Թմուկ բերդն առնելուց հետո Նադիր շահն անդունդը նետեց բերդի տիրուհուն, որը հարբեցրել էր հայ զորականներին ու բերդի դռները բացել թշնամու առջեւ: Փառամոլության տենչով տարված իշխանուհուց զգուշացավ Նադիր շահը, որովհետեւ մեկ անգամ մատնության ու դավաճանության գնացողը միշտ էլ կգնա, եթե նրա փառասիրությանը հագուրդ տալու համար նոր գործարքներ առաջարկեն…
Այս հնամենի լեգենդը հիշեցինք ոչ պատահաբար: Մեր շատ քաղաքական գործիչներ պատրաստ են մի ճամբարից մյուսը գաղթել, միայն թե պաշտոններ ու բարեկեցություն ունենան: Այդպես է վարվում նաեւ ոչ անհայտ Սամվել Բալասանյանը, որը դեռ վերջերս ԱԺ փոխնախագահ էր եւ ներկայացնում էր Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը: Դրանից առաջ էլ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավարն էր: Իսկ դրանից առաջ ծնրադրում էր ՀՀՇ-ի առջեւ, միայն թե տեսնեն ու ճանաչեն: Դրանից էլ առաջ Կոմկուսի նվիրյալ զավակներից մեկն էր: Եթե հնար լիներ, կդառնար Հայաստանի բոլոր իշխանական կուսակցությունների անդամ` իր ճակատը վերածելով Արին բերդում պեղված Արգիշտիի սեպագիր արձանագրության…
Օրերս ԲՀԿ-ն որոշում է կայացրել Գյումրու քաղաքապետի ընտրություններում առաջադրել Ս. Բալասանյանին: Իհարկե, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը շարունակում է պնդել, թե որեւէ որոշում չի կայացվել, սակայն այդ որոշումը կայացվել է, իսկ Սամվել Բալասանյանն էլ արդեն, թեւքերը քշտած, պատրաստվում է ընտրությունների: Մինչդեռ ժամանակ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդ պաշտոնը խոստացել էր մեկ այլ ԲՀԿ-ականի` Մարտուն Գրիգորյանին, անգամ նախընտրական արշավի ժամանակ հայտարարել էր, որ հենց նրան են տեսնում Գյումրու ապագա քաղաքապետ, սակայն… Քաղաքական խարդավանքների մեջ հմտացած Ս. Բալասանյանն առավել ճարպիկ գտնվեց ու կորզեց կուսակցության համաձայնությունը` միաժամանակ գործարքի մեջ մտնելով Հանրապետականի հետ եւ խոստանալով ամեն ինչ անել, որ թիվ 35 ընտրատարածքից պատգամավոր դառնա ՀՀԿ-ական Արման Սահակյանը: Այսինքն` լինելով ԲՀԿ անդամ, ասել է թե` ինչ-որ չափով ընդդիմադիր, Բալասանյանը սերտ համագործակցություն է սկսել ՀՀԿ հետ` այսպես նաեւ ենթադրել տալով, որ քաղաքապետ ընտրվելուց հետո մի օր կարող է հայտարարել, որ մանկությունից երազել է նժդեհյան գաղափարախոսության կրողներից մեկը դառնալ:
Չնայած հազիվ թե Բալասանյանն իմանա, թե ով է Գարեգին Նժդեհը: Նրա համար Նժդեհը հրապարակ ու փողոց է Գյումրիում, այդ հրապարակով է գնում-գալիս Երեւան, այդ հրապարակով է գնում իր գարեջրի գործարանի նախկին գլխամասային ձեռնարկություն, որը ժամանակին սեփականաշնորհեց ջրի գնով եւ «անհայտ ուղղությամբ» ճանապարհեց երկրաշարժից հետո իբրեւ մարդասիրական օգնություն այստեղ տեղակայված մոտ 900 հազար ԱՄՆ դոլար արժեցող հոսքագիծը…
2008թ. ՏԻՄ ընտրությունների ժամանակ Մարտուն Գրիգորյանը ելավ ամենազոր հռչակված Վարդան Ղուկասյանի դեմ եւ կարողացավ հավաքել 20 հազար ձայն: Գյումրիում երբեք ընտրություններին մասնակցողների թիվը չի անցնում 43-44 հազարից: 2002թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 37 հազար 951, 2005-ին` 44 հազար 756, իսկ 2008-ին` 52 հազար 49 ընտրող: Ակնհայտ էր, որ ահագնացող արտագաղթով «փայլող» քաղաքում չէր կարող այդչափ ընտրող լինել, եւ այստեղ գործ ունեինք ընտրակեղծիքների հետ: Ու, չնայած այդ ամենին, չնայած Արթուր Բաղդասարյանի ներդրած ջանքերին, երբ քաղաքը ողողվեց ուժայիններով, Մ. Գրիգորյանը կարողացավ ստանալ 19 հազար 905 ձայն: Հիմա Գագիկ Ծառուկյանն անտեսում է այս հանգամանքն ու քաղաքապետի թեկնածու է առաջադրում Սամվել Բալասանյանին` բնականաբար, առաջ մղելով ինչ-որ շահեր, որոնք կապակցվում են ՀՀԿ-ին:
Բալասանյանն անպայման նախընտրական արշավի ժամանակ նորից հրապարակ կհանի «ՀՀ օրենքը Գյումրու մասին», որի հեղինակն իբրեւ թե ինքն է, մինչդեռ հենց Գյումրիում բոլորն էլ գիտեն, որ այդ օրենքի նախագիծը ստեղծվել է ԱԺ նախկին պատգամավոր եւ Կոմկուսի Լենինականի քաղկոմի նախկին առաջին քարտուղար Միսակ Մկրտչյանի կողմից, որը «Միասնություն» խմբակցության անդամ էր: Գիտեն, որ այդ օրենքը ծառայել է միայն ու միայն Բալասանյանին, որը կարողացավ Ծաղիկովների նշանավոր գարեջրի գործարանի տերը դառնալ դարձյալ ջրի գնով, արտոնյալ վարկեր ստանալ եւ վերջում էլ գործարանի ճակատին ամրացնել իր արձանը, ինչն արդեն փառասիրության անօրինակ դրսեւորում էր:
1999-ին, մասնակցելով ԱԺ ընտրություններին, Ս. Բալասանյանը հանդես եկավ «Ստեղծենք նոր աշխատատեղեր» կարգախոսով` ընտրություններից անմիջապես հետո իրեն պատկանող գարեջրի գործարանում կրճատելով աշխատատեղերն ու մայրաքաղաքում բիզնեսի օջախներ հիմնելով: Կոմիտասի փողոցի հարեւանությամբ հառնեց նրա «Շիրակ» ռեստորանը, հետո Մյասնիկյան պողոտայում` «Ջրաշխարհ»-ի հարեւանությամբ, Բալասանյանը հսկայական տարածք ձեռք բերեց: Շիրակի մարզի մի շարք գյուղերում գործածության համար ոչ պիտանի դպրոցական պայուսակներ եւ ալյումինե խաչեր բաժանելով` չնչին գներով սեփականաշնորհեց գյուղատնտեսական նշանակության հսկայական հողատարածքներ, իր բիզնեսի սահմաններն ընդարձակեց եւ հասավ Վրաստան. հայրենասիրության քողի տակ Ջավախքում էլ հիմնեց գարեջրի արտադրություն…
Հիմա Ս. Բալասանյանը ձեւականորեն չի զբաղվում գարեջրի գործարանի կառավարմամբ: Գործադիր տնօրենը նրա որդին է` Միսակ Բալասանյանը, որը բավական առեղծվածային կերպով 8-րդ դասարանից հայտնվեց… 10-րդ դասարանում: Բանակում էլ չծառայեց. դե հո Ս. Բալասանյանի որդին խեղճուկրակ մարդու զավա՞կ չէր, որ բանակում ծառայեր: Այս ամենին նա հասավ իր պատգամավորության շնորհիվ: Իսկ թե ինչերի կհասնի քաղաքապետի պաշտոնում, միայն կռահել կարելի է:
Այս օրերին գյումրեցիները կատակով ասում են, որ պաշտոնից հեռանալիս Վարդան Ղուկասյանը որոշել է Վարդանանց հրապարակում տեղադրված համանուն արձանախումբը հանել ու տանել քաղաքային զբոսայգի, որն իրեն է պատկանում, իսկ Ս. Բալասանյանն էլ գարեջրի գործարանի ճակատից պիտի հանի իր արձանն ու տեղափոխի հրապարակ, գուցե նաեւ անվանափոխի այն ու դարձնի Բալասանենց հրապարակ: Չի բացառվում, որ հանդես գա նաեւ նախաձեռնությամբ եւ վերականգնի քաղաքի Ալեքսանդրապոլ անունը` ի պատիվ իր արտադրած գարեջրի, որն ամենաթանկարժեքն է Հայաստանում արտադրվողներից եւ ամենավատը` իր համային հատկանիշներով:
ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ ՀՀԿ-ՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ