Հայաստանի արտաքին պարտքի չափն առավել քան մտահոգիչ է, եւ այն քողարկելու համար Ազգային վիճակագրական ծառայությունը բավական խորամանկ է գտնվել: Պաշտոնապես հրապարակվել է միայն պետական պարտքը, որը կազմում է ավելի քան 3.6 մլրդ դոլոր: Մինչդեռ իրականում Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ավելի քանի 6.5 մլրդ դոլար: Խոսքը նաեւ Հայաստանի բանկերին տրված վարկերի մասին է, որը չմարելու դեպքում որպես պետական պարտք ստիպված է լինելու մարել Հայաստանի Հանրապետությունը:
Այս մասին խորհրդարանում բարձրաձայնել էր ՀՀ նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը, երբ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել էր. «Երկրի արտաքին պարտքը հատել է 6.5 մլրդ դոլարի սահմանը, որից պետականը՝ շուրջ 4 մլրդ դոլար: Ինչպե՞ս կարելի է գլուխ գովել, թե չնայած ճգնաժամին, միակ պետությունն ենք, որ աշխատավարձերն ու թոշակները վճարել ենք: Սա կատարյալ սուտ է` հնչեցրած վարչապետի բերանով: Նախ՝ աշխատավարձերի ու թոշակների վճարումը կատարվել է արտաքին պարտքն ավելի քան կրկնապատկելու հաշվին: Ստացվում է, որ ոչ թե կառավարությունն է վճարել մեր աշխատավարձերն ու թոշակները, այլ՝ երեխաներն ու թոռները»:
ԱԺ պատգամավորներից մեկը պատմեց, որ այս ելույթից հետո՝ ընդմիջման ժամին, Հրանտ Բագրատյանին է մոտեցել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու հետաքրքրվել, թե այդ ինչ 6.5 մլրդ-ի մասին է խոսքը, չէ՞ որ պետական պարտքը մոտ 4 մլրդ է: Բագրատյանն էլ բացատրել է, որ ինքը նկատի ունի նաեւ մասնավոր հատվածի պարտքը, իսկ 4 մլրդ-ը միայն պետական պարտքն է: Գաբրիելյանն անակնկալի է եկել դրանից ու հեռացել: Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը իր գործունեության 4 տարիների ընթացքում միայն պետական պարտքը 1.5 մլրդ-ից հասցրել է 3.6 մլրդ-ի:
Նախորդ օրն այս թեմայով Գաբրիելյանը «Ա1+»-ին հարցազրույց է տվել՝ փորձելով համոզել, թե այդ գումարն իրենք չեն կուտակել, այլ նախկինից որոշ գումար է եղել: «Եթե մենք ուզում ենք հակաճգնաժամային քաղաքականություն իրականացնել, պետք չէ պարտքից վախենալ: Պետք է անկայուն պարտքից վախենալ: Դրա համար մեր տեսակետից պարտքն անկայուն չպետք է լինի»,-ասել է նա ու շտապել հանգստացնել, թե կառավարությունն այս ուղղությամբ առաջիկա 3 տարիների համար պատասխան ռազմավարություն է մշակել: «Մենք պատրաստվում ենք պարտքը պահել կայունության սահմաններում: Կայունության սահմանները հստակորեն ամրագրված չեն: Դրանք ելնում են շուկայական պայմաններից եւ աճից»,-նշել է նա՝ այդպես էլ չհստակեցնելով, թե առաջիկայում որքան կարող է աճել արտաքին պարտքը: Հասկանալի է, որ նախարարը չի ցանկացել անկեղծանալ:
Մինչդեռ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ եթե մինչեւ հիմա իշխանություններն ասում էին՝ արտաքին պարտքի ու ՀՆԱ հարաբերակցությունը վտանգավոր չէ, ապա արդեն իրավիճակն այլ է: «Ես ձեզ հավատացնում եմ՝ սրանից հետո այդպիսի ֆրազ ոչ մեկն էլ այլեւս չի ասի: Բոլորը հասկացան, որ շատ վտանգավոր է, որ երկրին սպասվում է դեֆոլտ 2013-ին, եթե մենք այսօր մի բան չանենք. մենք երկիրը վարի ենք տալիս»,-ասաց նա:
ՊԱՐՏՔԻ ԿԱՅՈՒՆՆ Է ԼԱՎԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ