«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը օրերս հայտարարեց հունվարի 20-ին խորհրդաժողով հրավիրելու մասին` տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների եւ շարժումների մասնակցությամբ` քննարկելու երկրում ստեղծված քաղաքական եւ տնտեսական բարդ իրավիճակը: Ամանորի տասնհինգօրյա ոչ աշխատանքային փուլից առաջ հայտարարելով քաղաքական գործընթացների վերաակտիվացման օրը` ԲՀԿ-ն արդեն հիմա ձեւավորում է որոշակի սպասելիքների մթնոլորտ` առաջիկա քաղաքական ակտիվացման շուրջ:
Ուշագրավ է, որ համաժողովի նախաձեռնությամբ ԲՀԿ-ն հանդես է գալիս անհատական` Եռյակից դուրս ձեւաչափով` ակնկալելով քաղաքական դաշտի այլ ուժերի մասնակցությունը եւս: Սա կարծես թե որոշակիորեն խոցել է Եռյակի մնացած երկու ուժերին, որոնք այդ համաժողովին մասնակցելու մասին առայժմ բավականին զգուշավոր են արտահայտվում: Մասնավորապես, ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել էր, թե իրենք ԲՀԿ-ի հետ համագործակցում եւ խորհրդակցություններ են անցկացնում երկկողմ կամ Եռյակի ձեւաչափերով` այդպիսով կասկածի տակ դնելով ՀԱԿ-ի մասնակցությունն այդ խորհրդաժողովին: Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասել էր, թե «Ժառանգությունը» «հնարավոր է»` մասնակցի ԲՀԿ -ի խորհրդաժողովին:
Թե ինչու է ԲՀԿ-ն որոշել հանդես գալ նման անհատական նախաձեռնությամբ` միանգամայն հասկանալի է. այս կուսակցությունը, որը տեւական ժամանակ հսկայական ռեսուրսներ էր ներդնում «համաժողովրդական շարժման» կայացման մեջ, ներկայումս ցանկանում է առավել ուժեղացնել իր դիրքերը` դրանք ընդլայնելով Եռյակի ձեւաչափից դուրս: Առավել եւս, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» պարբերաբար փորձեր էին անում քաղաքական գործընթացներն ուղղորդելու` չունենալով դրա համար ոչ քաղաքական, ոչ էլ ֆինանսական ռեսուրսներ: Այդ փորձերի հստակ պատասխանը տրվեց դեռ նոյեմբերին` նախ ՀԱԿ-ին, որը բողոքում էր հանրահավաքային պայքարի դադարեցումից, ապաեւ` Րաֆֆի Հովհաննիսյանին, որն անընդհատ միասնական օրակարգ ձեւավորելու վերջնաժամկետներ էր տալիս, սակայն շարունակում էր մնալ «անմիասնական» Եռյակում:
Եվ հիմա միանգամայն բնական է եւ օրինաչափ, որ «Համաժողովրդական շարժման» կայացման գործում ամենամեծ ռեսուրսները ներդրած եւ ամենաազդեցիկ ուժը սկսում է սեփական առաջատար դերակատարության ընդգծմանն ուղղված քաղաքականություն: Ի վերջո` թե ՀԱԿ-ից, եւ թե` առավել եւս «Ժառանգությունից» ԲՀԿ-ն այլեւս որեւէ լուրջ ակնկալիք չունի եւ կարող է նույնպիսի թափով եւ հաջողությամբ արդեն միայնակ տանել ընդդիմադիր պրոցեսների ընթացքը: Չմոռանանք նաեւ, որ «Համաժողովրդական շարժման» մարզային շտաբների գերակշիռ մասը հենց ԲՀԿ-ի մարզային գրասենյակներն են, եւ կարելի է ասել` ներկայումս հենց ԲՀԿ-ն է «Համաժողովրդական շարժման» բրենդի տնօրինողը: /Այս իրավիճակում հետաքրքիր կլիներ լսել Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականները, արդյոք նման զարգացումը եւս կանխատեսված էր իր «քաղաքագիտական վերլուծության» մեջ/:
Թե ինչպես կզարգանան ներքաղաքական խմորումները` պարզ կդառնա արդեն Ամանորից հետո: Սակայն որ դրանք չեն հանգեցնելու երկրի համար կարեւորագույն` տնտեսական կամ արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերի, կարելի է չկասկածել: Ի վերջո, երբ դեկտեմբերի16-ին դրամի կուրսը գահավիժում էր եւ խանութներում իսկական քաոս էր, երբ մարդկանց մոտ վերջին քսան տարիների համար աննախադեպ խուճապ էր, ոչ ԲՀԿ-ն, ոչ ՀԱԿ-ը եւ ոչ էլ «Ժառանգությունը» ծպտուն չէին հանում: Ժողովրդին ոսկե սարեր խոստացող ընդդիմությունը նույն այդ ժողովրդին թողել էր կատարյալ անորոշության ու տագնապի մեջ: Ավելին, ինչպես հայտնի դարձավ, տեսախցիկների առաջ եւ հարթակներում ժողովրդի «դարդը լացող» ընդդիմադիր պատգամավորներից շատերն ԱԺ արտահերթ փակ նիստում անգամ չեն սպասել ԿԲ նախագահի զեկույցի ավարտին եւ հեռացել են նիստի կեսից:
Այնպես որ` առավելագույնը, ինչին կարող ենք ականատես լինել հունվարի վերջից սկսած, ընդդիմադիր դաշտի ուժերի դիրքային պայքարն է, եւ ուրիշ ոչինչ:
Արտակ Մարգարյան