ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻՆ ՄԵՐԺՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան պատերազմի մասնակից, «Արծիվներ» ջոկատի անդամ, երկրորդ կարգի հաշմանդամ Լեւոն Երիցյանը, սկսած 2006թ-ից, փորձում է իր իրավունքները պաշտպանել դատական տարբեր ատյաններում: Սակայն  ՀՀ  վճռաբեկ դատարանը Երիցյանի գործը վարույթ չի վերցնում եւ չի էլ պատճառաբանում, թե ինչու:
2005թ.-ին Անուշ Մելքոնյանի սեփականությունը համարվող Մալաթիա-Սեբաստիա թաղամասի 3-րդ նրբանցքի Ծերենցի 23 հասցեի բնակարանը ժառանգում է նրա որդին՝ Լեւոն Երիցյանը: Այդ մասին իմանալով՝ նրա երկու եղբայրների այրիներն ակտիվանում են` պահանջելով Լեւոն Երիցյանի բնակարանի հանդեպ համաժառանգության իրավունք:  Սկսվում  է  ժառանգության  բաժանման դատական գործընթացը:
Հանգուցյալ Անուշ Մելքոնյանի որդիների այրիները՝ Ռոզա Մակարյանը եւ Եսթեր  Անդրեասյանը, որոնք 70-ականների սկզբից բնակվում են այլ բնակարաններում,  դատական գործընթացի արդյունքում ստանում են վերը նշված ժառանգության իրավունքի վկայագիր: Մասնակի անվավեր ճանաչելու եւ փաստացի տիրապետման հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին նրանց հայցը բավարարվում է: Այնուհետեւ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, քննելով գործի մանրամասները, մերժում է այրիներին: Վերջիններս սկսում են հակահարվածը: Դիմելով ՀՀ վճռաբեկ դատարան՝ այրիները «ձեռքբերման վաղեմությամբ»   ճանաչվում են նշված գույքի նկատմամբ համասեփականատերեր: Գործի համար  հիմք է դառնում Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի կողմից տրված կեղծ փաստաթուղթը:  
Լեւոն Երիցյանի հարեւանները փաստում են, որ Եսթերի եւ Ռոզայի կողմից իրենց տրվել է մաքուր թուղթ, առաջարկվել է ստորագրել: Այրիները համոզել են հարեւաններ Սաթիկ Ծառուկյանին, Կատյա Հարությունյանին, Քրիստինե  Մեսերջյանին եւ այլոց` տալ վկայություն եւ հավաստել, որ իրենց է պատկանում նշված հասցեի բնակարանին հարակից ավտոտնակը: Ինչպես հետո պարզում է դատարանը, այդ փաստաթուղթը ներկայացվում է թաղապետարան, ու այնտեղից դատարանին տրվում է տեղեկանք, որով հավաստում են, թե Ռոզա Մակարյանը եւ  Եսթեր Անդրեասյանը մշտապես բնակվում են Ծերենցի 3-րդ նրբանցքի 23 տանը եւ «բարեխղճորեն վճարում են բնակարանային եւ կոմունալ վարձերը»:  Իսկ դատական գործընթացներում ոչ մի դատավոր չի պահանջում անդորրագրերը՝  «նրբանկատորեն» շրջանցելով այդ կարեւոր իրավական փաստաթղթերը, որոնցից պարզ կդառնար այրիացած կանանց կեղծարարությունը եւ անօրինական պահանջը նշված գույքի նկատմամբ:
Ամեն դեպքում, մինչ օրս դատարանները «սրտացավ» են այրիների նկատմամբ եւ բավարարում են նրանց յուրաքանչյուր հայցը: Լեւոն Երիցյանը չի հաշտվում դատարանի վճռի հետ, քանի որ հակառակ կողմը, ըստ նրա, «ներկայացնում է կեղծ փաստարկներ, տեղեկանքներ, իսկ դրական ելքի հասնում են՝ խնամի-բարեկամական հարաբերություններն օգտագործելով, դատարաններին կաշառելով»: Ինչեւէ, գործն այժմ գտնվում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում: Թե ինչ որոշում կկայացնի դատավորը, Երիցյանի խոսքերով, «կախված է հատուկ մոտեցումից ու Աստծուց»: Մինչ դատարանները ձգձգում են որոշումները, բարեկամա-դրացիական հարաբերությունները թեժանում են:
Լ. Երիցյանի վկայությամբ, երեկ նրա դրկից Հակոբ Աբրահամյանը փորձել է փակել  տան անցումային ճանապարհը: Սկսվել է վեճ, լեզվակռվից այն վերաճել է ձեռնակռվի: Աբրահամյանը փորձել է մուրճով հարվածել Լեոնի գլխին: Վերջինիս կինը՝ Դոնարա Դավթյանը, եւ որդին՝ Արման Երիցյանը, կանխել են դա: Աբրահամյանի վարձակալը տանտիրոջ ձեռքից խլել է մուրճը, ինչն էլ ավելի է բորբոքել նրան:  Միջադեպը կանխվել է ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցների կողմից: Լ. Երիցյանի խնդրանքով՝ թաղապետարանի կոմունալ վերահսկողության բաժնից եղել են տեղում, ուսումնասիրել հանգամանքները, եւ արգելք դրել Աբրահամյանի գործողությունների վրա:
«Էս ի՞նչ աշխարհ է, վախով ապրե՞լ կլինի: Ես չեմ սիրում շահարկել ազատամարտիկի իմ կարգավիճակը, բայց ստիպում են բարձրաձայնել: Գնացի, լաչիններում, քելբաջարներում առողջությունս թողեցի: Երիկամս եւ ստամոքսս հեռացված են, տառապում եմ քաղցկեղով, էդքան չեմ նեղվում, քան էս ստորների արարքներից: Ես գնամ, մեր հայ կանանց  պաշտպանեմ, իսկ ընչաքաղց ու ստոր հարեւանս իմ ներկայությամբ կնոջս հայհոյի՞»,-վրդովվում է ազատամարտիկը:
Լեւոն Երիցյանի ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Գոյատեւում են հաշմանդամի իր թոշակով: Բնակարանային պայմանները սոսկալի են: Սակայն նրանց չեն ընդգրկում սոցիալական անապահովության գնահատման «Փարոս» համակարգում: Լեւոնը նշում է, որ ֆինանս չունենալու պատճառով դատարաններում ինքն է պաշտպանում իր իրավունքները: Մինչդեռ փաստաբանի առկայության դեպքում գուցե գործը դրական շրջադարձ ունենար:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս