Armlur.am-ին է դիմել ՀԺԿ-ի նախկին համակիր, Բելգիայի Թագավորությունում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը և հայտնել, որ իր կողմից Բելգիայից Հայաստան ուղարկված երկու ծանրոցներն ամբողջությամբ տեղ չեն հասել հասցեատիրոջը: Մեր զրուցակիցը պատմեց, որ Եվրոպայում ճշգրիտ 20 կգ կազմած ծանրոցը Երևանում «դարձել է» 22 կգ, իսկ տանը հասցեատերը պարզել է, որ այն 20 կգ է:
«Տիգրան Մեծ փողոցում գտնվող մաքսակետում բացել են ու «մելկի» գողի նման գողացել են շատ բաներ: Նման դեպքերը ահավոր շատ են: Ես բազմաթիվ օրինակներ գիտեմ, որ էստեղից ուղարկվածը թալանում են: Շատ վիրավորական է, որ էդպես բացահայտ անպատիժ գողանում են: Իմ տեղեկություններով՝ մինչև 20 կգ առանց մաքսազերծման անցնում է: Բայց մաքսակետի աշխատողները բոլորից 20 հազար դրամ են պահանջել, ես զգուշացրել էի, որ չտան, բայց որ արագ լինի, մի 10 հազար տան: Հետո տեսել են, որ արդեն ծանրոցները բացած է եղել, պատառոտված ու ասել են՝ ամեն ծանրոցին 50 000 դրամ պիտի տաք ու սկսել են վախեցնել ու հետո աֆերիստի նման ասել են՝ լավ որ պրոբլեմ չունենաք ծանրոցները ստորագրեք տարեք, բայց վաղը մի հատ կոնյակ կբերեք»,- շարունակեց մեր զրուցակիցը: Վերջինիս խոսքով՝ ծանրոցում 500 եվրո արժողությամբ ապրանք է պակասել:
Armlur.am-ը զրուցեց նաև Գրիշա Վիրաբյանի ազգականի՝ ծանրոցների հասցեատիրոջ՝ Արմինե Հարությունյանի հետ, ով մեզ հայտնեց, որ հաջորդ օրը ևեթ գնացել է մաքսակետ, որտեղ Թորոս անունով աշխատակիցը փորձել է հարթել իրավիճակը՝ ասելով, թե ակամա է հայտնվել գողի կարգավիճակում: Ըմբռնումով մոտենալով՝ ընդամենն ասվել է, որ ստացականը ստորագրելով՝ հաստատվել է Արմինեի համաձայնությունը:
«Ստացվում է, որ ես մաքսատուն պետք է մտնեի գողի կանխավարկածով, իրավապահների ուղեկցությամբ և, իհարկե, սեփական կշեռքով: Տարօրինակություն էր այն, ինչ բացահայտվեց ծանրոցի համար վճարելու պահին: Պարզվեց, որ պատին փակցված գնացուցակը «դեկորատիվ» է, և սկսվեց սակարկությունն ինչպես շուկայում: Նախ երկու ծանրոցների համար պահանջեցին 150 հազարական դրամ, ապա մեծահոգաբար, 50 հազար, իսկ վերջում՝ «մի բուռ հայ ենք» շրջանակներում անվճար ստացանք ծանրոցները: Մի ծանրոցը կես մետրանոց պատռվածք ուներ, բայց մեզ հնարավորություն չտրվեց ստուգելու ծանրոցի պարունակությունը»,- վրդովված պատմեց Արմինե Հարությունյանը:
Վերջինս դիմեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով. «Մեծարգո՛ նախագահ, գիտակցելով Զեր բազմազբաղ լինելը, այնուամենայնիվ, որոշեցի դիմել Ձեզ՝համոզված լինելով, որ Ձեր միջամտությամբ կշտկվի արդարությունը ոչ միայն իմ հանդեպ, այլև հազարավորների: Այս դեպքից հետո միայն տանը պարզվեց, որ պակասում է ի թիվս հագուստների ծանրոցի մեջ եղած ամենաթանգարժեք իրը՝ մոտ 400 եվրոյանոց սպասքի մետաղյա հավաքածուն: Հատուկ նշեմ, որ ծանրոցը նախատեսված է ուղարկողների հարազատների և մտերիմների համար՝ որպես ամանորյա նվեր:
Մեծարգո՛ նախագահ, հավատացնում եմ՝ ինձ հետ կատարվածը, ցավոք, արտառոց դեպք չէ: Պարզում է՝ մաքսայինում գործում են շուկայի օրենքներ: Սակայն, քանի որ ես ակամա հայտնվել եմ այս տհաճ պատմության մեջ, և արատավորվել է իմ բարի համբավը, ակնկալում եմ Ձեր բարձր միջամտությունը, որպեսզի մաքսայինում գտնվող գողը (հուսամ միակ) բացահայտվի և պատժվի: Դրանով կանխած կլինեք նորանոր ապօրինություններ: Խորին հարգանքով՝ դաշնակահար և կոմպոզիտոր Արմինե Հարությունյան»:
Armlur.am-ը փորձեց պարզաբանում ստանալ հիշյալ հասցեում գտնվող մաքսակետից, սակայն այստեղից ոչ միայն հրաժարվեցին բացատրել իրավիճակը, այլև առհասարակ խուսափում էին խոսել:
Ինչևէ, ծանրոցների գնային քաղաքականությանը ծանոթանալու նպատակով Armlur.am-ը կապ հաստատեց «Հայ փոստ»-ի հետ, որտեղից մեզ տեղեկացրին, որ արտասահմանից Հայաստան ուղարկելու դեպքում հասցեատերը որևէ վճարում չի կատարում: Ծանրոցների համար վճարում պետք է կատարի դրսից ուղարկողը՝ տվյալ երկրի համար սահմանված քանակությամբ:
Գրիշա Վիրաբյանն Armlur.am-ին հայտնեց, որ Բելգիայում յուրաքանչյուր ծանրոցի համար վճարել է 98 եվրո 40 սենտ:
Մնում է սպասել՝ համապատասխան կառույցները երբ կանցնեն գործի և կվերացնեն մաքսակետերում տիրող թալանի քաղաքականությունը:
Տաթև Հարությունյան