ՀԱԷԿ-ՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՏԵՐԻՄՆԵՐՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի սկզբին աշխատանքից ազատվել է Հայաստանի ատոմային էլեկտրական կայանի (ՀԱԷԿ) գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Պաշտոնապես նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: ՀԱԷԿ գլխավոր տնօրենի պարտականությունները դրվել են փոխտնօրեն Մովսես Վարդանյանի վրա: Ի դեպ, ՀԱԷԿ գլխավոր տնօրենի ազատման եւ պաշտոնակատարի մասին ՀԱԷԿ ղեկավար կազմին դեկտեմբերի 1-ին տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:

Մարկոսյանի ազատման մասին լուրի հետ միաժամանակ տեղեկություն ստացվեց այն մասին, որ կալանավորվել է ՀԱԷԿ նախկին կոմերցիոն փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում: ՀՀ ԱԱԾ-ն մատնանշելով նախաքննության գաղտնիքը՝ որեւէ տեղեկություն չի տրամադրում, թե այդ ի՞նչ քրեական գործ է, ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը, ե՞րբ է այն հարուցվել, էլ ովքե՞ր են այդ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ անցնում եւ այսպես շարունակ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նույն քրեական գործի շրջանակներում կա եւս մեկ կալանավորված անձ՝ Մանուկ Հարությունյանը, որին ՀԱԷԿ-ից ազատել են ամռանը, Ռուբիկ Մովսիսյանի հետ գրեթե միաժամանակ: Նա ՀԱԷԿ-ում զբաղեցրել է վերանորոգման գծով գլխավոր ինժեների տեղակալի պաշտոնը: Դեկտեմբերի 1-ից իր պաշտոնից ազատվել է ՀԱԷԿ ֆինանսների գծով փոխտնօրենը՝ Մովսես Մովսիսյանը: Մոտ մեկ ամիս առաջ` նոյեմբերի սկզբին, անաղմուկ աշխատանքից ազատվեց ՀԱԷԿ ֆիզիկական պաշտպանության գծով փոխտնօրենը` Արամ Մելիքջանյանը: Նշենք, որ այս պաշտոնում նշանակումը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը: Արամ Մելիքջանյանը ԱԱԾ փոխգնդապետ է եղել եւ մեր տեղեկություններով՝ նա միայն ազատմամբ չի պատժվել, լուրեր կան, որ կոչումը իջեցվել է:
«Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ քրեական գործը հարուցվել է այս տարվա առաջին կեսին ՀԱԷԿ-ում անցկացված ստուգումների արդյունքում: Բանն այն է, որ ՀՀ Կառավարության՝ այս տարվա դեռեւս մարտի 27-ի նիստում հաստատվեց ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը եւս տասը տարով` մինչեւ 2026 թվականը երկարացնելու մասին ծրագիրը: Այս նպատակով նախատեսվում էր ծախսել 300 միլիոն դոլար վարկային միջոցներ: Ներկայիս վիճակով ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականին: Այդ ծրագրի առաջին փուլով, որը կավարտվի մինչեւ այս տարվա վերջը, պետք է մանրակրկիտ գնահատվի ՀԱԷԿ-ի ներկայիս վիճակը, այդ թվում նաեւ՝ ֆինանսատնտեսական տեսանկյունից: Հենց այս աուդիտն էլ ճակատագրական է դարձել ՀԱԷԿ-ի կոմերցիոն փոխտնօրեն Ռուբիկ Մովսիսյանի եւ գլխավոր ինժեների վերանորոգման գծով տեղակալ Մանուկ Հարությունյանի համար:
Ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ ՀԱԷԿ-ից տարիներ շարունակ անընդհատ տասնյակ միլիոնավոր դրամներ են հոսել դուրս, ասենք՝ գնումներ կատարելու կամ նորոգման աշխատանքներ կատարելու դիմաց վճարումների տեսքով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս տարի բացահայտված սխեման գործել է դեռեւս 2007 թվականից, այսինքն՝ յոթ տարի շարունակ ՀԱԷԿ-ից առավել քան խոշոր չափերի գումարներ են դուրս բերվել:
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ բոլոր այն փաստաթղթերը, որոնցով այդ գումարները դուրս են գնացել, հաստատված են ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանի ստորագրությամբ: Իսկ, ասենք, Ռուբիկ Մովսիսյանի ստորագրությունն այդ փաստաթղթերի վրա չկա, բայց «գործի գլուխը» եղել է նա: Տվյալ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել, որ Գագիկ Մարկոսյանը Ռուբիկ Մովսիսյանի մոտ տնօրեն է աշխատել: Ամեն դեպքում, նա ԱԱԾ-ին վստահեցրել է, որ չարաշահումներից եւ «ատկատներից» ոչ մի տեղեկություն չի ունեցել: Հաշվի առնելով այն փաստը, որ նրան դեռեւս մեղադրանք չի առաջադրվել, եւ նա կալանավորված չէ, ենթադրվում է, որ իր անմեղության մասին պնդումներն ԱԱԾ քննիչների համար համոզիչ են եղել:
Այս գործով ամենաառանցքային հարցն այն է, թե ինչպես է հնարավոր եղել տարիներ շարունակ ՀԱԷԿ-ից «փող քաշել», բայց այդ մասին ոչ ոք չի իմացել: Ըստ լուրերի՝ Ռուբիկ Մովսիսյանը ՀԱԷԿ-ի փոխտնօրենի պաշտոնում ժամանակին նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Մովսիսյանի անմիջական հովանավորությամբ: Ավելին՝ փոխտնօրեն Մովսիսյանը համարվել է նախարար Մովսիսյանի հավատարիմ մարդը ՀԱԷԿ-ում:
Ի դեպ, այս տարվա դեռեւս հոկտեմբերի կեսերին լուրեր տարածվեցին, որ նախկին նախարար Արմեն Մովսիսյանը կարող է կալանավորվել: Մեր տեղեկություններով՝ այդ լուրերը եւս այս գործի հետ են կապվում: Պարզապես Արմեն Մովսիսյանի հետագա ճակատագրի հարցով քաղաքական որոշումը դեռ չի կայացվել: Ու եթե անգամ որոշվի Արմեն Մովսիսյանին չկալանավորել, նա դատապարտվելու հեռանկարից փրկվի էլ, ապա միեւնույն է՝ «կուլակաթափ» կարվի: Այս հարցում կասկած չկա:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

Ո՞ՒՐ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ
Երեկ խորհրդարանը քննարկեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն առնչվող օրինագծերը: Իսկ այսօր պետք է քննարկվի Հայաստանի «Մաքսային օրենսգիրքը» ԵՏՄ օրենսգրքին համապատասխանեցնելու հարցը: Ի դեպ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նախագծերը զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից երեկ հետաքրքրվեց. «Հետաքրքիր է` ԵՏՄ անդամ երկրներն, ի վերջո, կո՞ղմ են մեր անդամակցությանը: Պայմաններ են դնում մեր առջեւ` սա կտաք, սա կվավերացնենք, եթե մի բանն այնպես չլինի, չենք վավերացնի ձեր անդամակցությունը: Ախր ո՞ւր ենք մենք շտապում: Արդյոք անհրաժեշտ է մեր շտապողականությունը: Միեւնույն է՝ հենց հունվարի 2-ին էլ չենք մտնելու այս ամենի մեջ»: Միրումյանը հայտարարեց, որ այստեղ շտապողականության հարց չկա. «Մենք մեզ պարզապես ապահովագրում ենք»,- ասաց փոխնախարարը:

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տասնյակ դատապարտյալներ միանգամից դուրս են գրվել: Ըստ նույն տեղեկությունների՝ հրահանգ է տրվել հիվանդանոցը դատարկել բոլոր այն դատապարտյալներից, որոնք ծանոթ-բարեկամի միջոցով կարողացել են այնպես անել, որ իրենց պատիժը կրեն ոչ թե քրեակատարողական հիմնարկներում, այլ դատապարտյալների հիվանադանոցում: Ի դեպ, նշենք, որ օրերս հիվանդանոցից մեկ օրվա մեջ ռեկորդային մեծ թվով դատապարտյալներ են միանգամից դուրս գրվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասաց, որ դատապարտյալների հիվանդանոցում որեւէ մեկը ծանոթ-բարեկամի միջոցով չի մնացել: «Իսկ դուրս գրման պրոցեսը նորմալ աշխատանքային ընթացք է»,- ասաց Ղլեչյանը:

 

ՀԱՐԳՈՒՄ Է
Կիրակի օրը Կոտայքի մարզի Քաղսի համայնքում կայացած ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Սահակ Ալեքսանյանը՝ հավաքելով 1.052 ձայն, իսկ մրցակիցը՝ մոտ 300: Ս. Ալեքսանյանը հայտնի հեղինակություն Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է: Եւ դեռ ընտրությունների օրը լուրեր էին պտտվում, որ Արամ Վարդանյանը՝ նույն Վստրեչի Ապերը, մտել է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի աշխատասենյակ, գոռացել նրա վրա՝ պահանջելով այնպես անել, որ հաղթի իր հորաքրոջ որդին:
Ինչո՞ւ եք բղավել պետական պաշտոնյայի վրա. «Ժողովուրդ»-ի այս հարցին Արամ Վարդանյանը (Ապերը) դժկամությամբ պատասխանեց.
-Նախ՝ ես չեմ մտել մարզպետի աշխատասենյակ, երկրորդ՝ ես ինձ չէի կարա թույլ տամ գոռալ պետական պաշտոնյայի վրա: Ավելին ասեմ՝ չնայած Ա. Հարությունյանի հետ մտերիմ չեմ, բայց շատ հարգում եմ:
-Իսկ ինչո՞ւ եք այստեղ՝ Սահակ Ալեքսանյանի շտաբի մոտ, ի՞նչ եք անում այստեղ:
-Իմ հայրական գյուղում ընտրություն ա, եկել եմ, վատ բան եմ արե՞լ: Վերջ:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆՈՐ ՏԵՐԵՐ
armnewstv.am-ի փոխանցմամբ՝ Air Armenia ավիաընկերությունում լուրջ փոփոխություններ են սպասվում, ավիապարկի համալրում եւ նոր չվերթներ: Գլխավոր սեփականատերերը փոխվել են եւ հանրությանը կներկայանան առաջիկա օրերին: Արմնյուզի աղբյուրների համաձայն` նոր սեփականատերերը արտասահմանցիներ են, բայց ոչ՝ ռուսներ: Այդ պատճառով նախապես հայտարարված դեկտեմբերի 20-ից չվերթների վերսկսումը Air Armenia-ն կարող է չհասցնել ու շեղվել ժամանակացույցից:

 

ՀԱՄՈԶԵԼ Է
Ղազախստանում գտնվող Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երեկ հանդիպել է այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Նազարբաեւը համատեղ զրույցի ընթացքում ասել է. «Դեկտեմբերի 23-ին հանդիպում կլինի Մոսկվայում: Մենք կվավերացնենք Հայաստանին (ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը): Գուցե այդ ժամանակ Ղրղզստանն էլ պատրաստ լինի»: Հիշեցնենք՝ Ռուսաստանի Պետդուման դեկտեմբերի 10-ին գրեթե միաձայն վավերացրեց այդ պայմանագիրը: Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը, որին կմասնակցեն պետությունների ղեկավարները:

 

ԲՈԼՈՐԻՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսին մասնակցելու համար հավատարմագրվել է 1.259 լրագրող: Ասուլիսը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Ինչպես տեղեկացնում է Life News-ը, նրանք ներկայացնում են ոչ միայն Ռուսաստանի դաշնային ու տարածաշրջանային լրատվամիջոցները, այլեւ օտարերկրյա՝ Գերմանիայից, Վիետնամից, Կորեայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից, այդ թվում` 8 լրագրող Ուկրաինայից: Հավատարմագրված լրագրողների թվում է նաեւ Վլադիվոստոկի «Народное вечер» լրատվամիջոցի խմբագիր Մարինա Սոլովյենկոն, ով 2012թ.-ին Պուտինին դիմելիս «Վովա» էր ասել, քանի որ Պուտինը նրան ասել էր՝ նստե՛ք, Մաշա:

 

ՎԱՐԿԻ ՀՈՒՅՍՈՎ
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, խոսելով դոլարի արժեւորման մասին, tert.am-ին ասել է.«Այն, ինչ-որ խոստանում է Կենտրոնական բանկը, ինքն այդ խոստումը կամ ցանկությունը դիտարկում է իր ունեցած լծակների շրջանակում: Եվ ես կարծում եմ, ինքս էլ մի քանի քննարկումների մասնակցել եմ, որ այն բոլոր լծակները, որ ունի ԿԲ-ն, դրանք բոլորն ինքն օգտագործում է: Բայց գիտեք, որ բացի այդ, դոլար-դրամ խնդիրը միայն պայմանավորված չէ մեր ներհանրապետական պատճառներով ու գործոններով, իսկ այն գործոնները, որոնք մեր Կենտրոնական բանկի իրավասությունից դուրս են, բնականաբար, ինքը դրանց վրա ազդեցություն չի կարող ունենալ: Նման գործոններ, հավատացե՛ք, որ կան»:




Լրահոս