ԵԹԵ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ ԼԻՆԵԻՆ, ԴՈՇԵՐԸ ՃՂԵԼՈՎ ԿԽՈՍԵԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նախօրեի՝ ԱԺ փակ նիստը արդյունավետ էր, քանի որ այդ կերպ պատգամավորներն առանց տեսախցիկի կարողացան ավելի ռեալ գնահատել իրավիճակը, իսկ արդյունքը հասարակությունն արդեն զգում է:

-Պարո՛ն Շարմազանով, նախօրեին մի քանի ժամ տեւած դռնփակ արտահերթ նիստից հետո, կարելի է ասել՝ որեւէ պարզաբանում այդպես էլ չներկայացվեց, թե իրականում ի՞նչ հարցեր են ուղղվել ՀՀ Կառավարության ներկայացուցիչներին, ու ի՞նչ պատասխաններ են ստացել: Ի վերջո, համատեղ ի՞նչ գործիքներ են մշակվել դրամ-դոլար փոխարժեքի տատանումների հետ կապված, ի՞նչ արդյունք ունենք այդ քննարկումներից հետո:
-Արդյունքը նախ եղավ այն, որ խուճապային տրամադրությունը որ կար մինչեւ նիստը, այսօր չկա, այն հարցերի պատասխանները, որը չունեին պատգամավորները, ստացան: Ընդդիմություն թե իշխանություն, բոլորի կարծիքն այն էր, որ դրամը երեկվա դրությամբ գերարժեզրկված է, եւ պետք է լինի դրամի արժեւորում, խուճապային իրավիճակն այլեւս պետք է դադարի, իսկ իշխանությունն էլ պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ սպեկուլյատիվ միջոցառումները չիրականանան: Ես չեմ ասում, որ խորհրդարանի արտահերթ նիստից հետո դոլարն իջավ, այլ ընդամենը ցանկանում եմ նշել, որ փակ նիստը հնարավորություն տվեց հարցերին կոնկրետ պատասխանել: Նիստի ընթացքում ոչ մի պոպուլիստական հայտարարություն չի եղել, ոչ մի կռիվ, բոլորս իրար հասկացել ենք, բոլորս հանգիստ, բոլորս սրտացավ քննարկել ենք:
-Եթե պետական գաղտնիք չէիք քննարկում, ՀՀԿ-ն ինչո՞ւ չհամաձայնեց դռնբաց անցկացնել նիստը:
-Ես էի հեղինակը, որ հայտարարեցի, թե պետք է նիստը լինի փակ, ու ինձ նիստից հետո մոտեցել են տարբեր ֆրակցիաներից՝ ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից, «Ժառանգություն»-ից պատգամավորներ, որոնք ասել են, թե շատ ճիշտ գաղափար էր, որ նիստը փակ եղավ, որովհետեւ իրականում իրավիճակը պատկերացրեցինք: Պատգամավորներն էլ էին իրենց կարծիքն արտահայտում, ուղղումներ էին իրար անում, ու այդ ժամանակ բոլորս էլ հասկացանք, որ սրտացավ ենք, բոլորս էլ մտահոգված ենք իրավիճակով, ու շատ կարեւեոր էր այդ օպերատիվ նիստի հրավիրումը: Ու այն իրավիճակը, որ մեր հասարակության մոտ կար, թե ախպեր ջան այս իշխանությունները… ի՞նչ է կատարվում եւ այլն, տեսան, որ օրենսդիր մարմինն իր տեղում իր գործն արեց, Կառավարությունն իր տեղում խորհրդակցություն հրավիրեց, տեսաք, որ երեկոյան էլ նախագահի մոտ է եղել խորհրդակցություն, ու մենք արդեն տեսնում ենք, որ այդ սպեկուլյատիվ երեւույթները, որոնք որ կան, գնալով չեզոքանում են, որովհետեւ այն խնդիրը, որ կա, ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կողմեր: Կարծում եմ՝ այդ ամենի հետեւանքը հասարակությունն արդեն զգում է:
-Ի վերջո, ի՞նչ էիք թաքցնում ժողովրդից, ինչո՞ւ կոնկրետ որեւէ բան չի ասվում, եթե, ըստ ՁԵզ, ամեն ինչ արվում է հասարակության համար:
-Ժողովրդից որեւէ բան չունեինք թաքցնելու, պարզապես ավելի անկաշկանդ աշխատելու համար պետք էր նման կերպ վարվել: Ես 7 ժամ նիստ եմ վարել, ավելի անկաշկանդ աշխատելու համար տեսախցիկները խանգարում էին, իսկ ժողովրդին էլ պատգամավորները տեղեկություններ հայտնել են լրագրողների միջոցով: Ժողովրդից թաքցնելու խնդիր չի եղել, մեր խնդիրը ժողովրդի մոտ նկարվելը չէր: Իսկ եթե ուզում եք՝ ավելի կոնկրետ ասեմ, ապա կասեմ՝ կային պատգամավորներ, որոնք հերթագրվել էին հարց տալու համար… եթե տեսախցիկներ լինեին, ապա դոշերը ճղելով կխոսեին, իսկ պատգամավորներ կային, որ անգամ չսպասեցին իրենց հերթին. թողել, գնացել էին: Ես ուղղակի չեմ ցանկանում անուններ տալ, փակ նիստ էր, եթե այդքան սրտացավ էին, կարող էին մնալ մինչեւ նիստի վերջը, իրենց հարցը հնչեցնեին, ստանային պատասխանը: Բայց ես համոզված եմ, որ դա ուղիղ եթեր գնար, մինչեւ վերջ կմնային, ելույթ էլ կունենային: Մեր խնդիրը եղել է այն, որ շոու չլինի: Մեր նպատակը ժողովրդի մատից փուշ հանելն էր: Ու շնորհակալ ենք ե՛ւ Արծվիկ Մինասյանին, ե՛ւ Հրանտ Բագրատյանին, ե՛ւ Միքայել Մելքումյանին, ե՛ւ Ալեքսանդր Արզումանյանին, ովքեր ընդունեցին, որ իսկապես պետք է նիստն անցկացնել փակ ռեժիմով: Փակ նիստը չի նշանակում գաղտնի նիստ:
-Հայաստանում արտառոց իրավիճակ է, բայց Սերժ Սարգսյանն այդ ամենը անտեսելով՝ մեկնել է Բելգիա՝ ԵԺԿ նիստին մասնակցելու համար: Այս պահի դրությամբ այդքան կարեւո՞ր էր կուսակցական այդ նիստին մասնակցելը:
-Նախագահը գնալու է ու շատ արագ հետ է գալու, նախագահը Հայաստանի իրավիճակից չի կտրվում, ամեն ինչ իր վերահսկողության տակ է, ու մարդիկ թող նախագահից ավելի սրտացավ չլինեն: Նախագահն էլ, իշխանությունն էլ ցույց են տվել, որ ամենասրտացավն են, ի տարբերություն շատերի, տեսախցիկ չեն տեսնում ու սկսում գոռգոռալ, այլ լուռ գործ են անում: Վաղն (այսօր Ս.Գ) էլ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ ենք անելու: Այնպես որ, իշխանությունն իր տեղում աշխատում է:

 

 

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ ԿԱՅՈՒՆ Է

Երեկ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանին՝ պարզելու համար, թե Արցախում ինչ իրավիճակ է տիրում դրամ-դոլար փոխարժեքի տատանումների հետ կապված:

-Պարո՛ն վարչապետ, Հայաստանում խուճապային իրավիճակ է ստեղծվել դրամ-դոլար փոխարժեքի տատանումների պատճառով: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ իրավիճակ է Արցախում:
-Արցախում նույն չափի խուճապ գոյություն չունի, քանի որ այստեղ մասշտաբները փոքր են, իսկ ընդհանուր առմամբ, փոխարժեքի եւ գնաճի մասով նույն պատկերն է, քանի որ Արցախն առանձին դրամավարկային քաղաքականություն չունի, եւ ապրանքների գներն էլ կախված են ՀՀ-ում գործող գներից:
-Արդյո՞ք այս տատանումները լուրջ ազդեցություն են ունեցել նաեւ Արցախի տնտեսության վրա:
-Իհարկե, ազդեցություն ունի, սակայն մի քանի օրվա տատանումների արդյունքում դժվար է խոսել լուրջ ազդեցության մասին: Այժմ հետազոտություններ են կատարվում հետեւանքները գնահատելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:
-Այդ դեպքում ի՞նչ է անում ԼՂՀ Կառավարությունը, որպեսզի իրավիճակը կարգավորվի:
-ԼՂՀ Կառավարությունը գործիքներ չունի դրամի կայունացման համար, սակայն աշխատանքներ են տարվում տատանումների հետեւանքով տնտեսությունում տեղի ունեցող զարգացումները բանական սահմաններում պահելու ուղղությամբ: Համոզված եմ՝ մոտակա օրերին կայունացում տեղի կունենա, եւ տնտեսությունը կկարգավորվի թե՛ շուկայի կանոնների, թե՛ Կառավարության գործիքների միջոցով:
-Այս տարի Արցախը կունենա՞ տնտեսական աճ, թե՞ այս իրավիճակում աճ գրանցելն անհնար է:
-Այժմ անորոշությունները շատ են՝ պայմանավորված գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, սակայն, կարծում եմ, դրանք կարճաժամկետ միտումներ են, եւ շուտով ֆինանսական շուկայում կայունացում տեղի կունենա՝ դրականորեն անդրադառնալով ԼՂՀ տնտեսության աճի ապահովման վրա: Իսկ նոր ռիսկերի ի հայտ գալու դեպքում Կառավարությունը պատրաստ է իր մարտավարությունը համապատասխանեցնել դրանց, իսկ թե երբ եւ ինչպես, ժամանակը ցույց կտա:
-Ըստ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ սպեկուլյանտները փորձում են իրավիճակից օգտվել այս ժամանակահատվածում: Արդյո՞ք նույն բանը ԼՂՀ-ում է կատարվում:
-Ինչպես նշեցի՝ մասշտաբները փոքր են Արցախում, հետեւաբար, եթե նույնիսկ սպեկուլյանտության դեպքեր են գրանցվել, ապա նվազ ծավալի ու քանակի: Այնուամենայնիվ, ՀՀ Կենտրոնական բանկի քաղաքականության շնորհիվ հնարավորինս բացառվում են այդպիսի դեպքերը նաեւ ԼՂՀ-ում:
-Խնդրում եմ՝ նշեք այն «դեղամիջոցը», որով Արցախի Կառավարությունը «բուժելու» է ԼՂՀ տնտեսությունն այս ժամանակահատվածում:
-Քանի դեռ ֆինանսական շուկան չի կայունացել, եւ խնդիրներն ու հետեւանքներն էլ հավուր պատշաճի գնահատված չեն, հնարավոր չէ կոնկրետ դեղամիջոց մատնանշել: Այնուամենայնիվ, Կառավարությունը պատրաստ է լրացուցիչ գործիքներ կիրառել, այդ թվում՝ սուբսիդիաներ անհրաժեշտ ոլորտներում: Օրինակ՝ նույնիսկ նախքան վերջին տատանումները, Կառավարությունը սուբսիդավորում էր դոլարային հիփոթեքային վարկերի՝ փոխարժեքի տատանումների պատճառով գրանցված տարբերությունները:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ
ՍԵՆՑ ԷԼ ԽԱԲՈՒՄ ԵՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել առաջին անհրաժեշտության սննդամթերքի եւ վառելիքի` բենզինի եւ գազի սպառման գների վերաբերալ: Ըստ տեղեկանքի՝ շաքարավազը դեկտեմբերի 16-ին վաճառվել է մեկ կիլոգրամը 395 դրամով, իսկ դեկտեմբերի 17-ին դարձել է 482 դրամ, դեկտեմբերի 18-ին այն արդեն վաճառվել է 401 դրամով: Սա թերեւս միակ ճիշտ տվյալն է: Իսկ, օրինակ, 180 գ. թթվասերը, ըստ Շաբոյանի, 16-ին վաճառվել է 250-260 դրամ եւ հաջորդ երկու օրերին նույն գնով է վաճառվել: Հավի ձուն իբր 68-74 դրամ է եղել եւ միայն այսօր դարձել է 68-80 դրամ: Հետաքրքիր է, թե 68 կամ 70 դրամանոց ձու Շաբոյանը որտե՞ղ է տեսել, եւ ինչի՞ ձու են դրանք եղել: Կամ ըստ տեղեկանքի՝ «ռեգուլյար» բենզինի լիտրը, իբր, եղել է 460 դրամ, դարձել է 470 եւ այդպես էլ մնացել է: Այնինչ՝ «ռեգուլյար» բենզինը վերջին երկու օրերին վաճառվում է 490 կամ 500 դրամով:

 

ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Երեկ Արաբկիր վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկում մի աղջիկ ինքնասպանություն է գործել` 8-րդ հարկից ցած նետվելով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աղջիկը եղել է 22 տարեկան, չամուսնացած: Բնակվել է հոր, տատիկի եւ քրոջ հետ: Նա ինքնասպան է եղել հենց իր ծննդյան օրը: Ըստ մեր տեղեկության՝ աղջիկը կեսգիշերից հետո հարազատների հետ տոնել է իր ծննդյան տարեդարձը, իսկ, ահա, կեսօրին ինքնասպան է եղել: Ըստ Լիաննայի հարեւանների՝ աղջիկը բարձրագույն կրթություն չուներ, սակայն շատ համեստ եւ բարեկիրթ էր: Երիտասարդ աղջկա արարքը ե՛ւ հարազատների, ե՛ւ հարեւանների համար շատ զարմանալի ու անբացատրելի է, քանի որ նա առողջական որեւէ խնդիր չի ունեցել եւ միշտ աչքի է ընկել իր խելացի վարքով:

 

ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ԵՆ
ՀՀ մշակույթի նախարարությունն իր կահույքի վերանորոգման եւ պահպանման համար պետբյուջեի միջոցներից ծախսել է 240 հազար դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նշված գումարով ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմը վերանորոգել է 43 հատ գրասենյակային աթոռներ, գրասենյակային վեց սեղան եւ չորս պահարան: Կարելի է ենթադրել, որ մշակույթի նախարարության աթոռներն ու սեղաներն էլ իրենց գտնվելու վայրին համապատասխան` մշակութային արժեք են ներկայացնում: Իսկ եթե ավելի լուրջ եւ առանց կատակի, ապա հարց է ծագում՝ ինչպես է պատահել, որ նախարարության գույքից այդքան շատ միավոր է փչացել:




Լրահոս