Վերջին օրերի հասարակության ակտիվ քննարկման առարկան, անշուշտ, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին դաժան ծեծի ենթարկված, ապա հունիսի 29-ին, գիտակցության չգալով, մահացած ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն էր: Իսկ Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանի հետ «Եվրոֆուտբոլ»-ին էր հետեւում:
Հանգստյան օրերին բուռն իրադարձություններ էին տեղի ունենում Երեւանում, մասնավորապես մի խումբ մտավորականներ հունիսի 30-ին` Սերժ Սարգսյանի ծննդյան օրը, տորթ էին տարել նախագահի նստավայրի դիմաց, որի վրա գրված էր «Հեռաց՛իր»: Նույն օրը, ի հիշատակ Վահեի, մոմավառություն կազմակերպվեց «Հարսնաքար»-ի դիմաց (այն փորձեցին ցրել ռեստորանի հոսանքազրկմամբ), որի ընթացքում հավաքվածները վանկարկում էին «ՆԵՄԵ՛Ց, մարդասպա՛ն»: Ցուցարարները պարզել էին «Ես Վահե Ավետյանն եմ», «Չեք մարսելու» մակագրություններ: Այդ ընթացքում եղան նաեւ բախումներ ոստիկանների հետ: Ի դեպ, այդ ակցիային մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավորներ՝ ԲՀԿ-ից՝ Վահե Հովհաննիսյանը եւ Էլինար Վարդանյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը:
Հունիսի 1-ի գիշերն էլ ՊՆ մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը վերցրել էր զինամթերքի պայուսակը եւ «Հարսնաքար» գնացել՝ սպառնալով պայթեցնել ռեստորանի շենքը` այդպես արտահայտելով իր բողոքը Վահեի սպանության դեմ:
Նույն օրը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, մասամբ նաեւ ինքնաբուխ բողոքի ակցիաներ կազմակերպվեցին նախագահի նստավայրի, ՀՀ կառավարության եւ գլխավոր դատախազության շենքեր դիմաց: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Չեք մարսելու», «Սեր-ժի՛կ, հեռացի՛ր»: Այդ ընթացքում տեղեկություններ տարածվեցին, որ հայրենի գեներալիտետը ցանկանում է ինքնադատաստան տեսնել Հայրապետյանի նկատմամբ, ինչը կանխելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Մանվել Գրիգորյանի եւ արցախյան պատերազմի մյուս մասնակից հրամանատարների հետ:
Վահե Ավետյանի մահվան դեմ բողոքի ակցիաներ եղան նաեւ Լոս Անջելեսում, որտեղ հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվեցին ՀՀ հյուպատոսության շենքի մոտ: Ռուբեն Հայրապետյանն էլ ներողություն խնդրեց եւ ցավաց, որ Վահեն մահացել է:
Երեկ՝ Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությանը, մասնակցել են ԱԺ բազմաթիվ պատգամավորներ, տարբեր պաշտոնյաներ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ: Իսկ ավելի վաղ հանգուցյալի տուն էր այցելել նաեւ Սեյրան Օհանյանը: Սակայն Հանրապետական կուսակցությունից այդպես էլ որեւէ ներկայացուցիչ հարկ չհամարեց մասնակցել հուղարկավորությանը: Հավանաբար վախեցան, որ իրենց ներկայությունը լավ չէր ընդունվի հասարակության կողմից, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ում գիտակցում են՝ Վահեի մահվան համար կոլեկտիվ մեղավոր են բոլոր ՀՀԿ-ականները կամ բոլորը Նեմեց են: Անգամ ՀՀ գլխավոր գերագույն հրամանատար Ս. Սարգսյանը ծաղկեպսակ չէր ուղարկել:
Ինչեւէ, արձանագրենք, որ հատկապես սուր եւ հուզական էին սոցիալական ցանցերում ծավալված քննարկումները, ինչը սկզբնական շրջանում փորձում էին մեղմել մերձիշխանական շրջանակների կողմից, քանի որ մեղադրանքների թիրախ էր դարձել հենց Սերժ Սարգսյանը: Բայց դա նրանց չհաջողվեց: Մարդիկ պահանջում էին ՀՀԿ ղեկավարից կուսակցության շարքերից հեռացնել Ռուբեն Հայրապետյանին եւ փակել տալ «Հարսնաքար» ռեստորանը, քաղաքացիները հիշեցնում էին երկրի ղեկավարին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հանդիպելով Ավանի բնակիչների հետ, ասել էր, որ Ռուբեն Հայրապետյանի երաշխավորը ինքն է: Սակայն արդեն մի քանի օր է՝ հայ հասարակությունը սպասում է երկրի ղեկավարի կողմից կտրուկ եւ արդարացի քայլի: Դրա փոխարեն Սերժ Սարգսյանը հունիսի 1-ին «Եվրո-2012»-ի եզրափակիչ հանդիպումը դիտելու համար Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով մեկնել է Կիեւ:
Անշուշտ, զուտ իրավական տեսանկյունից Ռուբեն Հայրապետյանը մեղսակից չէ սպանությանը, սակայն միամտություն կլինի հավատալը, թե Վահեին անմարդկային ծեծի ենթարկած հաստավզերին «թեւ տվողը» նա չի եղել: Բայց մյուս կողմից էլ եթե այսուհետ ամեն ինչ պետք է դիտարկենք զուտ իրավական տեսանկյունից, ապա այդտեղ որեւէ կերպ չեն տեղավորվի իշխանական ուժերի կողմից անընդհատ հորջորջվող հայրենասիրությունը, հավատի եւ փոխվելու մասին հավաստիացումները: Եւ եթե այդպես շարունակվի, ապա այսուհետ ՀՀ սահմանին կանգնած հայ զինվորի մորը չինովնիկները չպետք է ասեն, թե քո որդին իր պարտքն է կատարում հայրենիքի առաջ: Ուրեմն պետք է ասեն, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ նա անցնում է պարտադիր զինվորական ծառայություն: Նույն տրամաբանությամբ այսուհետ չպետք է պահանջեն սփյուռքահայերից գումար հավաքել Արցախի եւ Հայաստանի համար, որովհետեւ գործընթացը իրավական հիմքեր չունի: Եւ եթե շարունակենք այս շղթան, կհանգենք եզրակացության, որ Հայաստանը ոչ թե մեր հայրենիքն է, այլ իրավաբանական անձ, որին տալիս ենք հարկեր, ինչի դիմաց նա մեզ ծառայություններ է մատուցում: Բայց չի կարելի, չէ՞:
Հ.Գ. Թեեւ լուրեր էին տարածվել, որ Ռուբեն Հայրապետյանը եւս Սերժ Սարգսյանի հետ մեկնել է Կիեւ, սակայն ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Հայրապետյանն իր այցը հետաձգել է եւ մնացել Հայաստանում:
«ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ»-Ի ԱՌԱՋԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ