Ամանորի սիրված ուտեստներից էր հարիսան. ինչպես են հնում նշել Նոր տարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիմա, երբ ազգովի պատրաստվում ենք Նոր տարվան, նախատոնական այս եռուզեռի մթնոլորտում առավել դժվարությամբ ենք կողմնորոշվում՝ ինչպես անցկացնենք Ամանորը, որպեսզի այն հետաքրքիր, միեւնույն ժամանակ քիչ ծախսատար լինի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ այս թեմայի շուրջ զրույցում ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը նշում է հին հայկական ավանդույթները եւ Ամանորի արդիական շունչը համադրելու ուղին:

-Հին ավանդական, հայկական ընտանիքներում Ամանորն ի՞նչ խորհուրդ է ունեցել, հայերն ինչպե՞ս են նշանավորել այն:

-Ընդհանրապես ավանդական հասարակություններում Նոր տարվա սեղանին մարդիկ դրել են իրենց աշխատանքի արգասիքը, օրինակ՝ ամռանը, աշնանը հավաքած մրգերը, ոչ թե այսօրվա պես, երբ շատերը տոնական սեղանին դնում են ամենաճոխ ուտեստները եւ հետո աշխատում են, որ արված ծախսերը փակեն: Ամանորի գլխավոր խորհուրդը եղել է եւ մնում է բացասական էներգիան, վատ տրամադրությունը ետեւում թողնելը, գժտությունները հարթելն ու դրական էներգիայով լիցքավորվելը:

-Հնում հայերն ի՞նչ են դրել Նոր տարվա սեղանին, եւ ինչպե՞ս են որոշ ոչ հայկական ուտեստներ մուտք գործել մեր տոնական կենցաղ:

-Ավանդական կենցաղում կարեւոր տոն էր համարվում եւ մեծ շուքով էր նշվում հունվարի 6-ը՝ Սուրբ Ծնունդը, եւ դրան նախորդող մեկ շաբաթը պասի շրջան էր: Ուստի հունվարի 1-ին ամանորյա սեղանին դրվել են պասին առնչվող կերակուրներ՝ պասուց տոլմայի տարբերակներ, լոբով, բանջարեղենով աղցաններ եւ այլն: Բացի այդ՝ Ամանորի սիրված ուտեստներից էր հարիսան: Սեղանին պարտադիր դրվել է նաեւ աղանդեր՝ ընկույզ, կաղին, նուշ, չոր ու թաց մրգեր, քաղցր ու թթու պաստեղներ: Այնուհետեւ, երբ խորհրդային տարիներին դուրս եկավ Սուրբ Ծնունդը նշելու ավանդույթը, Նոր տարվա սեղանին հայտնվեցին մեծ թվով մսեղեն ուտեստներ՝ քյուֆթա, նրբաբլիթ, հետո արդեն փոխառվեց խոզի բուդը դնելու ավանդույթը, որը, հակառակ տարածված թյուր կարծիքի, բնավ հայկական բնույթ չի կրում:

-Այսօր Ամանորի սեղանին հայերս ի՞նչ կարող ենք դնել, եթե նպատակ ունենք ե՛ւ պահպանելու հայկական ավանդույթները, ե՛ւ քայլելու ժամանակին համընթաց:

-Եթե ուզում եք մեր ավանդույթները պահպանել, կարող եք, օրինակ, տարի հաց դնել սեղանին: Հնում հայերը նախորդ կամ գալիք տարին խորհրդանշող մեծ գաթա էին թխում՝ զարդարելով այն երկնային լուսատուների՝ արեգակի, լուսնի, աստղերի պատկերներով: Խմորեղենը բաժանում էին 4 կամ 12 մասերի, որոնք խորհրդանշում էին տարվա եղանակները կամ ամսիները: Տարի հացի մեջ տանտիրուհին բախտագուշակ-նշան էր դնում՝ ոսկյա, արծաթյա զարդի կամ նույնիսկ հոնի, լոբու տեսքով, եւ ում որ այն բաժին էր ընկնում, համարվում էր, որ նոր տարին նրա համար հաջողությամբ է պսակվելու:
Բացի այդ՝ հնում հայերը ծիսական խմորեղեններ էին թխում՝ տիկնիկների, կենդանիների տեսքով: Եթե դրանք լավ էին ստացվում, նշանակում էր, որ գալիք տարում թխողը հաջողակ է լինելու: Ծիսական խմորեղենները ստանում էին նաեւ երեխաների պատկերներով եւ դրանք որ կնոջը որ բաժին էին ընկնում, խորհրդանշում էին գալիք տարում նրա մայրանալը:

-Իսկ ինչո՞վ զարդարենք տոնածառը, այնպես որ այս պարագայում էլ պահենք հայկական շունչը:

-Տոնածառը կարող եք զարդարել փոքրիկ ծիսական խմորեղեններով, ինքնաշեն խաղալիքներով: Հիշենք նաեւ, որ ավանդական կենցաղում տանտիրուհին Ամանորին տան դռան շեմի սյունին մեղրով խաչ էր անում, որ գալիք տարին «քաղցր» լինի, ինչպես նաեւ՝ հնում կար առաստաղն ու պատերը երկնային լուսատուներով զարդարելու ավանդույթ:

-Հնում Ամանորին ի՞նչ էին միմյանց նվիրում հայերը եւ ի՞նչ բարեմաղթանքներ էին իրար հղում, որոնք այսօր էլ կարող են արդիական լինել:

-Նախկինում բավական գործուն էր, այսպես ասած, ավագության սկզբունքը: Այսինքն՝ Նոր տարվա տոնին առաջին հերթին շնորհավորանքներ ստանում էին տարիքով մեծերը փոքրերից: Իսկ ավագներն էլ իրենց հերթին նվերներ ու շնորհավորանքներ էին պատրաստում երեխաների համար: Նրանք հաճախ երդիկից գուլպաներ էին կախում եւ որ երեխան որ լավ երգում, արտասանում էր, նրան բաժին էր ընկնում նվերը: Ամանորին ավագները հաճախ փոքրերին դիմում էին հետեւյալ խոսքերով. «Քեզի կու տամ ցորեն, գարի, դուն ալ տուր բարի, շնորհավոր Նոր տարի»: Այս խոսքերով այսօր էլ հայերս կարող ենք Ամանորին ողջունել միմյանց:

Աննա Բաբաջանյան




Լրահոս