ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԿԱՐԾԻՔ ՀԱՅՏՆՈՂ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը շաբաթ օրը Վայոց ձորի մարզում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաեւ Փաստաբանների պալատի անդամների գործադուլին՝ հայտարարելով, որ վերջնագիր ներկայացնելը խնդիրը լուծելու ձեւ չէ: Հիշեցնենք, որ փաստաբանները մեկօրյա գործադուլով բողոքում էին դատարանների կամայականությունների դեմ:
«Բոլոր այն հարցերը, որ բարձրացնում էին, օրենսդրական ճանապարհով լուծման անհրաժեշտության հարցեր էին: Հասցեատերն այլ էր»,-բացատրեց Վճռաբեկի նախագահը: Վերջինիս խոսքով՝ դատավորների համար իրենց գործելաոճն անորոշ չէ: Իսկ եթե փաստաբանների համար անորոշ է, ապա Մկրտումյանը նրանց խորհուրդ է տալիս դիմել համապատասխան մարմիններին` օրենսդրական փոփոխությունների համար:
«Գուցե ավելի կատարելագործեն այդ ձեւակերպումները, որ որեւիցե մեկի մոտ խնդիր չառաջանա»,-ասաց նա: Ինչ վերաբերում է Փաստաբանների պալատի եւ Վճռաբեկ դատարանի հակամարտության մասին անվերջ շրջանառվող խոսակցություններին, Մկրտումյանը, բնականաբար, հերքեց: «Որեւիցե հակամարտություն չկա արդարադատություն իրականացնողի` ի դեմս դատական իշխանության, եւ արդարադատության իրականացմանը նպաստող, օժանդակող ինստիտուտների միջեւ: Ե՛ւ փաստաբանները, ե՛ւ դատախազները կոչված են նպաստել, օժանդակել արդարադատությանը: Դատարանի դերը, որը բխում է նաեւ մեր վարքագծի կանոններից, այն է, որ պետք է համբերատար լսի կողմերի փաստարկները, վերջում էլ շնորհակալություն հայտնի կողմերին կարծիք արտահայտելու համար, որովհետեւ դատավարության կողմերն ընդամենը կարծիք են հայտնում դատարանին: Իսկ խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը հրապարակում է ոչ թե կարծիք, այլ դատական ակտ, որը բոլորիդ համար պարտադիր է կատարման: Ձերն ընդամենը կարծիք է՝ դատարանին հասցեագրված, մենք շատ շնորհակալ ենք, ինչքան կարծիքը փաստարկված լինի, այնքան մեզ համար ավելի հեշտ՝ օրինական, հիմնավորված դատական ակտ կայացնելու համար: Հիմա ո՞նց կարող է կարծիք ներկայացնողի, արդարադատության իրականացմանը նպաստողի եւ արդարադատություն իրականացնողի մեջ ինչ-որ կոնֆլիկտ լինել: Դատական համակարգը որեւիցե մտավախություն չունի կարծիք լսելու, քննադատության ենթարկվելու, պատրաստ է միշտ հարցեր քննարկել: Բայց միայն թե չի կարելի մեզ հետ վերջնագրով խոսել, դա անընդունելի եմ համարում: Ընդհանրապես իշխանության հետ պետք չէ վերջնագրով, շանտաժի լեզվով, վախեցնելով խոսել»,-եզրափակեց Ա. Մկրտումյանը:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս