Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոն` Ջավախքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 6-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում տոնական օրվա պատարագիչը Ջավախքի փոխառաջնորդ Տ. Բաբգէն վրդ Սալբիյանն էր: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի  Տեր Տաթև քահանա Մարուքյանն ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով, որից հետո Տ. Բաբգէն վրդ Սալբիյանը մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բարի լուրն ավետեց հավատավոր ջավախքցիներին:: 2015 թվականի, Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցու Խաչի քավորի աստվածահաճո և, միաժամանակ պարտավորեցնող պարտականությունն ստանձնեց Հայկ Բաղդասարյանը:

Երբ Գաբրիել հրեշտակը Մարիամին հայտնեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան մասին, նա հարցրեց. «Ինչպես այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Աստված ընտրել էր ամենախոնարհ և ամենահեզ, ամենաառաքինի և Տիրոջը ամենահավատարիմ կնոջը, և Սուրբ Կույսի այս հարցը ոչ թե թերահավատությունից էր, այլ ճշմարտությունն իմանալու համար էր: Եվ հրեշտակի բացատրությունը լսելուց հետո Սուրբ Մարիամն ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը» (Ղուկ. 1.30-38): Աստված միշտ նախապատրաստել է մարդկանց այսպիսի մեծ իրադարձությունների և հրաշքների,որպեսզի երբ դրանք տեղի ունենան, մարդիկ չընկնեն գայթակղության մեջ: Շատ դեպքեր,  որոնք կատարվել են Հին Կտակարանում, նախօրինակը և ստվերն էին այն մեծ իրադարձությունների, որոնք կատարվելու էին Նոր Կտակարանում: Աշխարհի արարաման ժամանակ առանց սերմի և առանց աշխատանքի, միայն Աստծո խոսքով երկիրը բույսեր աճեցրեց և պտղաբերեց (Ծննդ. 1.11):

Ճիշտ նույն կերպ էլ այս դեպքում առանց մարդկային սերմի, միայն Աստծո զորությամբ կույսը հղիացավ և որդի ծնեց: Հունվարի 6-ին ծնվեց փառքի Աստվածը՝ Միածին Որդին, և երեսուն տարի անց՝ դարձյալ հունվարի 6-ին, մկրտվեց: Վայել է Աստծուն, Ով զորացրեց սուրբ Կույսին՝ Իրեն ըստ մարմնի ծնելու համար, մկրտվել Իր ծննդյան օրը՝ իջնելով ջրի մեջ, այն սրբելով ու զորացնելով և սուրբ Ավազանի արգանդը պտղատու դարձնելով, որպեսզի Սուրբ Հոգու միջոցով մենք վերստին ծնվենք սուրբ Ավազանից և կոչվենք Աստծու որդի: Այս պատճառով էլ Հայ Եկեղեցին միասին է տոնում Ծննդյան և Մկրտության տոները և այն անվանում «Հայտնության տոն», որով իմանում ենք, որ Նա, Ով ծնվեց սուրբ Կույսից, նույն Ինքն այսօր եկավ մկրտվելու Հովհաննեսից, վկայվեց Հորից և դավանվեց որպես Որդի: Հայտնության տոն է կոչվում, որովհետև այսօր արարածները տեսան իրենց Արարչին: Այսօր Աստված ծննդյամբ հայտնվեց և՜ երկնայիններին, և՜ երկրայիններին: Հետևապես՝ Տիրոջ ծննդյամբ եղավ նաև Նրա հայտնությունը, և Աստված, սուրբ Կույսից ծնվելով, որպես մարդ երևաց: Այդ պատճառով էլ Պողոսն ասում է. «Աստված իր շնորհը հայտնեց որպես փրկության միջոց բոլոր մարդկանց»:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը, որը բաժանվեց հավատավոր ժողովրդին:

Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով մարդիկ միմյանց ավետիս են տալիս՝ ասելով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է՝ «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան




Լրահոս