ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով` “Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին”ե ծրագրի շրջանակներում 2012թ. մայիսի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 769 վարկ` 5,770.4 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 400 վարկ՝ 3,640.2 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով, տրամադրվել է Երեւանում, իսկ 369 վարկ՝ 2,130.2 միլիարդ դրամ գումարով` ՀՀ մարզերում:
Դավիթ Իսկանդարյանը համալսարանի դասախոս է, 31 տարեկան, նորաստեղծ ընտանիքի հայր: “Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին” ծրագրի շահառուներից է: Ծրագրի շրջանակներում նրանից մոտ 5,5 մլն դրամ կանխավճար է պահանջվել 18 մլն արժողությամբ բնակարան ձեռք բերելու համար: Դավիթն ասում է, որ մեծ ջանքերի ու զրկանքների գնով կարողանում է ներկայիս գնաճի պայմաններում լուծել ամենօրյա հոգսերն ու ապահովել բնակարանի դիմաց տրվող վարկի տոկոսադրույքի գումարը:
Հիշեցնենք, որ 2008թ.-ի նախագահական ընտրություններին ընդառաջ, Սերժ Սարգսյանն առաջ քաշեց երիտասարդ ընտանիքներին մատչելի գնով բնակարաններ տալու հարցը` դրանով ցանկանալով իբր աջակցել երիտասարդ ընտանիքներին, խրախուսել երիտասարդների ամուսնությունը, խթանել երկրում ծնելիության աճը: Մշակվեց հատուկ ծրագիր եւ դրվեց գործողության մեջ: Սակայն այս որոշմանն արձագանքեցին քիչ թվով երիտասարդ ընտանիքներ, քանի որ մատչելի թվացող բնակարաններն իրականում բավականին անմատչելի են:
Եթե Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում միջին աշխատավարձը մոտ 92,1 հազար դրամ է, ապա ծրագրի անտրամաբանական լինելը դառնում է բացահայտ: Ծրագրի պահանջներով պարտադիր է, որ ամուսնական զույգը միասին ունենա 300.000 դրամի աշխատավարձի մասին տեղեկանք: Հարց է` որտեղից ՀՀ քաղաքացիներին նշված պահանջին համարժեք աշխատավարձ:
Ծրագրի շահառու Կարեն Առաքելյանը խնդրեց չնշել իր աշխատավայրը, բայց պատմեց, որ քիչ է մնացել գործատուի տեղեկանք չտալու պատճառով զրկվի ծրագրին մասնակցելու իրավունքից: “Ա՛յ Կարեն ջան, դու օյի՞ն ես, մտածե՞լ ես` հարկայինն ինչ կասի”,-ասել է ձեռնարկության ղեկավարը` վախենալով ստվերային աշխատելաոճի բացահայտումից: Կարենը նշում է, որ երջանիկ է բնակարան ունենալու իրողության համար, սակայն դժգոհում է կանխավճարից ու ամսական տոկոսավճարից: “30% կանխավճար եմ տվել` իհարկե, ազգ ու բարեկամից պարտքով փող խնդրելով: Հիմա էլ ամեն ամիս կանգնում եմ փաստի առաջ: Ո՛չ այն է հրաժարվեմ, ո՛չ այն է` առաջ գնամ: Աշխատավարձս չի հերիքում, վարկն եմ փակում` սոված եմ մնում, հացի հարցն եմ լուծում՝ վարկն է մնում: Եթե Հայաստանի տնտեսական վիճակը չկայունանա, ապա 15 տարի վարկ փակելով` խելագարության կհասնեմ”,-ասում է երիտասարդ շահառուն:
Նշենք, որ “Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին” ծրագիրը պահանջում է նաեւ, որ ամուսինների գումարային տարիքը չգերազանցի 60 տարեկանը: Միայնակ ծնողներին նույնպես հնարավորություն է տրվում մասնակցել ծրագրին: Վարկի տարեկան տոկոսադրույքը սահմանված է 10 տոկոս: Պետությունը ծրագրի շրջանակներում մայրաքաղաքում ձեռք բերված բնակարանի համար կատարում է 2%, իսկ մարզերի դեպքում՝ 4% համաֆինանսավորում:
Հարց է առաջանում, թե արդյոք ծրագիրը մշակող խումբը կատարել է ողջամիտ ուսումնասիրություն: Փաստորեն, ծրագրի պայմանները թելադրում են, որ շահառուներ դառնան փողատերերը, այլ ոչ իսկապես բնակարանի կարիք ունեցող նորաստեղծ ընտանիքները: “Հայաստանում նման ծրագրերը չեն գործում: Բնակարանի կարիք իրականում ունեցողները, ծրագրային պահանջներին չհարմարվելով, դուրս են մնում: Պետական նման քաղաքականության արդյունքում այդ ծրագրերը հերթական անգամ տապալվում են` չծառայելով բուն նպատակին”,-դժգոհում է Կ. Առաքելյանը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ