ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ ՍԿՍՎԵՑ ԲՈՅԿՈՏՈՎ, ԱՎԱՐՏՎԵՑ ՏԱՊԱԼՈՒՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության առաջարկով երեկ մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը՝ 4 քաղաքական ուժերի բոյկոտով:

Նախ՝ նիստի հենց սկզբում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զուրաբյանն անդրադարձավ օրեր առաջ ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին, Ռազմիկ Պետրոսյանին եւ Սուրեն Սարգսյանին, ինչպես նաեւ՝ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու փաստին: «Հաշվի առնելով երկրում ստեղծված «բեսպրեդելը»` մինչեւ նիստին անցնելը եւ մինչեւ 7 վարկային պայմանագրերի քննարկումը, առաջարկում եմ արտահերթ նիստ գումարել եւ երկրում տիրող իրավիճակին լուծումներ առաջադրել: Ի՞նչ է նշանակում ազատամարտիկի կամ էլ ԱԺ պատգամավորի վրա ձեռք բարձրացնել»:
Նա հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունն այս նիստը կբոյկոտի, եթե վերոնշյալ խնդիրների վերաբերյալ արտահերթ նիստ չգումարվի: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւս հայտարարեց, որ եթե չընդհատվի նիստը, եւ արտահերթ նիստ չգումարվի, իրենք եւս չեն մասնակցելու նիստին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անսալով կանանց հորդորին՝ 20 րոպե ընդմիջում հայտարարեց եւ խմբակցությունների ղեկավարներին իր աշխատասենյակ հրավիրեց խորհրդակցության:
Ընդմիջումից հետո նա հայտարարեց, որ բոլորն էլ դատապարտում են տեղի ունեցած միջադեպերը, սակայն նիստը չեղյալ համարել եւ արտահերթ քննարկումների անցնել չեն կարող: «Պատգամավորները քաղաքական տեքստերի տեսքով այս իրադարձությունները կարող են դատապարտել, մենք բոլորս էլ կողմ կլինենք դրան, սակայն 18:30-ից հետո միայն կարելի է արտահերթ նիստ գումարել: Չենք կարող այս նիստը չեղյալ համարել»,-նշեց ԱԺ նախագահը: Ապա «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենք չորս քաղաքական ուժերով` ԲՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ, ՀԱԿ, բոյկոտում են նիստը: Այս խոսքերից հետո չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը, որտեղ մնացին միայն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները:
Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ արտահերթ նիստի համար պայմանավորվածություն ձեռք բերվել էր, եւ անիմաստ են համարել համաձայնությունից հետո նիստը բոյկոտելը: Ազատագրական պայքարի մասնակից կուսակցության՝ ՀՅԴ-ի ներկայացուցիչն արտահերթ նիստը կիսատ թողնելն ու այլ հարցին անցնելը համարեց հակասահմանադրական պահանջ:
Բնականաբար, բոյկոտը հաճելի չէր ԱԺ մեծամասնությանը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ելույթ ունեցավ եւ հիշեցրեց.«Մենք քաղաքական հայտարարություն արել ենք եւ դատապարտել կատարվածը: Իրենք, որ բոյկոտեցին եւ պահանջեցին մեզնից ընդհատել եւ արտահերթ նիստ հրավիրել, հիմա իրենց հարց եմ ուղղում` կանոնակարգի այդ ո՞ր կետով պետք է ընդհատեինք նիստը եւ այլ հարց քննարկեինք: Ես իմ գործընկերներին խնդրում եմ՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինել եւ Ազգային ժողովը չսարքել շուկա: Եթե չեք ուզում աշխատել, գնացե՛ք, մի՛ աշխատեք, պատրվակ էր պետք ուղղակի»,- եզրակացրեց Շարմազանովը:
Արդեն միջանցքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողներին ասաց. «Չեմ կարծում, որ քաղաքական ենթատեքստ կա Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մեջ: Արամ Մանուկյանը բարեկիրթ, բարեպաշտ անձնավորություն է եւ որեւէ դեպքում թշնամիների որոգայթների մեջ չի եղել նորանկախ Հայաստանում: Բոլորս էլ ցավում ենք տեղի ունեցածի պատճառով, բայց հիշենք, որ մենք Հոկտեմբերի 27 ենք ունեցել, Մարտի 1 ենք ունեցել, ուրեմն ի՞նչ, չշարունակե՞նք աշխատել», – հարցադրեց նա:
Այդպես էլ ամբողջ նիստն անցավ միայն ՀՀԿ եւ ՀՅԴ պատգամավորների մասնակցությամբ: Այդ ընթացքում հանրապետականներին հաջողվեց մի քանի կարեւոր պայմանագրեր քննարկել առանց ընդդիմախոսների: Ավելի ուշ՝ լրագրողների հետ զրույցում, ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ հաջողվել է հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը: Սակայն նախատեսված ժամին՝ 18:30-ին, ԱԺ դահլիճում գրանցվել է ընդամենը 45 պատգամավոր: Դա նշանակում է, որ անհրաժեշտ քվորումը չի ապահովվել, եւ նիստը տապալվել է:
Օրվա վերջում ոչ իշխանական չորս ուժերը՝ ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ը եւ ՀԱԿ-ը, տարածեցին համատեղ հայտարարության տեքստի նախագիծը, որն այդպես էլ ԱԺ-ում հնարավոր չեղավ ընդունել: ՀՀԿ-ն տապալեց այն: Ստորեւ՝ նախագիծը.
«Վերջին շրջանում տեղի ունեցած բռնարարքները՝ ավտոմեքենաների հրկիզում, քաղաքացիական ակտիվիստների եւ ազատամարտիկների ծեծ, հարձակում ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա, առաջացրել են Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի խորը մտահոգությունն ու անհանգստությունը: Խստորեն դատապարտելի է փոխոստիկանապետ, ներքին զորքերի հրամանատարի հայտարարությունը՝ իրեն օրենքից վեր դասելու եւ քաղաքացիներին սպառնալու մասին, ինչն անհամատեղելի է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակին:
Ազգային Ժողովը պահանջում է.
1. Ազգային Ժողովը խստորեն դատապարտում է տեղի ունեցած բռնարարաքները եւ իրավապահ մարմիններից պահանջում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ սեղմ ժամկետներում այս հանցագործությունների կազմակերպիչ կամ մեղսակից բոլոր անձանց ի հայտ բերելու եւ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
2. Բռնության կոչերի եւ դատապարտելի հայտարարությունների համար անհապաղ պաշտոնանկ անել ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին:
3. Ազգային Ժողովը պահանջում է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ այսուհետ կանխելու քաղաքակիրթ եւ ժողովրդավար երկրին անհարիր նման երեւույթները»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԺՎԱՐ ՉԷՐ ԻՐ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼ

Դեկտեմբերի 14-ին ՀՀ մի քանի մարզերում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրությունները: Ինչպես եւ սպասվում էր՝ գործող ՀՀԿ-ական համայնքապետերը վերընտրվել են: Ի դեպ, համայնքներ են եղել, որտեղ գյուղապետերը միայնակ են պայքարել:

ՀՀ Արագածոտնի մարզի Գեղադիր, Հացաշեն եւ Ճարճակիս համայնքներում վերընտրվել են գործող ՀՀԿ-ական գյուղապետերը: Արարատի մարզի Վերին Դվին համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ Լյուդմիլա Պետրովնան, ով հավաքել է 930 ձայն: Վերջինս մրցակից չի ունեցել: Արմավիրի մարզի ութը համայնքներում նույնպես վերընտրվել են գործող ՀՀԿ-ական գյուղապետերը: Նույն պատկերն է նաեւ Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում: Սյունիքի մարզի Ձորաստան համայնքում գործող ՀՀԿ-ական գյուղապետը մեկ ձայնի տարբերությամբ պարտվել է՝ հավաքելով 20 ձայն:
Նույն մարզի Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, ով Կոտայքի նախկին մարզպետ, վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանի որդին է, քաղաքապետի պաշտոնի համար միայնակ է պայքարել: Բնականաբար, վերընտրվել է՝ հավաքելով 9.096 ձայն: Այս հարցերի շուրջ էլ «Ժողովուրդ»-ը զրուցեց Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ:
-Պարո՛ն Շահգալդյան, Դուք վերընտրվեցիք:
-Ցանկություն կար տեսնելու, թե ժողովուրդը նորից ինձ կընտրի, թե ոչ: Ես համոզվեցի դրանում ու շատ շնորհակալ եմ չարենցավանցիներից: Կասկած չունեի, որ նրանք կընտրեին, բայց ցանկանում էի հերթական անգամ դրանում համոզվել:
-Նախորդ ընտրություններին քանի՞ ձայն էիք հավաքել:
-Հստակ չեմ հիշում թիվը, բայց ավելի քան 9.000 ձայն: Իսկ հակառակորդը՝ 600-ին մոտ:
-Այս ընտրություններին միայնակ եք պայքարել…
-Մարդ կա, ով ցանկանում է միայնակ պայքարել, բայց ազնվությամբ եմ ասում՝ ես մասնակցություն չեմ ունեցել, որ երկրորդ մասնակից չլինի:
-Շա՞տ դժվար էր, երբ մրցակցում էիք ինքներդ Ձեզ հետ:
-Ես հո գիժ չեմ, որ իմ դեմ պայքարեմ: Կարգն էր այդպես, եթե մարդ լիներ, կպայքարեի: Ես պարտավոր էի: Պայքարելու խնդիր չկար: Բնակիչների հետ ութը տարի է՝ շփվում եմ եւ ուրախ եմ, որ իրենք գնահատեցին իմ աշխատանքը:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՉԽԱՐՆԵՐԸ՝ ՄԵՐ ՀՈՂԵՐՈՒՄ

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատումը դեռ չի ավարտվել, ու դրա հետեւանքով Տավուշի մարզի Դեղձավան գյուղի տարածքից 50 հա գտնվում է հայ սահմանապահների կողմից 2007թ.անցկացված փշալարից այն կողմ:

Դեղձավան համայնքի ղեկավար Յուրա Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ 50 հեկտարից 5-ը դեղձավանցիներին սեփականաշնորհված հող է, 5 հա-ն՝ համայնքի պահուստային վարելահող, 40 հա-ն՝ արոտավայր: Դեղձավանի գյուղապետի խոսքերով՝ Վրաստանի ադրբեջանական գյուղերի բնակիչներն իրենց անասուններն արածեցնում են այդ արոտավայրերում: Այսինքն՝ հայկական հողերում «ադրբեջանցի ոչխարներ» են արածում:
Իսկ այդ ընթացքում վրացական կողմը վիճարկում է նաեւ Դեբեդավան գյուղին պատկանող, Դեբեդի աջ ափին գտնվող 8-10 հա-ի պատկանելությունը: Դեբեդավանի գյուղապետ Վանյա Դամիրչյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ վիճարկվող տարածքի մի փոքր մասն է ընդամենը վարելահող, մնացածն արոտավայր է: Նա հիշեցրեց, որ 2008թ. գարնանը վարարած Դեբեդն իրենց գյուղի տարածքից քշել-տարել է 2.8 հա հող, որից 7.000 քառակուսի մետրը դեղձի այգի էր: Դրանից հետո Դեբեդավան են եկել Տավուշի մարզպետարանի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, որոնք ծանոթացել են խնդրին: Դամիրչյանն ասաց նաեւ, որ ինքն այդ կապակցությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Սակայն մինչ օրս գործով որեւէ տեղաշարժ չի եղել:
Նրա խոսքերով՝ ամեն տարի վարարած Դեբեդը քշում-տանում է որոշ տարածք: Վերջին մի քանի տարում հայկական տարածքում Դեբեդի ափը պաշտպանելու համար կառուցապատումներ չեն արվել: Մինչդեռ վրացիները Դեբեդի ձախ ափը պաշտպանելու համար որոշ հատվածներում կառուցապատում արել են: Դամիրչյանի վկայութամբ՝ Դեբեդի վարարումներից հայկական ափն է տուժում, քանի որ այն դիրքով ավելի ցածր է, քան վրացական կողմինը: Սակայն Հայաստանում էլ բարձրագույն իշխանությունները, ինչպես երեւում է, առանձնապես մտահոգված չեն խնդրով: Միայն խոսում են սահմանամերձ գյուղերից, բարձրագոչ հայտարարություններ անում: Իսկ իրականում մեր հարեւան Վրաստանն էլ է կամաց-կամաց «կսմիթներով» տանում հայկական հողերը դեպի վրացական տարածք:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս