Հայաստանն այսօրվանից միանում է Եվրասիական տնտեսական միությանը : Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միությանն անդամակցելու մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2014-ի հոկտեմբերի 10-ին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Կազմակերպության գործադիր մարմիններում, սակայն, Հայաստանն առայժմ ներկայացված կլինի սահմանափակ կազմով՝ մինչև ներկայիս կազմերի իրավասությունների ժամկետի լրանալը:
Մինչև 2015-ի ավարտը, քանի դեռ չի ավարտվի նրանց լիազորությունների ժամկետը, Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայում կներկայանա 3 անդամով, որոնք կունենան մեկ ձայն:
Ծառայությունների ոլորտում Հայաստանը ԵՏՄ անդամների պայմանավորվածություններին կմիանա ընդհանուր հիմունքներով, իսկ առևտրի ոլորտում նախատեսված է աստիճանական անցում ԵՏՄ-ի միասնական մաքսային սակագնին (մինչ 2022թ.): Մինչ այդ թվականը Հայաստանը կկարողանա կիրառել ԵՏՄ-ի դրույքներից տարբեր մաքսատուրքեր մի շարք ապրանքների համար, այդ թվում` մսի և մսամթերքի: Մինչ 2020թ. հանրապետության համար կգործի առանձին սակագին որոշ կաթնամթերքի, ձվի, մեղրի, իսկ մինչ 2019-ը` մրգերի որոշ տեսակների համար:
Բենզինի համար Հայաստանը մինչ 2018-ը զրոյական մաքսատուրքեր կկիրառի, իսկ միասնական մաքսային սակագնին անցում կկատարի 2020-ին: ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ Հայաստանը բանակցություններ կսկսի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ` իր պարտավորությունների փոփոխության վերաբերյալ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը 2015-ից բարձրանում են ինտեգրման նոր մակարդակի. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: