ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՄԱԳԻՍՏՐՈՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու մանկավարժական ինստիտուտն ավարտեցին եւ համապատասխան վկայագրեր ստացան ավելի քան 150 մագիստրոսներ: Այն, որ նրանցից շատերը կհամալրեն գործազուրկների բանակը, կասկածից դուրս է: Ամեն տարի մանկավարժականը միջին հաշվով 150 մագիստրոս է ավարտում, սակայն փորձը ցույց է տալիս, որ նրանցից քչերին է հաջողվում աշխատել: Շուկայի պահանջներն այլ են, դրա համար երիտասարդներից շատերը դիպլոմ ստանալուց հետո մտածում են աշխատանք որոնել նախ մայրաքաղաքում, ապա՝ երկրի սահմաններից դուրս: «Սովորելու հետ մեկտեղ 2 տարի աշխատանք եմ փնտրել: Ավարտել եմ աշխարհագրության բաժինը: Կարծում եմ՝ պահանջարկը մեծ չէ, բայց փորձելու եմ ամեն գնով աշխատանք գտնել»,-ասում է մագիստրոս Սիլվա Գրիգորյանը:
Երիտասարդները չեն թաքցնում, որ 6 տարի շարունակ մեծ դժվարությամբ ուսման վարձ են վճարել: Տարիների ուսումնառության պտուղները տեսնելու ժամանակն է, բայց… «Ցավոք տեսնում ենք, որ մեր հասակակից ու սովորած էրեխեքը գնում են Հայաստանից եւ հենց գործ չգտնելու պատճառով: Ապագա չեն տեսնում, հեռանկար չկա, որ կարող են ինքնահաստատվել, վաղն էլ ընտանիք ու երեխա պահել, իրենց երեխայի համար լավ ապագա ստեղծել»,-դժգոհեց բուհն ավարտած Լենա Գրիգորյանը:
Որոշ մասնագիտությունների գծով շուկան ընդհանրապես պահանջարկ չունի, հատկապես Գյումրիում: «Երեւանն ամեն մեկի համար դարձել է Փարիզ, եւ շատ շրջանավարտներ նաեւ մասնագիտությունների բացակայության պատճառով են գնում Երեւան»,-ասում է բուհի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բուհն ավարտածների միջին հաշվով 20 տոկոսին է հաջողվում աշխատանք գտնել ըստ մասնագիտության: Ավելի քչերն ընդգրկվում են բոլորովին այլ ոլորտներում: «Նոր սերունդ» ՀԿ-ն, որն աշխատում է արտագաղթող ընտանիքների հետ, ներկայացնում է տվյալներ, համաձայն որոնց՝ վերջին 2 տարում հիմնական արտագաղթողն այն խավն է, որն ավարտում է բուհը, ունի գիտելիքներ, կարողություններ եւ աշխատանք է պահանջում: Հարկ է նշել, որ այսօր էլ կան շատ ուսանողներ, որոնք ուսումնառությանը զուգահեռ աշխատում են արտերկրում, հատկապես տղաները: Նրանք վերադառնում են քննաշրջանների ժամանակ:
«Ես եկել եմ Մոսկվայից եւ նորից հետ եմ գնալու: Եկել եմ որոշ հարցեր լուծելու: Աշխատում եմ շինարարության վրա: Աշխատանքի առումով էդքան էլ լավ չէ, որովհետեւ մեր հողի վրա չեմ»,-պատմեց ուսանող Գոռ Ալեքյանը, որն այդ կերպ նաեւ ուսման վարձն է վճարում: Բարձր մասնագիտական որակավորում կստանա հաջորդ տարի, իսկ կկարողանա արդյոք ստացած դիպլոմը ծառայեցնել իր նպատակին եւ իր հայրենի երկրում գտնել նորմալ վարձատրվող աշխատանք՝ դժվարանում է ասել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Շիրակ




Լրահոս