Երեւի իսկապես բախտավոր աստղի տակ է ծնվել սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Շա՜տ բախտավոր: Հայաստանում էլ ո՞վ կարող է պարծենալ, որ ընդամենը 31 տարեկանում նախարար է դարձել: Կառավարության անդամ, որը հիմա պիտի համակարգի ահռելի սպորտային աշխարհի գործունեությունը եւ մտահոգվի երիտասարդության խնդիրներով:
Երիտասարդության խնդիրներն արժե հանել, որովհետեւ մինչ այժմ էլ այս նախարարությունը խելքը գլխին որեւէ ծրագիր չէր իրականացնում, իսկ երիտասարդ արվեստագետներին ու մշակույթի գործիչներին էժան բնակարաններով ապահովելու ծրագիրն էլ վաղուց իր մեջ բազմաթիվ կոռուպցիոն դրսեւորումներ էր ներառել` բնակարաններ տրամադրելով բնակարանի կարիք չունեցող կամ էլ պաշտոնյաների ու նշանավոր արվեստագետների բալիկներին… Սպորտի ասպարեզում էլ նշանակալի շատ բան չի անում այս նախարարությունը, որովհետեւ միշտ լսել ենք անձնավորված գովեստներ ու գնահատականներ, միշտ ամեն ինչ կապակցվել է այս կամ այն անձնավորության անվանը` գրեթե զրոյացնելով պետական գերատեսչության նշանակությունն ու գործառույթը:
Հրաչյա Ռոստոմյանը երեւանցի է, ծնվել է 1981թ.: Ավարտել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցը, ընդունվել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Ավարտելուց հետո էլ բժշկության մեջ խորանալու նպատակով նույն համալսարանի օրդինատուրայում է սովորել: Բանակում չի ծառայել, փոխարենն աշխատանքի է անցել նույն համալսարանում եւ զբաղվել դասախոսական աշխատանքով մինչեւ 2008թ.: Պարզ երեւում է, որ բնավ էլ «անթիկունքներից» չէ, հաստատ ունեցել է զորավոր աջակիցներ, այլապես այսքան դյուրին չէր լինի նրա ճանապարհը: Ընդամենը 25 տարեկան հասակում նշանակվել է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ: Հասկանալի է, որ այստեղ չափազանց մեծ է եղել Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը: Ինչպես նշված է նրա կենսագրության մեջ, երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի: Հարց է առաջանում. եթե երիտասարդն արդյունավետորեն զբաղվել է բասկետբոլով, հանդես եկել հավաքականում, ապա ինչպե՞ս է հասցրել սովորել սկզբում համալսարանում, հետո էլ` օրդինատուրայում, իսկ դրանից հետո էլ զբաղվել դասախոսական աշխատանքով… Կարելի է ենթադրել, որ օգտվել է այն «ավանդական վերապահությունից», ինչից օգտվում են հավաքականներում ընդգրկված շատ երիտասարդներ. նրանք «գրանցվում» են որպես ուսանողներ, նրանց անունների դիմաց «բացակա» չի նշանակվում, երբեմն էլ ձեւական քննություններ են հանձնում ու ստանում այս կամ այն մասնագետի որակավորում: Չենք կասկածում, որ Հ. Ռոստոմյանն էլ է այդպես սովորել:
Ոչ միայն չենք կասկածում, այլեւ փորձեցինք որոշ տեղեկություններ հավաքել ու տեսանք, որ նա ավելի շատ առաջնություններում է եղել, քան Բժշկական համալսարանում: Բայց ի՞նչ ասես. երիտասարդը Հայաստանի պատիվն է բարձր պահել, անգամ դարձել բասկետբոլի գծով առաջին միջազգային մրցավարն անկախ Հայաստանում: 2010թ. դարձյալ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ դարձել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար: Ու հիմա էլ՝ 31 տարեկան հասակում, նշանակվել է սպորտի եւ երիտասարդության նախարար… Ովքեր լսել են Հ. Ռոստոմյանի բանավոր խոսքը, պատկերացում կազմած կլինեն այս երիտասարդի մտավոր կարողությունների մասին: Ովքեր երբեւէ շփվել են նրա հետ, համոզվել են, որ երբեք ինքնուրույն որեւէ միտք չի արտահայտել, որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել, որոշումներ չի կայացրել: Միշտ գտնվելով Գագիկ Ծառուկյանի ստվերում` երբեմն անգամ թիկնապահի տպավորություն է թողել…
Առավել հետաքրքիր է նրա նշանակումը նախարարի պաշտոնում նաեւ այն առումով, որ նշանակման պահին նա ԲՀԿ անդամ էր, չնայած հետո ժամանակավորապես «սառեցրեց» իր անդամակցությունը: Դուրս գալով կոալիցիայից` ԲՀԿ-ն հրաժարվեց իր պորտֆելներից: Վարչապետն անգամ «արտասվեց»` հասկանալով, որ այլեւս չի աշխատելու նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյանի հետ: Բայց ահա ԲՀԿ-ական Հ. Ռոստոմյանը նշանակվեց նախարար… Ի՞նչ գաղտնիք կա այս նշանակման մեջ, ի՞նչն էր ստիպել Սերժ Սարգսյանին նորից դիմել ԲՀԿ-ին, ընդ որում այսքան երիտասարդ մարդու համար եւ նրան դարձնել նախարար: Այս հարցի պատասխանն առայժմ չենք կարող տալ, որովհետեւ դեռ շատ բան մշուշոտ է, սակայն ակնհայտ է մի բան, որ Հ. Ռոստոմյանի համար անպայման բարեխոսել են, իսկ բարեխոսն էլ շա~տ հզոր մարդ է եղել…
Մեզ զարմացրեց անդամակցության սառեցման գաղափարը, որովհետեւ, որքան գիտենք, բացի ՀՅԴ-ից, այլ կուսակցության կանոնադրության մեջ նման դրույթ չկա: Ուսումնասիրեցինք նաեւ ԲՀԿ-ի կանոնադրությունը եւ չհանդիպեցինք մի տողի, ուր գրված լիներ, թե կուսակցականը կարող է ժամանակավորապես սառեցնել իր անդամակցությունը: Հավանաբար Ռոստոմյանի համար բացառություն են արել, որպեսզի երիտասարդը «հասնի իր մուրազին»: Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք անդամակցության սառեցման պայմանով առաջարկություններ եղել են ԲՀԿ մյուս նախարարներին` շարունակելու իրենց պաշտոնավարումը: Պարզվեց՝ որեւէ մեկը նման առաջարկություն չի ստացել, իսկ ստանալու դեպքում կարող էին մտածել… Ակնհայտ է մի բան, որ գործի են դրվել երկակի ստանդարտներ, որ Հրաչյա Ռոստոմյանի նշանակումն օդ ու ջրի պես անհրաժեշտ է եղել Ս. Սարգսյանին: Ասում են՝ նա հարկադրված է եղել գնալ այդ քայլին, որպեսզի այսպիսով հագուրդ չտա Խաչիկ Ասրյանի, Յուրի Վարդանյանի, Վիկտոր Դալլաքյանի կամ էլ Արսեն Քարամյանի հավակնություններին: Գուցե Խաչիկ Ասրյանին խանգարել է մղումը հիտլերականությանը, կամ էլ իշխանությունները հիշել են, որ նա, այնուամենայնիվ, ինչ-որ մասնակցություն ունեցել է հրապարակում պայթած փուչիկների պատմությանը…
ԲԱԽՏԴ ՍԻՐԵՄ, ՊԱՐՈ՛Ն ՌՈՍՏՈՄՅԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ