապես մեծ է դժգոհությունը 16 միլիոն բնակչություն ունեցող Թեհրանում: Հակառակ դրան, գործող նախագահը ունի մեծաթիվ կողմնակիցներ հյուսիսային Իրանում եւ մասնավորապես` Թավրիզում: Պատահական չէ, որ Ահմադինեջադը «ատելով» հանդերձ «Վաշինգտոնի դրածո» Մուբարաքին, այնուամենայնիվ, չի շտապում հանդես գալ Եգիպտոսի գործող իշխանությունների քննադատությամբ` լավ հասկանալով, որ Մուբարաքի հեռանալուց հետո մեծ հնարավորություններ ունի հաջորդը դառնալու հենց Իրանը: Մուբարաքը Իրանի իշխանությունների կողմից չի քննադատվում անգամ այն պարագայում, երբ չի բացառվում, որ Եգիպտոսի հաջորդ կառավարությունը կարող է ձեւավորել Իրանին գաղափարապես մոտ «Մահմեդական եղբայրներ» կուսակցությունը: Ի վերջո, սեփական իշխանության պահպանումը ավելի կարեւոր է, քան հարեւան երկրներում իսլամական կառավարությունների հաստատման հեռանկարը: Ինչ վերաբերում է Հայաստանի հարաբերություններին եւ Իրանի մասնակցությանը Արցախի հարցի կարգավորմանը, ապա այստեղ Իրանը վարում է բավական զգույշ եւ հաշվենկատ քաղաքականություն` պահելով հաշվեկշիռը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Վերջերս մեր հարեւանը նորից հանդես եկավ խաղաղ կարգավորման միջնորդ դառնալու ցանկությամբ: Սակայն դա նրան չեն թույլատրի ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Ռուսաստանը, քանզի տարածաշրջանային գերտերություն դառնալու Իրանի երազանքին չեն աջակցում ո՛չ առաջինները եւ ո՛չ էլ երկրորդը:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ԿԼԻՆԻ՞ ՆՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ