Շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ՓԲԸ-ն հերթական անգամ հայտնվել է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ նոյեմբեր ամսին ընկերության տնօրեն Սուրեն Սահակյանը ներմուծում ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով հայտարարագրել է նավթային բիտում, սակայն հայտարարագիր այդպես էլ սահմանված ժամանակում չի ներկայացրել մաքսային մարմին: Այս ուշացումը տնօրենը թույլ է տվել 4 անգամ, ինչի արդյունքում յուրաքանչյուր անգամ տուգանվել է 50.000 դրամի չափով , որի ընդհանուր տուգանքի գումարի չափը կազմել է 200 հազար դրամ:
Նշենք, որ այս ընկերության անվան շուրջ տարիներ շարունակ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում:
Այսպես, 2014թ հունիս ամսին «Սահակյանշին» ՓԲԸ աշխատակիցները դիմել էին «Ժողովուրդ»-ի խմբագրություն և հայտնել, որ արդեն չորս ամիս է` աշխատավարձ չեն ստացել և տեղյակ չեն` ինչու է ուշանում աշխատավարձի վճարումը: Ընդունարանի աշխատակիցը, սակայն, չէր հաստատել եղած տեղեկությունները, ապա առաջարկել խոսել ընկերության տնօրեն Սուրեն Սահակյանի հետ` հարցը ճշտելու համար: Ամեն դեպքում, Սուրեն Սահակյանը չէր հերքել աշխատավարձերի պարտքերի մասին տեղեկությունները:
Իսկ դրանից երկու տարի առաջ` հուլիսին, աշխատակիցները նորից նույն խնդրով ահազանգել էին. նրանք հայտնել էին, որ 4 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստանում, ընդ որում, առանց որևէ հիմնավոր մեկնաբանության` «կլինի, կտանք»: «Սահակյանշին» ՓԲԸ փոխտնօրենը հերքել էր այդ փաստը:
Այս ամենից զատ «Սահակյանշին» ՓԲԸ-ի անունը շրջանառվում է նաև Պետական եկամուտների կոմիտեի գործունեության համատեքստում: Civilnet.am-ը տեղեկացնում է, որ 2013 թ.-ի փետրվարին հայտնի էր դարձել, որ ՊԵԿ-ը մոտ 5 մլրդ-ի շինաշխատանքների պայմանագիր է կնքելու գոյություն չունեցող «Սահակյանշին» ՍՊԸ-ի հետ։
Որոշման տեղեկանքից պարզվում է, որ շինաշխատանքների մրցույթներն անցկացվել են «Բանակցային ընթացակարգ առանց հայտարարության» եղանակով։ Այն գնորդին թույլ է տալիս ընտրել «անհրաժեշտ» ընկերությանը։ ՊԵԿ-ը, ուսումնասիրելով երեք ընկերությունների հայտերը, առաջարկել էր ուսումնական կենտրոնում մոտ 5 մլրդ-ի շինաշխատանքները վերապահել «Սահակյանշին» ՍՊԸ-ին։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» կազմակերպաիրավական ձևով «Սահակյանշին» ընկերություն գրանցված չէ։ Ըստ նույն համակարգի որոնման արդյունքների՝ Հայաստանում գրանցված է միայն «Սահակյանշին» ՓԲԸ։
Ըստ օրենսդրության` «Սահակյանշին» ՓԲԸ-ն և «Սահակյանշին» ՍՊԸ-ն տարբեր կազմակերպություններ են, քանի որ տարբերվում են կազմակերպաիրավական ձևով, ու ՊԵԿ-ն աշխատանքների կատարման համար առաջարկում է հաղթող ճանաչել և պայմանագիր կնքել մի ընկերության հետ, որն իրավաբանորեն գոյություն չունի։
Այսքանով պարզ է դառնում, թե որքան լուրջ է ՊԵԿ-ը վերաբերվում իր իսկ կողմից կազմակերպված աշխատանքների գնման գործընթացին։
Այս ամենին հավելենք նաև, որ 2013 թ-ի հունվարին գողություն էր կատարվել «Սահակյանշին» ընկերության փոխտնօրեն՝ 29-ամյա Կարեն Սահակյանին պատկանող տանից: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ նշված տան պատուհանի երկաթյա ճաղավանդակը կոտրելու եղանակով տնից հափշտակվել էր մոտ 8 միլիոն դրամի ոսկյա և արծաթյա զարդ:
Վերը նշվածից պարզ է դառնում, որ ընկերությանը չեն հուզում ինչպես պետական մարմինների կողմից արձանագրած տուգանքները, այնպես էլ իր իսկ աշխատակիցների ճակատագիրը: