Իսկ դուք գիտեք, թե ինչպես են տոնում Ամանորը աշխարհի տարբեր երկրներում:
Սկսենք Գերմանիայից, որտեղից էլ առաջացել է ողջ Ամանորին տոնածառ զարդարելու ավանդույթը: Ի դեպ, այս ավանդույթը ձևավորվել է դեռևս միջնադարում:
Գերմանացիները կարծում են, որ Սանտա Կլաուսը ավանակով է տեղաշարժվում, այդ իսկ պատճառով էլ երեխաները կոշիկների մեջ խոտ են լցնում, որպեսզի հյուրասիրեն ավանակին:
Վիետնամում էլ ավելի հետաքրքիր ավանդույթ կա. ժամանակակից վիետնամցիները հավատում են, որ նոր տարին գալիս է ծածանի մեջքին նստած, այս իսկ պատճառով էլ այնտեղ մինչ օրս կենդանի ծածան գնելու ու այն լճակի կամ գետի մեջ բաց թողնելու ավանդույթ կա:
Իսկ ահա Շվեդիան աշխարհին է նվիրել տոնածառի առաջին ապակե խաղալիքները: Այնտեղ Ամանորին ընդունված է տներում չանջատել լույսերն ու գույնզգույն լույսերով լուսավորել փողոցները` սա իսկական լույսի տոնակատարություն է: Ամանորի առաջին 3 րոպեներն իրենց չափազանց տարօրինակ են պահում բուլղարացիները. Նրանք անջատում են բոլոր լույսերը` ամանորյա համբույրների ժամանակն է, որոնց գաղտնիքը պահում է մթությունը:
Իսկ ամանորյա տոնակատարությունների անհեթեթությամբ բոլորից առաջ են անցնում էկվադորցիները: Այնտեղ տղամարդիկ հագնում են կնոջ հագուստ, ձեռնոցներ ու շպարվում են, որպեսզի «այրիների լաց» սարքեն ու վառեն տիկնիկներ: Իսկ ընդհանուր առմամբ էկվադորցիները հավատում են, որ եթե հասցնեն ժամացույցի զանգերի ժամանակ դեղին ներքնաշոր հագնել, ապա այդ տարում շատ փող կունենան, եթե կարմիր ներքնաշոր` ապա անձնական կյանքում երջանկություն ձեռք կբերեն, իսկ եթե այդ ժամանակ մեծ պայուսակով կամ ճամպրուկով վազես տան շուրջբոլորը` ապա ողջ տարին կճամփորդես: