Գործարարները շարունակում են անորոշության մեջ գտնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 2-ից Հայաստանն այլեւս դե յուրե Եվրասիական տնտեսական միության անդամ է, եւ…:

Իրականում ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում ԵՏՄ անդամ Հայաստան, կամ ավելի կոնկրետ՝ ներկրման եւ արտահանման հետ առնչություն ունեցող գործարարները հստակ չգիտեն, թե ինչ իրավական դաշտի հետ իրենք պետք է գործ ունենան:

Ամանորի տոներին հաջորդող առաջին երկու շաբաթներին Հայաստանի տնտեսական դաշտը, սովորության համաձայն, առավել քան պասիվանում է եւ սկսում է ակտիվանալ հունվարի երկրորդ կեսից: Սակայն այս տարի տնտեսական դաշտը սովորականից շատ ավելի երկար ակտիվություն չի ցուցաբերի, քանի որ գործարարները շարունակում են անորոշության մեջ գտնվել:

Այսինքն՝ եթե որեւէ գործարար այսօր փորձի պլանավորել իր գործերը, ապա չի գտնի ոչ մի պետական ռեսուրս, որը նրան հնարավորություն կտա պարզելու, թե Հայաստանից արտահանվող կամ ներկրվող ապրանքներից յուրաքանչյուրի համար ինչպիսի մաքսատուրք պետք է վճարի կամ չվճարի: Հայտնի է միայն, որ այս տարվա հունվարի 2-ից արտաքին շուկան երկու մասի է բաժանված` ԵՏՄ անդամ երկրների տարածք եւ այլ երկրներ: Իսկ այդ շուկաներից յուրաքանչյուր ապրանք արտահանելու կամ ներկրելու հետ կապված իրավական ընթացակարգերն ինչպիսի՞ն են լինելու:

Ի դեպ, տարվա առաջին իսկ աշխատանքային օրը` այս երկուշաբթի, ՀՀ մաքսային ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որով փորձեց հերքել այն լուրերը, որ այս տարվա առաջին տասն օրերին մաքսայինը փաստացի անգօրծության է մատնված եղել: Ըստ այդ հաղորդագրության՝ ՀՀ ֆինանսների նախարարի՝ դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 27-ի հրամանով ստեղծվել է օպերատիվ կառավարման աշխատանքային խումբ` ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանի գլխավորությամբ:

Այն պնդումներին, որ տնտեսության կարգավորումներում տեղի ունեցած իրավական փոփոխությունների մինչեւ վերջ անհասկանալի լինելու արդյունքում գործարարների շրջանում անորոշություն է տիրում, մաքսային ծառայությունը հակադարձել է միայն այն պնդմամբ, որ մաքսային ծառայության հերթապահ աշխատակիցներին հրահանգված է եղել պարզաբանումներ տալ:

Սակայն ողջ խնդիրն այն է, որ մաքսայինի աշխատակցի բանավոր պարզաբանումը որեւէ կերպ չի ցրում անորոշութունը: Այսինքն՝ մարդիկ իրենց հետաքրքրող ամեն մի մանրուքի համար չպիտի գնան մաքսային եւ պարզաբանում խնդրեն: Մյուս կողմից, եթե բանավոր տրված պարզաբանման հիման վրա գործարարը քայլ կատարի, եւ հանկարծ պարզվի, որ սխալ է գործել ու տուգանվի, ապա դրա համար միակ պատասխանատուն գործարարն է:

Այսինքն՝ մաքսայինը ոչ թե պետք է ասի՝ եկեք կամ զանգեք, կպարզաբանենք, այլ պետք է մատնացույց անի այն պաշտոնական աղբյուրները, որտեղից գործարարները կարող են վերցնել նոր` հունվարի 2-ից ուժի մեջ մտած իրավական ակտերը, որոնց հիման վրա նրանք կարող են իրականացնել իրենց գործունեությունը: Գործարարը պետք է ձեռքի տակ ունենա այն իրավական ակտը, որի հիման վրա ինքը մաքսատուրք պետք է վճարի կամ չվճարի:

Հայաստանի տնտեսությունում առանց այդ էլ անորոշ վիճակ է ստեղծվել՝ դոլարի փոխարժեքի տատանումների պատճառով , առավելապես բացասական սպասումներով պայմանավորված: ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված փոփոխությունների՝ մինչ օրս մինչեւ վերջ պարզաբանված եւ հրապարակված չլինելու արդյունքում այդ անորոշությունն ավելի է խորանում: Արդյունքում՝ կասկածից վեր է, որ այս տարվա առաջին եռամսյակը Հայաստանի տնտեսության համար կորսված ժամանակահատված է լինելու, իսկ թե դա ինչ ազդեցություն կունենա ընդհանուր տնտեսության վրա, առավել ակնհայտ կլինի գարնանը:

Վահագն Հովակիմյան




Լրահոս